Հայաստան-Ադրբեջան երկկողմ ապրանքաշրջանառությունը

2586

Տարիներ առաջ Հայաստանի և Արցախի խանութներում կարելի էր հանդիպել ադրբեջանական արտադրության թեյի՝ Ազերչայի: Այն Ադրբեջանից Հայաստան էր հասնում Վրաստանի տարածքով: Ադրբեջանական լրատվամիջոցները մի քանի անգամ գրել են, որ առգրավվել է Վրաստանի տարածքով երկիր ներմուծված հայկական արտադրության ապրանք և ոչնչացվել:

Վերջին մեկ տարում ադրբեջանական մանաթի կրկնակի արժեզրկման պատճառով տեղական արտադրությունը դարձել է մրցունակ Վրաստանում, ինչը նշանակում է, որ կա հավանականություն, որ, իհարկե, ոչ մեծ քանակներով, ադրբեջանական որոշ ապրանքներ հայտնվեն Հայաստանում մանր առևտրականների և ճամփորդող քաղաքացիների միջոցով:

Խոսքը միայն Հայաստան մտնող ադրբեջանական նուռի մասին չէ: Այն կարելի է գնել Թբիլիսիից մինչև սահմանային Բագրատաշեն ձգվող ավտոճանապարհի երկայնքով գտնվող բազմաթիվ տաղավարներից, որտեղ հիմնականում վաճառվում են մրգեր: Ի տարբերություն թուրքական նուռի, որը պիտակավորված վաճառվում էր Ազգային ժողովի պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Սիթի սուպերմարկետներում, ադրբեջանական նուռը պիտակավորված չէ, սակայն վաճառող վրացիները, հայերն ու ադրբեջանցիները (Վրաստանի քաղաքացի) գնորդներին միշտ առաջարկում են ադրբեջանական՝ իրենց խոսքերով՝ Գյանջայի նուռ, որը թուրքականից էժան է և արտաքինից տարբերվում է:

Հայաստանի Ազգային վիճակագրական վարչությունը իր պաշտոնական կայքի Արտաքին առևտրի տվյալների բազա բաժնում առանձին կետով ներկայացնում է նաև Հայաստանի և Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը:

Այսպես, 2015-ին Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 100 դոլարի ապրանք: Ադրբեջանից Հայաստան ապրանք չի ներմուծվել:

2014-ին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 600 դոլարի ապրանք, իսկ Հայաստանից Ադրբեջան ապրանք չի մտել:

2013-ին կրկին միայն Ադրբեջանից է Հայաստան ներմուծվել ապրանք՝ 3.800 դոլար ընդհանուր արժեքով:

2012, ինչպես նաև 2006-2010 թվականներին, երկկողմ առևտուր չի եղել: 2011-ին Ադրբեջանից Հայաստան է ներկրվել 8.500 դոլար ընդհանուր արժողությամբ ապրանք:

2005-ին Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 200 դոլարի ապրանք, ներմուծվել՝ 1.600 դոլարի:

2004-ին Ադրբեջանից Հայաստան է ներկրվել 500 դոլարի, իսկ 2003-ին՝ 13.400 դոլարի ապրանք:

1999-2002 թվականներին, ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական վարչության տվյալների, երկկողմ ապրանքաշրջանառություն չի եղել:

1998-ին Ադրբեջանից Հայաստան է ներկրվել 1.500 դոլարի, իսկ 1997-ին՝ 62.700 դոլարի ապրանք:

1991-1996 թվականներին, ըստ վիճակագրական տվյալների բազայի, հայ-ադրբեջանական առևտուր չի եղել:

Ինչպես նշեցինք, Հայաստան-Ադրբեջան ապրանքաշրջանառությունը կատարվում է երրորդ երկրի, հիմնականում Վրաստանի տարածքով:

Իրականության մեջ, Հայաստան-Ադրբեջան ապրանքաշրջանառությունը ավելին է, քան ներկայացնում են պաշտոնական թվերը: Հատկապես 1991-1998 թվականներին, երբ Բագրատաշեն-Սադախլո առևտուր էր կատարվում Դեբեդի հայտնի կամրջի վրա և նրա երկու կողմերում, Հայաստանից գյուղտնտեսական ապրանքներ էին հասնում Ադրբեջան, այդ թվում՝ կատրոֆիլ, գազար, կաղամբ: Այդ տարիներին, Ադրբեջանի խանութներում, անշուշտ, ոչ բացահայտ, վաճառվել է նաև հայկական կոնյակ: Նույն Վրաստանի տարածքով Հայաստան էին հասնում ադրբեջանական ապրանքներ, այդ թվում՝ բենզին և դիզելային վառելիք:

2003 թվականին Նոյեմբերյան քաղաքի առևտրի կետերից մեկում վաճառվում էր Գյանջայի գործարանում արտադրված ալյուր:

Թաթուլ Հակոբյան, ՍիվիլՆեթ

Կարդալ նաև՝

Հայաստանում տպագրված գրքերը` «էքստրեմիստական գրականություն»