Իրանի նախագահ Հասան Ռոհանին չբարձրացավ Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր

2251

Հայոց ցեղասպանության հուշահամալիր չեն այցելել նաև Երևան ժամանած Մահմուդ Ահմադինեժադը, Աբդուլլահ Գյուլը և Բաշար Ասադը

Դեկտեմբերի 21-ին մեկօրյա պաշտոնական այցով Երևան ժամանած Իրանի նախագահ Հասան Ռոհանին չի այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, ծաղիկներ չի թողել անմար կրակի մոտ:

Իրանի նախագահի պաշտոնական ծրագրում Ծիծեռնակաբերդ այցելություն նախատեսված չի եղել, թեև Հայաստանի պետական արարողակարգը ենթադրում է, որ պաշտոնական այցով Երևան ժամանած պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ կամ ծաղկեպսակ են թողնում հուշահամալիրում, շրջում թանգարանում, ծառ տնկում:

Ռոհանիի մեկօրյա այցը հագեցած էր, սակայն ցանկության դեպքում ժամանակ հնարավոր էր գտնել և այցելել Ծիծեռնակաբերդ:

Պետք է նշենք, որ հարևան Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկու անգամ՝ 2007-ի հոկտեմբերին և 2011-ի դեկտեմբերին այցելել է Հայաստան, սակայն երկու դեպքում էլ խուսափել է Ծիծեռնակաբերդ այցելությունից: Ընդ որում, 2007-ի այցելության ժամանակ պաշտոնական ծրագրում նշված էր նաև Ծիծեռնակաբերդը:

Իրան մեկ այլ նախկին նախագահ՝ Մոհամմադ Խաթամին, 2004-ի սեպտեմբերին այցելել է Հայաստան և ծաղկեպսակ թողել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Խաթամին Ծիծեռնակաբերդում
Խաթամին Ծիծեռնակաբերդում

Ռոհանիից և Ահմադինեժադից բացի ևս երկու նախագահներ, լինելով Երևանում, չեն այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

2009-ի հունիսին պաշտոնական այցով Հայաստանում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ տիկնոջ հետ: Ասադը անտեսեց Հայաստանի արարողակարգը, քանի որ այդ օրերին թուրք-սիրիական հարաբերությունները գագաթնակետին էին, և Ասադը չէր կարող նեղացնել իր թուրք բարեկամներին՝ Աբդուլլահ Գյուլին ու Ռեջեփ Թայյիփ Էրդողանին:

Եվ վերջապես չորրորդ նախագահը, ով եղել է Երևանում, բայց չի բարձրացել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Թուրքիայի նախկին ղեկավար Աբդուլլահ Գյուլն է: Վերջինս 2008-ի սեպտեմբերին Հայաստանում էր ոչ պաշտոնական այցով, եկել էր Սերժ Սարգսյանի հետ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու և Երևանում մնաց 5-6 ժամ:

Հայտնի չէ՝ արդյոք հայկական կողմը Գյուլին առաջարկել է՞ բարձրանալ Ծիծեռնակաբերդ: Ուշագրավն այն է, որ հետագայում, երբ արդեն հայ-թուրքական հարաբերությունները բարդացան, հայկական կողմը նոր նախագահ Էրդողանին հատուկ նամակով հրավիրեց Երևան՝ 2015-ի Ապրիլ 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ: Սերժ Սարգսյանը հրավերը անձամբ Էրդողանին փոխանցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին գործուղեց Անկարա:

Թաթուլ Հակոբյան

ՍիվիլՆեթ

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 21-ի առավոտյան Զվարթնոց օդանավակայանում սպասում են Հասան Ռոհանիի ինքնաթիռին