2016-ի առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 260 հազար իրանցի զբոսաշրջիկ. Սարգսյան

1787

Սերժ Սարգսյանը Հայաստան-Իրան գործարար համաժողովի փակման արարողությանը, որին ներկա է եղել նաև Հասան Ռոհանին, ասել է, որ 2016-ի առաջին վեց ամիսներին Հայաստան է այցելել 260 հազար իրանցի զբոսաշրջիկ:

«Այսօր ես պարոն նախագահին խնդրեցի խրախուսել տարբեր ոլորտների խոշոր գործարարներին՝ գալու Հայաստան և այստեղ գործ դնելու, ինքս էլ խոստանալով, որ կխրախուսեմ հայ գործարարներին՝ նույնն անել Իրանում: Այստեղ ես անձնական հսկողության տակ կվերցնեմ այն բոլոր գործերը, որ իրանցի խոշոր գործարարները կդնեն Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Հայաստանը, որպես Իրանին սահմանակից և բարեկամ երկիր, նաև դարպաս և լրացուցիչ տրանսպորտային միջանցք է դեպի ԵՄ և ԱՊՀ երկրներ. «Այս առումով կարևորում եմ այսօր իրականացման փուլում գտնվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի նշանակությունը՝ որպես Պարսից ծոցի նավահանգիստները Սև ծովի նավահանգիստներին կապող ամենակարճ տարանցիկ երթուղի»:

Սարգսյանը ընդգծել է, որ Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև բանակցային գործընթացին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ հասնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրմանը:

Սարգսյանը նկատել է, որ «երկու երկրների տնտեսավարողների համար շարունակում են բավականին բարդ թվալ բիզնես գործունեության և ներդրումային կանոնակարգումները: Լուծման սպասող խնդիրներից կառանձնացնեի նաև Հայաստանից Իրան և Իրանից Հայաստան ապրանքների ներմուծման ընթացակարգերի պարզեցման, Սյունիքի մարզում՝ Իրանին սահմանամերձ գոտում ստեղծվող ազատ տնտեսական գոտու և իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտու միջև համագործակցության հարցերը»։

«Այսօր պարոն նախագահը հետաքրքրվում էր, թե այս տարի ինչպիսի՞ դինամիկա կա տուրիզմի աճի կամ նվազման առումով, և ես նրան ասացի, որ առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստան են այցելել 260 հազար իրանցի զբոսաշրջիկներ, այն դեպքում, երբ ամբողջ անցյալ տարի դրա գրեթե կեսն էր այցելել»,-ասել է Սերժ Սարգսյանը: