«Անի» ՀԿ-ի անվան տակ գումար են շորթում. «Հրապարակ»

1645

Երեւանում խարդախների մի խումբ է հայտնվել, որոնք զանգում են բնակիչներին եւ բարեգործական նպատակներով գումար են խնդրում՝ իբր էպիլեպսիայով տառապող հիվանդի համար։

Նրանք այլ նպատակներ էլ են նշում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու, վիրահատության համար եւ այլն։ Երիտասարդները ներկայանում են որպես «Անի» հասարակական կազմակերպության անդամներ, ստանում են 500-700 դրամ վճարելու մասին մարդկանց համաձայնությունը, որից հետո ճշտում են հասցեներն ու ներկայանում տուն՝ գումարը վերցնելու։

«Իրենք ասում էին՝ էպիլեպսիայով հիվանդ երեխա կա Արեշում, որ իրենք նրա ընտանիքի համար փող են հավաքում, խնդրում-աղաչում են, որ հասցեն մեր ասենք, իրենք մոտենան, գան փողն ստանան։ Բայց մենք փաստաթղթեր պահանջեցինք, ոչ մի թուղթ էլ չներկայացրին, որ իրենք այդ կազմակերպությունից են»,- հայտնեց մեզ Ռուզաննա Ս.-ն՝ Երեւանից։

«Անի» անունով ՀԿ Հայաստանում գրանցված չէ։

Բայց գոյություն ունի «Անի» հիմնադրամ, որի համակարգողը մեր գործընկեր Թաթուլ Հակոբյանն է։

Վերջինս ասաց, որ ինքն էլ է ահազանգեր ստանում քաղաքացիներից, որոնք փորձում են ճշտել, թե արդյոք իրենց զանգահարողներն «Անիի» աշխատողնե՞ր են. «Կան մարդիկ, որ վճարել են այդ գումարներն ու ասում են՝ ի՞նչ անել, բայց երբ ասում եմ, որ պետք է դիմեն քննչական մարմիններին, հրաժարվում են, ասում են՝ չենք ուզում մարդկանց վատություն անել»։

Ի գիտություն մոլորյալների, Թաթուլ Հակոբյանն ստիպված է եղել հիմնադրամի կայքում հայտարարություն տեղադրել այն մասին, որ «Անի» կենտրոնը չի զբաղվում բարեգործությամբ, որ իր գործունեության 2 տարիների ընթացքում բացառապես զբաղվում է հայկական ուսումնասիրություններով, 500 կամ որեւէ այլ գումար քաղաքացիներից չի հանգանակում:

«Մեր կենտրոնին անգամ 1 դոլար տրամադրող քաղաքացիների եւ կազմակերպությունների անունները դրված են «Անի»ի կայքում»,- ասված է հայտարարության մեջ։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Կարդալ նաև՝

Contact US