Արեգնադեմ գյուղի բնակչությունը 1886-1931 թվերին և խորհրդային տարիներին. Ամասիայի շրջան

3390

Արեգնադեմ գյուղը գտնվում է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, վարչականորեն մտնում է Ամասիա համայնքի մեջ:

Նախկինում ունեցել է Ղարաչանթա անունը, 1939 թվականի մայիսի 4-ին վերանվանվել է Ազիզբեկով, իսկ 1991-ին՝ Արեգնադեմ:

Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության համաձայն՝ 1886 թվականին Ղարաչանթան ունեցել է 348 բնակիչ: Ավելի վաղ մարդահամարներում՝ 1831 և 1873, այս գյուղի բնակչության թվաքանակի մասին տեղեկություններ չկան:

Ղարաչանթան Աղբաբայի շրջանի կազմում եղել է Կարսի մարզում: Կարսի մարզը Ռուսաստանին է միացվել 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո: 1919թ. ապրիլից մինչև 1920թ. հոկտեմբեր Կարսի մարզը եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության մաս: Երբ 1920-21 թթ. Կարսի մարզը անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը մնաց Խորհրդային Հայաստանի մաս:

1897 թվականի ցարական Ռուսաստանի մարդահամարի համաձայն՝ Ղարաչանթան ուներ 440 բնակիչ, բոլորը՝ իսլամ:

1908 և 1914 թվականների մարդահամարների համաձայն՝ գյուղն ունեցել է 665 և 729 բնակիչ, բոլորը՝ կարափափախ:

1922-ին Ղարաչանթան ունեցել է 562 բնակիչ, որից 15-ը՝ հայ, 547-ը՝ թրքո-թաթար:

1926 թվականին անցկացված Խորհրդային Միության առաջին մարդահամարի համաձայն, Ղարաչանթան ուներ 695 բնակիչ, որից 25-ը՝ հայ, 670-ը՝ կարափափախ:

Զավեն Կորկոտյանը իր գրքում ներկայացնում է նաև 1931 թվականի տվյալներ, ըստ որի Ղարաչանթան ուներ 692 բնակիչ, որից 4-ը՝ հայ, 688-ը՝ թուրքական խումբ:

Քանի որ մարդահամարների մեթոդաբանությունը վերոնշյալ մարդահամարների կամ հաշվառումների ժամանակ տարբեր է եղել, այդ պատճառով՝ Ղարաչանթա գյուղի բնակչության հիմնական ազգային խմբի համար օգտագործվում է մի քանի բնորոշում՝ իսլամ, կարափափախ, թրքո-թաթար, թուրքական խումբ:

Խորհրդային Միության հաջորդ՝ 1939, 1959, 1970, 1979 և 1989 թվականների մարդահամարների ժամանակ արդեն օգտագործվել է ադրբեջանցի անունը: Հենց 1939-ին Ղարաչանթան, ի պատիվ 26 կոմիսարներից մեկի, վերանվանվեց Ազիզբեկով:

Խորհրդային Հայաստանում բնակվող մուսուլմանները, այդ թվում՝ կարափափախները, դասակարգվեցին ադրբեջանցի ընդհանուր անվան տակ: 1922-ին Խորհրդային Հայաստանում կային մեկ տասնյակից ավելի պարսկական, ավելի ճիշտ՝ թաթական գյուղեր, որոնք նույնպես դարձան ադրբեջանական: Դրանցից ամենահայտնին Մեղրու շրջանի Նյուվադին էր՝ Արաքսի ափին:

Իսկ ովքեր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

1939 թվականի ԽՍՀՄ մարդահամարի տվյալներով՝ Ազիզբեկով վերանվանված Ղարաչանթայում բնակվում էր 774 հոգի, 1959-ին՝ 803, 1970-ին՝ 1442, 1979-ին՝ 1490, իսկ Խորհրդային Միության վերջին՝ 1989թ. տվյալներով՝ 128 հոգի:

Խորհրդային Հայաստանից ադրբեջանցիները հեռացան հիմնականում 1988-ի վերջերին:

Ղարաչանթան, որը 1991-ին վերանվանվեց Արեգնադեմ, այսօր, ըստ Շիրակի մարզպետարանի կայքի տվյալների, ունի շուրջ 100 ընտանիք և 488 բնակիչ:

Արեգնադեմը Ամասիա համայնքից, որի մաս է կազմում է, հեռու է 3 կիլոմետր, մարզկենտրոն Գյումրիից՝ 24 կմ. իսկ Երևանից՝ 141 կմ: Թուրքիայի հետ սահմանից հեռու է 11 կմ: Գտնվում է ծովի մակերևույթից 1890 մետր բարձրության վրա:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

Լուսանկարում՝ տեսարան Ամասիայից

Կարդալ և դիտել նաև՝

Ամասիա (Աղբաբա). Կարսի մարզից միակ կտորը, որ մնաց Հայաստանին