Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի տապալումը գործի կեսն է

1179

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման եթերում ասել է, թե միավորում հասկացությունը ինչ-որ չափով արհեստական է, որովհետև հնարավոր չէ միավորվել մարդկանց հետ, «ովքեր որ սպասարկում են Սերժ Սարգսյանին և տարիներ շարունակ նաև սպասարկել են»:

«Եթե ոմանք նրան չեն սպասարկել անմիջականորեն, ապա սպասարկել են այս 25 տարիների համակարգը… Առաջինը՝ ո՞ւմ հետ ենք մենք միավորվում և միավորվում ենք ինչի՞ համար: Իհարկե, տապալումը Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության մեր համար գործիք է, որպեսզի հասնենք մեր նպատակին՝ հիմնադրենք այնպիսի հանրապետություն, որը ծառայի մեզ բոլորիս և մասնավորապես ողջ հայ ժողովրդին, այսինքն՝ հայ ժողովրդի նպատակները իրականություն դարձնի: Մեր նպատակը հիմնականում դա է՝ այնպիսի համակարգ ներդնել, որը սպասարկի բոլորիս շահերը»,- ասել է Փոստանջյանը:

«Եթե մարդիկ կան, ովքեր ասում են, որ Սերժ Սարգսյանի միայն տապալումն է մեր խնդիրը, և դա է մեր ընդդիմությունը, այսօրվա մեր ընդդիմախոսությունը, ես դրա հետ միայն համամիտ չեմ»,- ավելացրել է նա:

«Ողջ աշխարհով մեկ մենք ունենք հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր լինելով քաղաքացի՝ բայց ապրում են օտար երկրներում, և նրանք ինչ-որ չափով լինելով անվերահսկելի այսօրվա գործող այս իշխանությունների կողմից՝ պետք է մասնակցություն ունենան մեր քաղաքական կյանքին: Մենք պետք է այս բոլոր մարդկանց կազմակերպենք, մեր այդ տաղանդը, հմտությունը և շնորհքը այստեղ պետք է մենք ցուցադրենք»,- ասել է Փոստանջյանը: