Երևանը արձագանքում է Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություններին

1114

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին

05.12.2016

Հարց. Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում վերջինս տարածքային պահանջներ է ներկայանցում ՀՀ նկատմամբ:

Պատասխան. Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձևով ապացուցում է, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար:

Իլհամ Ալիև. «Մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ո՛չ Երևանը, ո՛չ Մեղրին, ո՛չ Գորիսը»

Իլհամ Ալիևը դեկտեմբերի 3-ին Ադրբեջան-Արցախ շփման գծին մոտ գտնվող Թարթար քաղաքում հայտարարել է. «Այսօր մենք չենք հավակնում Հայաստանի ներկա տարածքներին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ո’չ Երևանը, ո’չ Մեղրին, ո’չ Գորիսը: Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը, և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադառնանք մեր պատմական հողերը»:

Ալիևը, ինչպես նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասել է, որ այսօր աշխարհում «միջազգային իրավունք» հասկացություն գոյություն չունի:

«Այսօր հիմնական գործոնը ուժն է: Մենք ապրում ենք իրական աշխարհում: Ահա թե ինչու, մենք պետք է ավելի ուժեղանանք, ստեղծենք ավելի ուժեղ բանակ… Մի քանի տարի հետո Ադրբեջանի բնակչությունը կհասնի 10 միլիոնի»,- ասել է Ալիևը: