Ծառուկյանը վերադառնում է, բայց ոչ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության արդյունքում

1045

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն՝ «մեր երկրում լրջագույն փոփոխություններ իրականացնելու համար»:

«Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է, ինչ ձևաչափով, ինչ ֆորմատով՝ շատ կարճ ժամանակում էդ ամենը պարզ կլինի»,- ասել է Զոհրաբյանը` հերքելով, թե Ծառուկյանը իր վերադարձը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ:

Դեկտեմբերի 3-ի երեկոյան շուրջ 5000 քաղաքացիներ հավաքվել են Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի տան մոտ և խնդրել-հորդորել-պահանջել, որ նա վերադառնա քաղաքականություն։ Ժողովրդի հետ են եղել նաև Ազգային Ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը և այլ պատգամավորներ։ Ժողովուրդը վանկարկել է «Ծառուկյան, վերադարձի՛ր, Ծառուկյան, վերադարձի՛ր», ինչին Ծառուկյանը պատասխանել է, որ 1-2 օրերի ընթացքում ժողովրդի հարցին ինքը կպատասխանի՝ խոստանալով, որ ժողովրդին միայնակ չի թողնի։

Այսօր ավելի վաղ տեղի էր ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստը, որը քննարկել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցն ու ընդունել հայտարարություն։

«ԲՀԿ քաղաքական խորհուրդը, մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից, դիմում է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ  Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու եւ մեծ համախմբմամբ, միասնական ջանքով ու ժողովրդի աջակցությամբ մեր երկրի առջեւ ծառացած  խնդիրները լուծելու հարցը»,- ասված է ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարության մեջ:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն պետք է համաձայնեցված լինի, կամ գոնե իշխանությունները պետք է դեմ չլինեն դրան. «Ընդհանրապես, այդ խնդրանքները, որ ազգովի խնդրում են, որ ինչ-որ մեկը վերադառնա, ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասում, հետո 98-ին Դեմիրճյանին էին խնդրում, որ վերադառնա: Այդ խնդրելը հենց այնպես չի լինում: Երբեք ժողովուրդը հանկարծ չի գնում ինչ-որ մեկին խնդրում, այդ խնդրելը կազմակերպվում է: Ես վստահ եմ, այսօրվա ԲՀԿ-ի նիստի խնդրանքը կազմակերպված է եղել: Հետո պիտի ասեն՝ դե որ խնդրում են, հո ես ժողովրդին անտեր չե՞մ թողնելու»:

Իշխանյանի խոսքերով՝ իշխանությունը համաձայնվել է, որ Ծառուկյանը վերադառնա, որովհետեւ նա արդեն կառավարելի է. «Շատ ավելի ձեռնտու ոչ իշխանական ուժ է, քան ռադիկալ քաղաքական ուժերը: Որ ժողովուրդը նրա հետեւից կգնա եւ նրան ձայն կտա, ես դրանում կասկած չունեմ: Տվյալ դեպքում նա կատարելու է 98-ի Կարեն Դեմիրճյանի դերը: Կարեն Դեմիրճյանն էլ իշխանության կողմից էր հրավիրված, որ ընդդիմությանը խոչընդոտի պայքարի, նպաստի իշխանության վերարտադրմանը»:

«Բարգավաճ Հայաստան»-ի հիմնադիր և տասը տարիների անփոփոխ առաջնորդ Ծառուկյանը, ով Հայաստանի մեծահարուստներից է, քաղաքականությունից ստիպողական պայմանավորվածությամբ հեռացավ Սերժ Սարգսյանի հետ ունեցած առճակատումից հետո:

2015-ի փետրվարին Ծառուկյանը կազմակերպեց մի համաժողով, որի ընթացքում հայտարարեց, թե առաջիկայում սկսելու է փողոցային պայքար, իշխանություններին ստիպելու է հրաժարվել նեղ խմբակային շահերից՝ սահմանադրական փոփոխություններից, հակառակ դեպքում կպարտադրվեն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Սարգսյանի արձագանքը կոշտ էր և կտրուկ: Նա Ծառուկյանին զրկեց Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, իսկ մինչ հրամանագրի ստորագրումը Սարգսյանը ելույթ ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստում և ծանր մեղադրանքներ հնչեցրեց իր և իր գլխավորած կուսակցության տարիների գործընկեր Ծառուկյանի հասցեին՝ նրան անվանելով «չարիք և կեղծ քաղաքական երևույթ»:

Սարգսյանը սպառնաց, որ Ծառուկյանը կարող է զրկվել պատգամավորական մանդատից, իսկ այդ օրերի վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Ծառուկյանի խնամիին, հորդորեց ստուգել Ծառուկյանի՝ «գողացված միլիարդները» բարեգործության անվան տակ քողարկելու, պետական բյուջե չմուծված միլիարդավոր դրամի հարկերից խուսափելու, քրեական հանցագործությունները քողարկելու մասին շրջանառվող լուրերի իսկությունը։

Ծառուկյանի պատասխանը կոշտ էր ու համարժեք: ԲՀԿ քաղխորհուրդը տարածեց նրա ելույթի տեքստը: Ծառուկյանը հայտարարում էր, որ ստեղծված ներքաղաքական լարվածությունը ունի մեկ հանգուցալուծում՝ նախագահական արտահերթ ընտրություններ և իշխանափոխություն: Ծառուկյանը համազգային համախմբման կոչ արեց՝ հասնելու Սարգսյանի պաշտոնանկությանը՝ «ազատվելու չարիքի իշխանությունից»: Նա հայտարարեց, որ գործող իշխանություններին հեռացնելով պետք է փակել հայոց պատմության «անփառունակ և ամոթալի էջը»։

Ծառուկյանը պնդեց, որ Սարգսյանն իր դեմ պատերազմ է սկսել, քանի որ ինքը դեմ է եղել սահմանադրական փոփոխություններին, որոնցով իրականացվելու էր իշխանության վերարտադրությունը:

Սարգսյան-Ծառուկյան առճակատումը հանգուցալուծվեց նրանց հանդիպումով, որը, ըստ մամուլի, տեղի ունեցավ Հովիկ Աբրահամյանի ապարանքում՝ ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջնորդությամբ: Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ կողմերը պայմանավորվել են հետևյալի շուրջ՝ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդի պաշտոնից, որի դիմաց իշխանությունները երաշխավորում են նրա և նրա բիզնեսի ապահովությունը: Ծառուկյանը ԲՀԿ արտահերթ համագումարում հայտարարեց, որ ինքը որոշում է կայացրել այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

Երբ Ծառուկյանը ստիպողաբար հեռացավ քաղաքականությունից, որոշ ժամանակ անց նրա և Սարգսյանի հարաբերությունները կարգավորվեցին: 2015-ի սեպտեմբերին Ծառուկյանը Սարգսյանի կողմից պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով»: