«Ժառանգություն»-ը ցանկանում է միավորել ընդդիմադիր դաշտը

888

«Ժառանգություն» կուսակցությունում չեն բացառում խորհրդարանի առաջիկա ընտրությանը դաշինքով մասնակցելու հնարավորությունը։ Այսօր՝ նոյեմբերի 19-ին հրավիրված քաղաքական խորհրդի նիստի ժամանակ, սակայն, կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հավաստմամբ, կոնկրետ քաղաքական ուժերի անուններ չեն շոշափվել, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։

Մարտիրոսյանն ասել է, որ ընդհանուր հարցեր են քննարկել․ «Այսինքն՝ ինչ իրավիճակ է, ինչ քայլեր կարող է կուսակցությունը կատարել, հավանական թեկնածուներ, ում հետ կարող ենք գործակցել»։

Նրա կարծիքով՝ այս փուլում անուններ հնչեցնելը կարող է խնդիրներ առաջացնել ընդդիմադիր կուսակցությունների հետ բանակցությունների ժամանակ. «Կարող ենք ասել ում հետ չենք համագործակցի՝ Հանրապետական կուսակցության, էլի կան ուժեր, ում անունները չեմ ուզում տալ, ում հետ, կարծում ենք, նպատակահարմար չէ»։

Մարտիրոսյանը ասել է, որ կուսակցությունում ցանկություն կա ընդդիմադիր դաշտը միավորելու և իշխանության դեմ միասնական պայքարելու համար։