«Հայ Ազգի փրկութիւնը «Իտտիհատ»ից պիտի գայ»

2226

ՀԱՅ ԷՖԷՆԴԻՆԵՐԸ ԵՒ ՊԱՇՏՕՆԱՏԱՐՆԵՐԸ. – Գիտակից, ողջամիտ Հայութեան նախատինքի մրուրը, դիրտը եղող, Հայ՝ էֆէնդիական, թուրք պետական պաշտօնէութիւնը կազմող դասակարգը, է՛ն փճացածը, է՛ն ապականուածը իր ամբողջ էութեամբ,- պատմական այն օրերի մէջ, երբ  հոսանքներ էին ստեղծւում, եղածները ամրապնդւում, որոշ ուղղութիւն առնում եւ թումբերի մէջ մտնում. նա՝ շատ քիչ բացառութեամբ՝ միահամուռ կերպով զօրավիգ եղաւ, ուժ տուեց «Իտտիհատ»ին, նրա շարքերը խտացրեց, դարձաւ նրա գործիքը, լրտեսը, նրա տարածուն  ազդակը, ներքին թշնամին՝ մեզ դէմ կռուելու, մեր ճիգերը անդամալուծելու, մեզ ջղակոտոր անելու: Իր պաշտօնով եւ դիրքով՝ հայ ժողովրդական, ազգային, տեղական գործերի վրայ ծանրացած լինելով՝  նա թուրք «Իտտիհատ»ականից աւելի թունդ «Իտտիհատ»ական դարձաւ եւ ամենավնասակար դերը կատարեց: Եւ սա ընկերային մի որոշ շերտավորումն էր, որ իր ուղեղը, կուրծքը, հոգին, մարդկային կարողոութիւնները, իր բոլոր խաղացումների մէջ՝ վարձու էր տուել թուրք կառավարութեան: Ահա՛ պատասխանատու մարդիկ. նրանք ա՛յս  դասակարգի մէջ փնտռելու է:

«Այլեւս մեր մէջ՝ Հայ Կուսակցութիւների գոյութիւնը բոլորովին աւելորդ է. քանի որ «Իտտիհատ»ը «Սահմանադրութիւն» բերեց, Հայ Ազգը ամբողջապէս, մենք բոլորս նրա շուրջ  պիտի բոլորուենք եւ ամէնքս էլ նրան, միայն նրան ուժ տանք. ինչ որ պէտք է, նա կ’անէ մեզ համար, աւելի լաւ՝ քան Հայ կուսակցութիւնները»: Այս եղաւ, մօտաւորապէս, ճառի ամփոփումը մի ականաւոր էֆէնդու, որի անունը չենք տալիս ո՛չ թէ խնայելու համար, այլ որովհետեւ այժմս իր երբեմնի պաշտած, «Իտտիհատ»ի ճիրանների մէջն է սեղմուած, որ արտասանեց Հայ Ազգային Ժողովի՝ նախապատրաստական նիստերից մէկի մէջ, դեռ 1908ի վերջերը: Սրանք կուլ տալ, մարսել, մոռանալ չի կարելի: Դատարաների առաջ քաշուելիքներ կան այստեղ:

«Հակառակելը «Իտտիհատ»ին, դէմ կռուելը՝ Սուլթան Համիդին օգնել ասել է: «Իտտիհատ»ին  վերցնենք՝ մէջտեղը ի՞նչ դնենք. նրան պաշտպանելը, ուժեղացնելը՝ մեր ազգային եւ քաղաքացիական պարտականութիւնը պիտի լինի: Նրա լուսամիտ անդամների, մանաւանդ ձախակողմեանների (Թալաթ,  Էնվէր, Ջաւիտ…) վրայ, մենք շատ մեծ վստահութիւն ունինք, մեր  ազգային բաղձանքներին հասնելու տեսակէտով»: Ահա թէզը, որ եռանդագին կերպով  պաշտպանում էր Ս. էֆէնդին, 1908-ից սկսած: Եւ այդ մարդը որոշեալ  հոսանքի ներկայացուցիչ, արտայայտիչ էր. ունէր հետեւողների շատ խոշոր թիւ, պետական  բարձրաստիճան պաշտօնեայ, դատաւոր, Հայ  Ազգային Ժողովի  ամենակարկառուն դէմքերից, վարիչ ուժերից  մէկն էր:

«Հայ Ազգը մեղաւոր է «Իտտիհատ»ին պէտք եղած ուժը չտալուն համար. մեր փրկութիւնը նրանից պիտի գայ: Եթէ ցարդ չկարողացանք մեր հողային հարցը վճռել տալ եւ Հայաստանի մէջ անդորրութիւնը հաստատել, բռնագրաւումները վերացնել,- միակ պատճառն այն է, որ մենք  մասնաւոր ջանք չթափեցինք «Իտտիհատ»ին աւելի  ուժեղացնելու. նրա զօրացումովը, կառավարութեան սանձը միշտ նրա ձեռքի մէջ մնալովն է, որ մենք ամէն բաւականութիւն պիտի ստանանք: Այն հայ կուսակցութիւնը, որ «Իտտիհատ»ին հակառակում, նրա դէմ է կռւում, նրան քուէ չի տալիս (ակնարկը դէպի Ս. Դ. Հնչակեան Կուսակցութիւնն էր), նա Հայութեան թշնամի է, Հայ Ազգի շահերի դէմ է գործում. նա պառակտիչ է»: – Այսպէս էր տրամաբանում Ա. Էֆէնդին, 1912-ին անգամ, Եսայեան դպրոցում կայացած հաւաքոյթի մէջ: Նրա եւ իր նման հարիւրաւորների մղիչ գաղափարներն էին 1908-ից ի վեր: Դա, այդ դիրքը, նրանք բղխեցնում էին իրենց դասակարգային, անձնական շահերի հոսանքից, ու վտանգաւոր, քննադատելի ոչի՛նչ չէին տեսնում, նոյնիսկ Ազգային տեսակէտից:

«Քանի որ բոլորս էլ Օսմանցիներ ենք եւ Օսմանցիութեան մարմնացումը «Իտտիհատ»ն է, ուրեմն մենք նրան, միայն պիտի հետեւինք»: Գատըգիւղցի նշանաւոր տեսաբան՝ Ն. Էֆենդու յանդերգն էր սա:

«Ամբողջ Հայ Ազգը մէկ քաղաքականութիւն ունի,- նա «Իտտիհատ»ի հետն է»: Սա ո՛չ թէ միայն «Իտտիհատ»ական հայերի, այլ արտա-»Իտտիհատ»ական շատ մտաւորականների էլ պաշտպանած գաղափարն էր, նոյնիսկ հրապարակապէս, Եւրոպական հրատարակութիւնների մէջ իսկ:

Սրանք նմոյշներն են այն տեսաբանների, որոնք Հայ ժողովուրդը մղում, քշում էին դէպի «Իտտիհատ»ականութիւնը: Կղզիացած, առանձնացած ոչինչ կայ այստեղ. խօսքը մի եզակի երեւոյթի մասին չէ, այլ հոգեբանութիւնը, տրամադրութիւնը մի ամբողջ դասակարգի, հարկաւ անհրաժեշտ եւ անխուսափելի բացառութեամբ, պատմական մի որոշ րոպէի մէջ:

Թերութեան, թուլութեան, անպատրաստութեան, անդարմանելի սխալների պատճառներ, պատասխանատուներ որոնելիս՝ դէպի այս կողմը պիտի նայել:

ՅՈՒՍԱԽԱ՛Բ, ՊԱՏՆԷՇԻ ՎՐԱՆ.- Էֆէնդիական, պետական պաշտօնատարների այդ բազմաճիւղ դասակարգը, անշուշտ, վա՜յ է տալիս իր գլխին, հիմա. որովհետեւ ինքն էլ չխնայուեց. ինքն էլ՝ ինչքան որ տափակցաւ, այնուամենայնիւ՝ ընդհանուր հալածանքից բաժին ստացաւ, չէ՞ մի որ հայ էր վերջապէս. եւ այդ անունն իսկ հերիք էր, որ «Իտտիհատ»ը, թուրք մոլեռանդ ազգայնականութեան այդ հնոցը, դէպի նա միշտ մնար վարանոտ, վստահութիւն չունեցող. եւ սպասէր յարմար ժամանակին՝ իր մահացու ճոկանը իջեցնելու:

Բայց, այժմս, ցաւելը, զղջալը մինակ հերիք չէ՛. այլ իր մօտիկ անցեալը, բռնած դիրքը, արարմունքները վերյիշելով, պատասխանատուութեան բաժին ստանձնո՞ւմ է, ինքն իրեն պատասխանատու բռնո՞ւմ է: Ունի՞, զգո՞ւմ է քաջութիւն, գէթ այսօր, խոնարհելու Հայ Ազատագրութեան Ս. Դրօշի առաջ եւ խոստովանելու, պախարակելու, նշաւակելու այն բոլոր ծածուկ սադրանքները, որ իր փոքրիկ ուղեղը յղանում էր՝ Հայ Յեղափոխութեան յառաջխաղացմանը արգելք, խոչընդոտ լինելու, նրա գործունէութեան, ներուժգնութեան առաջ խութեր, քարեր նետելու:

Ո՞ւր ես, ի՞նչ աղաղակներ ես արձակում, հոգիդ, իմացականութիւնդ, թուրք պետական՝ Հայ պաշտօնեայ դասակարգ: Աքսորավա՞յրն ես, բա՞նտն ես, ծովերի՞ն կեր ես դարձել, կորած կի՞նդ, զաւա՞կդ, պատի՞ւդ ես ողբում, թէ՞ մերկութիւնդ, անօթութիւնդ:

Յիշի՛ր, որ այսօրուայ հարուածողիդ բազուկը զօրացնողներից մէկն էլ դու ես եղել. յիշի՛ր, բայց այլեւս չմոռանալու պայմանով: Յիշի՛ր եւ կազդուրուիր, վերաստեղծուի՛ր, թափ տուր վրայիցդ թրքութեան փոշին, սի՛րտ առ, ամբարի՛ր պատմական ոխը, քէնը, ատելութիւնը, նախանձախնդրութիւնը,- մաքրող այդ բոցերը ուղեղիդ, հոգուդ, զգայարանքներիդ մէջ պինդ պահի՛ր եւ վստահացիր, լի ու լի վստահացիր՝ Հայի Ապագային: Այո՛, յիշիր այսօրդ, որպէսզի քո հարուածդ էլ, ապագային, իր ժամանակին, լինի ուժեղ, անխնայ եւ գայ միանայ միւս ԿԱՐՄԻՐՆԵՐԻ հետ, երբ պարտականութեան ժամը հնչէ, «Իտտիհատ»ի թուրք գլուխը վերջնականապէս կռել, կոփելու:

Տե՛ս, եւ յիշի՛ր, քո առաջ մենք այսօր էլ ա՛յն ենք, ինչ որ էինք երէ՛կ.- նո՛յն հարուածողը, միշտ միեւնոյն թշնամուց, միշտ միեւնոյն թշնամուն: Մենք մեր պատնէշի վրան էինք, այնտեղ էլ ե՛նք: Մենք շարունակում ենք մեր պատմութիւնը:

Յիշի՛ր այս, եւ այլեւս մեզ մի՛ թող, մենակ մի՛ ձգիր. եթէ դու դեռ պատիւ, մարդկային զգացմունք, առնական ջիղ ունիս. հօր, որդու սրտի տէր, Հայ անուան նախանձախնդիր ես: Մտահան մի՛ արա քո այսօրուայ կրած անհուն տառապանքներդ եւ վաղը մեզ ձեռք տուր՝ մեծ հարուածի համար:

Այդպէս արա՛, պատնէշի վրայ բարձրացի՛ր, եթէ դու արդէն որդ չես: