Իմ Հայաստանն ավելիին է արժանի․ Արսինե Խանջյանի բաց նամակը Սփյուռքին
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը բաց նամակ է հղել Սփյուռքի անհատներին և կառույցներին՝ կոչ անելով որպես դիտորդներ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանում 2017թ․ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններում և նպաստել ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։ Արսինե Խանջյանի նամակը թարգմանաբար ներկայացված է ստորև։
2016թ. հուլիսի 27-ին Երևանում ժողովրդավարական իրավունքների և սոցիալական ու քաղաքական բարեփոխումների համար ցույցի ընթացքում ես բերման ենթարկվեցի: Այս կամայական, չարդարացված ձերբակալությունը ինձ ստիպեց գիտակցել, որ որպես դերասան և իրավապաշտպան՝ իմ պարտավորությունն է բարձրաձայնել այն հարցերը, որոնք կարևոր են Հայաստան հայրենիքում կայունության, միասնության և հարատև կենսունակության տեսանկյունից: Ես նաև հասկացա, որ մենք ուշացել ենք հայրենիքում Սփյուռքի ներգրավվածության բնույթը վերագնահատելու հարցում:
Անկախության 25-րդ տարում Հայաստանն առերեսվում է սոցիալական, քաղաքական և տնտեսական մեծ մարտահրավերների, որոնք խոչընդոտում են հանրապետության կենսունակությունը:
Երկրի առաջ ծառացած են ահռելի ներքին խնդիրներ՝ պայմանավորված համակարգային կոռուպցիայով, նեպոտիզմով և օլիգարխիկ տնտեսությամբ, երբ իշխանությունն ու հարստությունը կենտրոնացած է մի քանի հոգու ձեռքում: Օրենքի առջև բոլորի հավասարության բացակայությունը և սոցիալական առաջընթացի սահմանափակումները՝ զուգորդված խոսքի և մտքի ազատության, ինչպես նաև քաղաքացիական ազատությունների ու իրավունքների ճնշումներով, ավելի են բարդացրել հանրապետության առանց այդ էլ անտանելի իրավիճակը:
Մտահոգիչ այլ գործոններ էլ կան, որոնք սրում են Հայաստանի ներքին և արտաքին խնդիրները: Բնական պաշարների բացակայությունը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տնտեսական շրջափակումը և թշնամական քաղաքականությունը, տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքականությունը, սահմանին «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը, որն ուղեկցվում է ղարաբաղյան կարգավորման գործընթացում շարունակական միջազգային ճնշումներով,- այս բոլորը կասեցնում են հայկական զույգ հանրապետությունների հանդեպ միջազգային հետաքրքրությունը:
Այս հանգամանքները հասցրել են գոյութենական փակուղու, երբ հանրության անվստահությունը, դժգոհությունն ու վախը՝ զուգորդված անբավարար տնտեսական և սոցիալական բարեկեցությամբ, հանգեցրել են անհնազանդության և ցասման հուսահատ գործողությունների:
Փակուղային այս իրադրությունը և 2016թ. ապրիլի սկզբին ադրբեջանական անսպասելի հարձակումը, որի արդյունքում ավելի քան հարյուր զինծառայող զոհվեց և 800 հեկտար հող կորսվեց, հանգեցրին նրան, որ 2016թ. հուլիսի 17-ին զինված մի խումբ գրավեց ոստիկանության գունդը։ Դա քաղաքական միջոցներով փոփոխության հասնելու ապարդյուն ջանքերից հետո վերջին հանգրվանն էր:
Եթե ավելի հակիրճ՝ Հայաստանի քաղաքացիները համընդհանուր թերահավատություն ունեն սեփական իշխանությունների նկատմամբ և այլևս չեն հավատում, որ իրենց երեխաներն ու թոռները կարող են պատմական հայրենիքում ունենալ կայուն և ապահով կյանք ու ապագա:
Հարյուր հազարավոր մարդիկ չեն վստահում իշխող վերնախավին և կասկածի տակ են դնում նրանց սահմանադրական լեգիտիմությունը: Ավելի քան մեկ միլիոն մարդ կամ բնակչության մեկ երրորդը ընտրել է երկրից հեռանալու տարբերակը, ինչը հանգեցրել է զանգվածային արտագաղթի և հայրենիքից լավագույն ուղեղների արտահոսքի: Որպես հետևանք՝ վտանգված է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գոյությունն ու անվտանգությունը:
Քաղաքացիներն ու քաղաքացիական կազմակերպությունները, որոնք տեղում պայքարում են անարդարությունների դեմ, ութ միլիոնանոց Սփյուռքին և նրա կառույցներին ուշադրության, մասնակցության և աջակցության կոչ են անում:
Տարիներ շարունակ Հայաստանի քաղաքացիներն ու Սփյուռքի նրանց բազմաթիվ հայրենակիցներ պահանջում են ազնիվ և հիմնարար բարեփոխումներ իրականացնել այդքան դյուրաբեկ հանրային պայմանագրում՝ իշխանության և այն ժողովրդի միջև, որին նա կոչված է ներկայացնել: Նրանք փոփոխությունների կոչ են անում՝ ամոքելու երկրի ախտերն ու անհաջողությունները, որոնք բոլորն էլ պետական ինստիտուտների՝ բոլոր մակարդակներում համակարգային չարաշահումների հետևանք են:
Հայաստանի հայրենակիցներս ինձ կրկին ու կրկին կոչ են անում, որ Սփյուռքը նույնպես պատասխանատվություն ստանձնի և ուշադրություն դարձնի այս խնդիրներին՝ իր նպաստը բերելով անհանդուրժելի և պայթյունավտանգ մթնոլորտի առողջացման նրանց ջանքերին:
Ինչպե՞ս կարող է Սփյուռքը ուղղակիորեն և արդյունավետ մասնակցել Հայաստանում սոցիալական և քաղաքական ներկապնակի դրական փոփոխություններին:
Դրա արդյունավետ ճանապարհը մարդու իրավունքների, քաղաքացիական իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությունն է: Սփյուռքի անհատների և կազմաերպությունների անկախ կամավորների պարզ քայլը կլինի այցը Հայաստան 2017թ․ գարնանը՝ խրախուսելու և վերահսկելու երկրում ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կայացումը։
Տեղում ներգրավվածությունը՝ ի աջակցություն մեր հայրենակիցների, պետք է լինի յուրաքանչյուր հայի և աշխարհում հայկական կառույցների առաջնահերթությունը՝ Հայաստանում ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ ապահովելու համար:
Բոլոր մասնակիցները պետք է լինեն անկուսակցական դիտորդներ, որոնք կմասնակցեն իրենց հաշվին և որոնց միակ շահագրգռվածությունն ու պարտավորությունը կլինի վերահսկել ընտրական գործընթացը՝ քվեատուփերի մեջ քվեաթերթիկներ գցելուց մինչև ձայների հաշվարկ և ընտրատեղամասերի փակում: Սա ուղղակի և կառուցողական ներգրավվածություն է, որը կարող է նպաստել ընտրակեղծարարության վերացմանը:
Դիտորդների դերը, որոնք աշխատելու են Հայաստանի հասարակական կազմակերպությունների, հակակոռուպցիոն կառույցների հետ, կենսական և հրամայական նշանակություն ունի գործընթացում: Այս դիտորները լինելու են ժողովրդավարության բանակներ, որոնք միանալու են գործին ի սկզբանե մասնակցած և նախորդ ընտրություններից փորձ, գիտելիք և իմաստնություն ձեռք բերած տեղական խմբերին:
Խորհրդարանական ընտրություններից առաջ կարևոր այս ամիսներին հանրապետությունով մեկ ընտրողները պետք է մանրամասն իրազեկվեն թափանցիկ ընտրական գործընթացում իրենց մասնակցության կարևորության մասին: Նրանց պետք է խրախուսել, որ իմանան իրենց իրավունքների և սեփական ձայնով ընտրության արդյունքի վրա ազդելու հնարավորության մասին: Նրանց պետք է տալ հավատը, որ քաղաքացիական այդ պարտավորությունը կարող է և պետք է իրականացվի առանց կաշառքի և վախի՝ իրենց իրավունքների լիակատար հարգանքով:
Անօտարելի ազատության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը սերտորեն կապված է երկարաժամկետ և կայուն զարգացման հետ: Դա գործնական և առաջին վճռորոշ քայլն է Հայաստանում իրական ժողովրդավարության հասնելու ճանապարհին:
Սփյուռքի ղեկավար գործիչները, գիտնականներն ու ակտիվիստները և, հատկապես, արևմտյան ժողովրդավարական երկրներում ապրողները, կարող են օգնել դասընթացների կազմակերպման և գիտելիքների փոխանցման հարցում՝ ազատ և արդար ընտրություններ ապահովելու համար: Նրանք կարող են կարևոր դեր խաղալ իրենց ներկայիս բնակության երկրների՝ օրենքի գերակայությունը խթանող լավագույն փորձը Հայաստանին փոխանցելու հարցում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մյուս կողմից, ղեկավար շրջանակների համար նախընտրելի այն կետն է, որտեղից կարելի է սկսել ժողովրդավարության պաշտպանությունը՝ որպես բարի կամքի դրսևորում: Այդկերպ նրանք ընտրողների հետ վստահության կառուցմանը միտված քայլ կկատարեն՝ համոզելով, որ ընտրողի ձայնը չի գողացվի, և այն կարող է իսկապես օգնել առկա համակարգում հիմնարար փոփոխություն իրականացնելու հարցում:
2017թ․ գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի իշխանությունների համար վերջնական հնարավորություն է կատարելու առաջին և վերափոխմանը միտված ազնիվ քայլերը և արդյունավետ անցկացնելու թափանցիկ ընտրություններ։ Իշխանավորները կարող են և պետք է ձեռնպահ մնան մանիպուլյացիաներից և ոչ ժողովրդավարական ընթացակարգերից, որոնք կարող են հանգեցնել ընտրությունների արդյունքների կեղծմանը: Հայաստանի Հանրապետությունը մասնակից է բազմաթիվ կոնվենցիաների և պայմանագրերի, որոնք ամրագրում են ժողովրդավարական ընթացակարգերին նրա հանձնառությունը: Հայաստանի Հանրապետությունը իր ստորագրած միջազգային պայմանագրերով պարտավորված է անցկացնել ազատ և արդար ընտրություններ:
Այս գործընթացում որպես մասնակից ներգրավվելու միջոցով է, որ Սփյուռքը կարող է և կօգնի Հայաստանի՝ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարությանը վաստակելու լեգիտիմություն և հարգանք ինչպես իր քաղաքացիների, այնպես էլ միջազգային հանրության կողմից:
Մյուս կողմից, թափանցիկ ընտրական գործընթացը քաղաքացիներին կդարձնի իրավատեր և նրանց կտա ժողովրդավարական գործընթացների սեփականատիրոջ զգացում: Դա նրանց կտա նաև ապագայի հանդեպ հույս և այլընտրանք ներկայիս անհեռանկարությանը:
Սփյուռքը այլևս չպետք է անտեսի չարիքները, որ անգործության արդյունքն են: Մենք երբեք չենք կարող ասել՝ մենք տեղյակ չէինք: Մենք երբեք չենք կարող ասել, որ մեր հավաքական ապագայի կառուցման այս ժամանակատվածում մասնակցություն ցուցաբերելու հնարավորություն չենք ունեցել:
Ավարտելով այս նամակը՝ հանդիպում եմ նախագահ Սերժ Սարգսյանի՝ վերջերս Սփյուռքի թերթերում հրապարակված մի կոչի…
«Վստահ եմ՝ չպետք է սահմանափակվենք մեր շարքերում առկա ռեսուրսներով, և մեր առաջ ծառացած խնդիրների լուծման համար պետք է փնտրենք և գտնենք անձանց, որոնք ունակ են և ցանկանում են պատասխանատվություն ստանձնել բարդ հարցերի լուծման համար՝ անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ մասից են»:
Ես հենց դա եմ ասում:
Ես կոչ եմ անում Սփյուռքի կամավորներին կապ հաստատել «Քաղաքացի դիտրոդ» նախաձեռնության հետ՝ Հայաստանում Թրանսփարենսի Ինթերնեշնլի գրասենյակի միջոցով, ծրագրեր կազմել, ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններում որպես կամավոր դիտորդներ ներգրավվելու հանձնառություն ստանձնել և որքան հնարավոր է արագ անդամագրվել՝ նամակ ուղարկելով ditord@transparency.am հասցեին՝ մինչ կստեղծվի կամավորների գրանցման առցանց հարթակ:
Բոլոր նամակների/գրանցումների կրկնօրինակները ուղարկվում են iobserve2017@outlook.com հասցեին՝ թափանցիկ ընտրությունների անցկացման նախաձեռնություններով զբաղվող մյուս կազմակերպությունների հետ կամավորության հանդեպ հետաքրքրությունը կիսելու նպատակով:
Մեր ազգի անունից բոլորս գործելու և մեր իդեալները պաշտպանելու ու դրանց նվիրվելու հնարավորություն ունենք, որպեսզի Սփյուռքն ու Հայաստանը ավելի մերձենան՝ շատ ավելի, քան այսօր են:
Իմ Հայաստանն ավելիին է արժանի:
Հայաստանին՝ սիրով,
Արսինե Խանջյան
Տորոնտո, Կանադա
Թարգմանությունը՝ Ստելլա Մեհրաբեկյանի, ՍիվիլՆեթ
Դիտել նաև՝
ՍիվիլՆեթի Արփի Մախսուդյանի զրույցը Արսինե Խանջյանի հետ