Սոցիալիստը և ազգայնականը. «Ազգ և Հայրենիք»

1940

Հատվածաբար շարունակում ենք ներկայացնել Հովհաննես Քաջազնունու «Ազգ և Հայրենիք» գործը

kadjaznuni-azgcover

Պատերազմի առաջին շրջանում, կամաւորական խմբեր կազմելու ժամանակ, նրանք ոչ միայն խնայեցին իրենց զաւակների թանկագին արիւնը եւ նոյնիսկ զինուորական ծառայութեան պարտադիրներին՝ ամէն տեսակ ապօրինի ճանապարհներով, կաշառքով ու կեղծիքներով պաշտօնների դրին խորը թիկունքում կամ արտասահման փախցրին, այլեւ սոսկ դրամական զոհաբերութիւնների հանդէպ ցոյց տուին ծայրահեղ ամօթալի գձուձութիւն: Իսկ յեղափոխութեան ու անկախ պետութիւններ կազմելու շրջանում՝ զգուշաբար մնացին շարժումներից դուրս, աշխատանքից հեռու, չէզոք ու սպասողական, մտահոգուած մի մտքով միայն՝ սեփական կեանքի ու գոյքը փրկելու մտքով (գիտեմ փայլուն բացառութիւններ, բայց սրանք չեն հերքում, այլ աւելի եւս ընդգծում են ընդհանուր երեւոյթը):

Ճիշդ է, եւրոպական բուրժուազիան ա՛յլ կերպ վարուեց Մեծ պատերազմի ընթացքում, չբաժանեց իրեն ժողովրդական զանգուածներից, սրանց հետ միասին կռուեց ու նահատակուեց:

Բայց մէկ որ՝ Եւրոպայում բուրժուան մասնակցեց պատերազմին ոչ իբրեւ դասակարգ, այլ իբրեւ սոսկ քաղաքացի, միւս քաղաքացիների հետ անխտիր ու հաւասար եւ նրա հայրենասիրական ոգեւորութիւնը աւելի բարձր չէր, քան օրինակ պրոլետարինը:
Երկրորդ՝ Մեծ պատերազմը ազգային պայքար չէր իր էութեամբ: Եթէ մի շարք ազգեր ազատագրուեցին ու սեփական պետութիւններ կազմեցին, դա պարզապէս պատերազմի հետեւանքներից մէկն էր եւ ոչ նրա շարժառիթն ու նպատակը: Պատերազմի իսկական պատճառը՝ տնտեսական մրցումն էր մեծ պետութիւնների միջեւ եւ այստեղ անգլիական, գերմանական կամ ֆրանսիական բուրժուազիաները իրական ու մեծ շահեր ունէին պաշտպանելու (կամ հակառակորդից խլելու): Այլ էր մեր ունեւորների դրութիւնը, քանի որ հայերի մասնակցութիւնը պատերազմի մէջ ունէր մի նպատակ միայն՝ ազատել թիւրքահայ վիլայէթները օսմանեան տիրապետութիւնից:

Պէտք չէ շփոթել միջպետական ընդհարումները ազգային պայքարի հետ. սրանք էապէս տարբեր բաներ են, թէեւ փաստօրէն կարող են ծածկել մէկը միւսին: Եւ եթէ ժամանակակից պատերազմների մէջ խոշոր դեր է կատարում յարձակողական բուրժուազիայի անյագութիւնը, նոյնը չի կարելի ասել ազգային շարժումների վերաբերմամբ:

Բուրժուազիան չէ, որ պայքարում է ազգային իրաւունքների համար, այլ ժողովուրդը: Կապիտալիզմը չէր, որ հերթի դրեց ազգային մեծ պրոբլեմը, այլ դեմոկրատիզմը, ժողովրդավարութիւնը, եւ որքան աւելի լսելի դառնայ ժողովուրդի՝ դեմոսի ձայնը, որքան աւելի հաստատուեն ու ամրանան իսկական դեմոկրատական կարգերը, այնքան աւելի բարձր պիտի հնչեն ազգային պահանջները:
Սրանով (եւ ոչ բուրժուազիայի դաւերով) պէտք է բացատրել այն երեւոյթը, որ ազգերն արթնացան, ինքնագիտակցութիւն ձեռք բերին ու իրենց իրաւունքները պահանջեցին յատկապէս նորագոյն պատմութեան շրջանում՝ Ֆրանսական Մեծ Յեղափոխութիւնից յետոյ:

Աստեղ ի դէպ կը լինէր գնահատութեան առնել ազգային դաւանանքը մասնաւորապէս սոցիալիստական վարդապետութեան տեսակէտից: Խնդիրը շատ կարեւոր է, որովհետեւ տեղի է տուել (ու մասամբ շարունակում է դեռ տալ) խոշոր թիւրիմացութիւնների, մանաւանդ մեր իրակնութեն մէջ, ուր այնքա՜ն պակաս է գիտակցութիւնը ու այնքա՜ն զօրեղ՝ չմարսուած ֆորմիւլների հմայքը: Կ’ուզենայի մի քիչ երկար կանգ առնել այս խնդրի վրայ: Բայց յօդուածիս շրջանակը թոյլ չի տալիս այդ ու ապա՝ իմ կարողութիւնից վեր կը լինէր այդպիսի մի աշխատանք: Պիտի բաւականանամ մի քանի խօսքով միայն:

Սոցիալիզմը հակառակ է ազգութեան. ահա մի խօսք, որ յաճախ կը լսէք նոյնիսկ լաւ գրագէտ, ուսում առած ու ընդհանուր առմամբ՝ խելահաս մարդկանցից:

Իրեն «ազգայնական» համարողը խեթ աչքով է նայում սոցիալիստի վրայ. սոցիալիստ ես՝ ուրեմն թշնամի ես ազգութեան, ապազգայնացման առաքեալ ես ու զինուոր:

Փոխադարձաբար՝ իրենը «սոցիալիստ» համարողը խեթ աչքով է նայում ազգայնականի վրայ. ազգայնականը ես, ուրեմն բուրժուա ես, թշնամի աշխատաւորութեան ու աշխատաւորական դատին:

Ի՞նչ ազգութիւն սոցիալիստի համար ու ին՞չ սոցիալիզմ ազգայնականի համար:

Չէ՞ որ սոցիալիզմը ձգտում է «հաւասարութեն», պահանջում է, որ բոլոր մարդիկ «հաւասար» լինեն, այսինքն՝ ապրեն հանրակացարաններում, ուտեն ընդհանուր կաթսայից միեւնոյն ապուրը, հագնեն միագոյն ու միաձեւ զգեստներ, ունենան ընդհանուր կիներ ու ընդհանուր զաւակներ, մտածեն ու զգան միատեսակ, մի խելքի ու մի հաւատի լինեն, սիրեն ու չսիրեն նոյն առարկաները, զուարճանան, երբ հնչէ զվարճանալու զանգը ու աչքերը փակեն, երբ լսեն քնելու նշանը…

Այս հանրակացարանային հավասարութեն մէջ այլեւս ինչպէ՞ս ապրեն ու զարգանան ազգութիւնները՝ իրենց բազմազան գունաւորումներով, ուրոյն ճաշակներով ու տարբեր հակումներով: Էլ ի՞նչ հաւասարութիւն, եթէ մէկը անգլիերէն պիտի խօսի, միւսը՝ պարսկերէն. մէկը՝ սինակոկ պիտի գնայ աղօթելու, միւսը՝ մզկիթ, իսկ երրորդը՝ ոչ մի տեղ չաղօթի. մէկը «հորովել» երգի, միւը «Վայնկա-տանկա». մէկը փլաֆ ու բոզբաշ սիրի, միւսը մակարոնի կամ ռոզբիֆ. մէկը «ուզունդարա» պարի, միւսը՝ «չարդաշ» կամ «հաբաներա»…

Մի քիչ քաշւում եմ հաւաստիացնելու իմ ընթերցողին, թէ այս տափակ ծաղրանկարը սոցիալիզմ չէ, թէ սոցիալիզմը չի ծրագրում ու չի պահանջում այդպիսի «հաւասարութիւն», թէ հաւասարութիւնը «միակերպութիւն» չէ, թէ սոցիալիզմի իդէալը՝ մեղուային կամ մրջիւնային հանրութիւն չէ, այլ մարդ-էակների լաւագոյն կենակցութիւն՝ մարդկայնօրէն կազմուած ընկերութիւնների մէջ:

Ուզում եմ յուսալ, թէ իմ ընթերցողը կարիք չունի այդպիսի հաւաստիացումների: Բայց թերեւս աւելորդ չլինի ասել մի ուրիշ բան, այն, որ դասակարգային պայքարը՝ սոցիալիզմի այսօրուայ հերթական ու գլխաւոր անելիքը, չի սպառում սոցիալիստական վարդապետութեան ամբողջ իդէոլոգիան:

Սահմանափակ ու գռեհիկ հասկացողութիւն ունեն սոցիալիզմի մասին նրանք, որոնք կարծում են, թէ նրա միակ նպատակն է ազատել ընչազուրկ աշխատաւորութիւնը կապիտալի շահագործումից: Սոցիալիստական շարժումը շատ աւելի խոր ու բարդ երեւոյթ է, դաւանանք է, կրօնք է, որ ընդգրկում է մարդկային կեանքի բոլոր կողմերը, գալիս է վերաշինելու ընկերային կազմը ամբողջովին, պատասխան ու բաւարարութիւն տալու մարդկային ընկերութիւնների բոլոր պահանջներին…

Պրոլետարիատի դասակարգային ազատագրումը՝ սոցիալիզմի պահանջներից մէկն է միայն՝ ճիշդ ամէնից աւելի հասունացածը կապիտալիստական երկիրներում, Արեւմտեան Եւրոպայում ու Հիւսիսային Ամերիկայում, բայց եւ այնպէս՝ մէկը միայն ու ոչ ամբողջը:

Եթէ սոցիալիստական պայքարը հասկանալու լինենք երեւոյթի նեղ իմաստով՝ իբրեւ պրոլետարիատի դասակարգային կռիւ բուրժուազիայի դէմ, ազգութիւնը կը մնայ այդ պայքարի շրջանակից դուրս, որովհետեւ, ինչպէս աշխատեցի բացատրել նախորդ էջերում, ազգն ու դասակարգը տարբեր մակերեւոյթների վրայ գտնուող էութիւններ են: Այդ դէպքում ազգային պրոբլեմը, իբրեւ այդպիսին, գոյութիւն չի ունենայ սոցիալիստի համար՝ ոչ դրական, ոչ բացասական իմաստով: Սոցիալիստը կը մնայ անտարբեր ազգութեան հանդէպ ու հաշուի կ’առնի ազգերի գոյութիւնը այն ժամանակ ու այնչափ միայն, երբ ու որչափ այդ փաստը անուղղակի կերպով կը խանգարի կամ կ’օժանդակի իր դասակարգային պայքարին. մի տեղ կ’աշխատի չէզոքացնել, անվնաս դարձնել այն, միւս տեղ՝ օգտագործել իր դատի համար:

Իսկ եթէ սոցիալիստական վարդապետութիւնը ըմբռնելու լինենք իր լայն ու բովանդակ իմաստով, կը տեսնենք, որ սոցիալիստը ոչ միայն չի հանդիսանում ազգութեան թշնամի կամ հակառակորդ, այլ ամէնից անկեղծ, ամէնից աւելի համոզուած ու հաւատարիմ պաշտպան. ազգերի ազատագրումը, ինքնորոշուելու իրաւունքը եւ ինքնահաստատուելու միջոցների ապահովումը սոցիալիստական պահանջներից մէկն է:

Եւ հասկանալի է, թէ ինչո՛ւ:

Սոցիալիզմը գալիս է քանդելու տիրող հասարակական կարգերը, որ այլեւս չեն համապատասխանում գիտակցութեան եկած զանգուածների իրաւահասկացողութեան, զինում են շահագործողներին ու զինաթափ անում շահագործուածներին, զրկանքի ու տգիտութեան մէջ պահում աշխատաւոր դասը (այսինքն՝ հասարակութեան արդիւնաբերող, շինարար ուժերը), արգելք ու խոչընդոտ են դառնում մարդկային առաջադիմութեան համար: Բայց սոցիալիզմը չի գալիս քանդելու դարերից ժառանգուած հարստութիւնները, ոչնչացնելու մշակութային արժէքները, այն իսկ արժէքները, որոնց վրայ պիտի կառուցուի նոր ու լաւագոյն կեանքը:

Ազգը պատմական արժէք է, մշակութային երեւոյթ, որ ապագայ սոցիալիստական իրաւակարգի համար անհրաժեշտ կը լինի առնուազն նոյնչափ, որչափ անհրաժեշտ է եղել աւատական ու կապիտալիստական իրաւակարգերի համար: Ազգութիւնը հոգեկան մշակոյթի մի ուրոյն ձեւ է, որ չի կարող փոխարինուել որեւէ ուրիշ ձեւով, ինչ իրաւակարգ էլ տիրելու լինի ընկերային կեանքի մէջ:
Եւ եթէ որոշ պայմաններում ազգային բաժանումները շահագործուել են ի վնաս պրոլետարիատի դասակարգային պայքարի, դա դեռ ապացոյց չէ, թէ ուրեմն ազգութիւնը ինքնըստինքեան արգելք է սոցիալիզմի ճամբուն վրայ… Բայց այս մասին գրել եմ արդէն: Յիշեցնեմ միայն, որ եթէ սոցիալիստը կանգնելու լինի այդ տեսակէտի վրայ, նա թշնամի պիտի յայտարարի նաեւ գիտութիւնը, արուեստը, տեքնիքան, պետական հաստատութիւնները, հասարակական կազմակերպութիւնները, դպրոցը, մամուլը, առհասարակ՝ ամէն կարգի կուլտուրական արժէքներ, երեւոյթներ ու գործօններ. չէ՞ որ սրանք բոլորն էլ կարող են ծառայել (ու ծառայել են) իբրեւ զէնք՝ պրոլետարիատի դէմ:

Թիւրիմացութեան գլխաւոր պատճառն այն է, թւում է ինձ, որ միջազգային սոցիալիստական բանակը, մինչեւ այսօր, համեմատաբար շատ քիչ տեղ է տուել՝ իր ծրագրերի ու մանաւանդ գործունեութէան մէջ, ազգային իրաւունքների պաշտպանման:
Պէտք չէ զարմանալ, սակայն, որ դա այդպէս է եղել:

Սոցիալիստական շարժումը ծնունդ է առել, կազմակերպուել է ու ուժգնօրէն արտայայտուել այնպիսի երկիրներում, ուր ազգային պայքարը երկրորդական ու երրորդական նշանակութիւն է ունեցել՝ հանդէպ հասունացած ու շատ լարուած դասակարգային պայքարի: Հասկանալի է միանգամայն, որ գերմանական, բելգիական, ֆրանսիական կամ անգլիական պրոլետարիատը շատ էլ մտահոգուած չի եղել ազգային խնդիրներով. այդ խնդիրները ունեցել են նրա համար աւելի տեսական, քան կենսական նշանակութիւն, որովհետեւ ինքը ազգայնօրէն զրկուած կամ վտանգուած չի եղել երբեք:

Դրութիւնը փոխուեց, երբ սոցիալիստական բանակի մէջ տեղ գրաւեցին ու իրենց ձայնը լսելի արին աւստրօ-հունգարական եւ ռուսական սոցիալիստները: Այս բազմազգեայ կայսրութիւնների մէջ պրոլետարիատի մի խոշոր մասը (գերիշխող ազգութեան չպատկանող մասը) ինքը ապրել էր, ինքը կրել իր վրայ ազգային իրաւազրկութեան ծանրութիւնը, գիտէր, թէ որքան թունաւորուած է իր կեանքը ու որքան կաշկանդուած առաջադիմութիւնը՝ ազգային բնոյթ ունեցող զրկանքների պատճառով: Խնդիրը դարձաւ լուրջ մտահոգութեան առարկայ՝ մի կենսական պահանջ, որ պէտք է բաւարարուէր, սպառնալով հակառակ դէպքում սոցիալիստական բանակի ամբողջութեան:

Սրանից մօտ երեսուն տարի առաջ աւստրիական սոցիալիստները մշակեցին մի մանրակրկիտ ծրագիր՝ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանելու համար բազմազգեայ պետութիւնների մէջ: Իսկ մեր օրերում ռուս բոլշեւիկները փորձ արին գործնականօրէն լուծելու ազգային կնճռոտ խնդիրը, նոյնիսկ Ռուսաստանը անդամահատելու եւ ազգային անջատ պետութիւններ կազմելու գնով:

Ուշագրաւ ու խրատելի պիտի լինի այս երեւոյթը, մասնաւորապէս նրանց համար, ովքեր սովորութիւն են արել սոցիալիզմը ազգութիւնների թշնամի ներկայացնելու:

Այն հանգամանքը, որ Խորհրդային Դաշնակցութեան մէջ ազգային պետութիւնների անկախութիւնը հեռու է լրիւ ու կատարեալ լինելուց, սահմանափակուած է Մոսկուայի շատ ակտիւ գերիշխանութեամբ, այս հանգամանքը չպիտի շփոթեցնի դիտողի միտքը: Սա կարող է լինել ոչ թէ դաւանանքի, այլ պարզապէս նպատակայարմարութեան խնդիր, մի կոմպրոմիսական դրութիւն, անխուսափելի հետեւանք իրերի ու ուժերի որոշ դասաւորութեան:

Կարելի է, ի հարկէ, կասկածել ռուս բոլշեւիկների անկեղծութեանը, կարելի է ենթադրել, թէ նրանց բռնած դիրքը, ազգութիւնների հանդէպ ցոյց տուած փափկանկատութիւնը դաւանանք չէ, այլ միայն՝ քաղաքականութիւն: Կարելի է ենթադրել, թէ այսօրուայ բոլշեւիկները՝ երեկուայ աշխարհակալներն են, որ ձգտում են հաւաքելու, վերհաստատելու նախկին կայսրութիւնը եւ թէ այն կէս-անկախութիւնը, որ տրւած է այսօր ազգութիւններին՝ ժամանակաւոր մի միջոց է միայն վերջնական նպատակներուն հասնելու համար…

Գուցէ եւ այդպէս է:

Անկեղծ են թէ ոչ ռուս բոլշեւիկները, էական չէ մեզ հետաքրքրող խնդիրը լուսաբանելու համար: Էականն այն է, որ սոցիալիստական բանակի մաքսիմալիստական թեւը, այն իսկ թեւը, որ ամէնից հեռու է գնում իր պահանջների մէջ, ամէնից աւելի անհաշտ է հակառակորդի հանդէպ ու ամէնից քիչ ընդունակ կոմպրոմիսների, այսօր այդ թեւը ազգութիւնների հետ է եւ ոչ նրանց դէմ:

Սա՛ է էականը:

Եթէ Մոսկուայի վարիչները անում են այդ հակառակ իրանց ցանկութեան, սա մի նոր ու շատ զօրաւոր ապացոյց է իմ թէզի ճշմարտութիւնը հաստատելու համար: Եթէ մի սոցիալիստական կառավարութիւն, ճիշդ այնպէս, ինչպէս բուրժուական կառավարութիւնները ու դեռ մի քիչ էլ աւելի, հարկադրուած է պաշտպան կանգնելու (կամ պաշտպանութիւն ցուցադրելու) ազգութիւնների ազգայնօրէն ապրելու իրաւունքներին, ապա ուրեմն կայ մի ուժ, որ վեր է կառավարութիւնից, նրանց անմիջական կամ հեռաւոր դիտաւորութիւններից:

Եւ այդ ուժը սոցիալիստական միտքն է ու սոցիալիստական խիղճը:

Սոցիալիստը դասակարգային եռուզեռի մէջ կարող է մոռացութեան տալ, անտես թողնել ազգային դատը: Բայց ամէն անգամ, երբ հարկադուած է լինում ուշադրութեան առնելու այն եւ իր խօսքն ասելու, խօսքը անփոփոխ ազգութիւնների կողմն է:

Ով հետեւել է սոցիալիստական կոնգրեսների աշխատանքներին ու որոշումներին, գիտէ որ այդպէս է: Եւ ուրիշ կերպ չի կարող լինել: Սոցիալիստի ամբողջ աշխարհայեցողութիւնն ու իրաւահասկացողութիւնը, բարիի ու չարի ըմբռնումը, խորտակելու ներկան ու երազած ապագան, թոյլ չեն տալիս այլ վերաբերում:

Ասել, թէ սոցիալիզմը թշնամի է ազգութեան, նշանակում է չհասկանալ վարդապետութեան էութիւնը կամ զրպարտել այն:

Շարունակելի