1996-ի սեպտեմբերին կայացած նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանին ընդդեմ Վազգեն Մանուկյանի աջակցում էին ոչ միայն Հայաստանի ուժային նախարարները՝ ամենազոր Վազգեն Սարգսյանը, Վանո Սիրադեղյանն ու Սերժ Սարգսյանը, այլ Արցախի այն օրերի առաջնորդները՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը:
Ներկայացնում ենք Սամվել Բաբայանի հայտարարությունը, որ նա արել է 1996 թվականի օգոստոսի վերջերին.
“Վերջերս Հայաստանի ԱԺՄ կուսակցության ներկայացուցիչները հայտարարում են, թե իբր ղարաբաղյան բանակի հաղթանակների սկիզբը և մասնավորապես Քելբաջարի գրավումը պայմանավորված են եղել այդ տարի Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի գործունեությամբ: Քելբաջարի գրավման գործողությունը մշակվել և իրականացվել է ղարաբաղյան բանակի կողմից, իսկ Վազգեն Մանուկյանի անհատական ավանդը ինչպես այդ, այնպես էլ ղարաբաղյան բանակի կազմակերպման գործում չնչին է եղել: Ղարաբաղյան զինվորականությունը վրդովված է կեղծիքի միջոցով Հայաստանի նախագահական ընտրարշավում միավորներ կորզելու Վազգեն Մանուկյանի փորձերից, նրա այդ քայլը համարում է սրբապղծություն` իրենց կյանքը հանուն հաղթանակի զոհաբերած ազատամարտիկների հիշատակի նկատմամբ”:
Հայաստանի Հանրապետություն օրաթերթ, թիվ 172, 31 օգոստոս, 1996թ.