«Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը քոչվորաբար ոտնահարել են այս երկրի բոլոր սրբությունները»

7292
Opposition leader Levon Ter-Petrosian gestures as he speaks during a rally in Yerevan, Wednesday, Feb. 20, 2008. Thousands of opposition supporters marched through Armenia's capital Wednesday, chanting and thrusting fists into the air in protest after election officials said complete results showed Prime Minister Serge Sarkisian won the presidency. (AP Photo/George Abdaladze)

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը Ազատության հրապարակում 2007 թվականի դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած հանրահավաքում:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօրվա ելույթում ես կանդրադառնամ երեք թեմայի՝ առաջինը (երկու գլխով)՝ նվիրված պատմության, երկրորդը գաղափարախոսության, իսկ երրորդը՝ պետական համակարգերի տիպաբանության հարցերին։

Հայաստանի «արդյունաբերության քայքայումը»

Ռոբերտ Քոչարյանը վերջերս իր բարձր հեղինակությամբ վավերացրեց մեր հասարակության մեջ բազմիցս կրկնված այն միտքը, թե նախկին իշխանությունները քայքայեցին Խորհրդային Հայաստանի ծաղկուն արդյունաբերությունը։ Այս պնդումը թե՛ իրականություն է, թե՛ միֆ։ Իրականություն է այն առումով, որ այդ արդյունաբերությունն այսօր գոյություն չունի, ինչպես վաղուց գոյություն չունի Քոչարյանի ղեկավարած Ստեփանակերտի մետաքսի գործարանը, իր լեզվով՝ «Կարշոլկի ֆաբրիկան»։ Իսկ միֆ կամ առասպել է, որովհետեւ Խորհրդային Միությունը լիովին զուրկ էր ժամանակի պահանջներին եւ տեխնոլոգիական նվաճումներին համապատասխան արդյունաբերությունից։ Բացի հումքից եւ մասամբ ռազմական տեխնիկայից, ԽՍՀՄ արդյունաբերությունն ի վիճակի չէր միջազգային ասպարեզ դուրս բերել որեւէ մրցունակ ապրանք։ Այս հարցում ԽՍՀՄ-ը խայտառակ կերպով զիջում էր անգամ Արեւելյան Եւրոպայի կոմունիստական երկրներին։ Հիշեք, թե ինչպիսի հերթեր էին գոյանում չեխական, լեհական, հունգարական, արեւելագերմանական ապրանքներ ձեռքբերելու համար՝ սկսած հագուստից ու կոշիկից, վերջացրած գարեջրով ու խոհանոցային սալիկներով։ Իսկ չեխական բյուրեղապակյա անոթներն ու ջահերը, լեհական կահույքն ու օծանելիքը, արեւելագերմանական գրամեքենաներն ու ճենապակյա սպասքները ուղղակի հրաշք եւ երազանքի առարկա էին խորհրդային քաղաքացիների համար։

Բնական է, որ Խորհրդային կայսրության փլուզմամբ, պիտի փլուզվեր նաեւ կենտրոնացած եւ օրգանապես փոխկապակցված այդ արդյունաբերությունը։ Ձեւավորվող շուկայական հարաբերությունների պայմաններում, այն այլեւս չէր կարող ապահովել մատակարարումների կանոնավորությունը եւ դիմանալ ազատ մրցակցությանը։ Պատահական չէ, որ Խորհրդային Միության փլուզումից տասնվեց տարի հետո էլ ոչ մի նախկին խորհրդային հանրապետություն դեռեւս միջազգային շուկա չի հանել որեւէ մրցունակ ապրանք՝ հումքից բացի։ Ամենուրեք քիչ թե շատ զարգանում են միայն սննդի արտադրության, սպասարկման, շինարարության ոլորտները եւ հատկապես հանքարդյունաբերությունը, որի անխնա ինտենսիվացումը կարող է հետագայում լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել այդ երկրների բնականոն զարգացումը։ Նույնիսկ Ռուսաստանի ռազմական արդյունաբերությունը, որը ժամանակին համարվում էր աշխարհի լավագույն արդյունաբերություններից մեկը, այսօր աշխատում է իր կարողությունների 30 տոկոսի չափով, այն էլ շնորհիվ պետական դոտացիաների։

Այն, ինչ ասվեց Խորհրդային Միության մասին, հավասարապես վերաբերում է նախկին սոցիալիստական լագերի բոլոր պետություններին։ Դրա ամենավառ ապացույցը Արեւելյան Գերմանիայի օրինակն է։ Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը սոցիալիստական ճամբարի ամենազարգացած արդյունաբերական պետությունն էր, որի կենսամակարդակը չորս անգամ գերազանցում էր Խորհրդային Միության կենսամակարդակը։ Պատկերացում տալու համար, թե դա ինչ է նշանակում, պատմեմ ինքնակենսագրական մի դրվագ։ 1980 թվականին ես, տիկնոջս հետ, մեկ ամիս եղա Արեւելյան Գերմանիայում։ Եթե այդ ժամանակ խորհրդային քաղաքացու հիմնական հոգսը կոշիկ, կարագ, սուրճ կամ երշիկ ճարելն էր, ապա ԳԴՀ-ի քաղաքացիներին հուզում էր երեք այլ հարց՝ ինչպե՞ս ավտոմեքենա ձեռք բերել, քաղաքից որքա՞ն հեռու «դաչա» կառուցել, եւ որտե՞ղ անցկացնել ամառային հանգիստը՝ Վառնայում, թե՞ Սոչիում (արեւմտյան երկրներ նրանց մուտքն արգելված էր)։ Չնայած այս ամենին, սակայն, Գերմանիայի միավորումից հետո արեւելյան երկրամասերի ողջ արդյունաբերությունը, կարելի է ասել, բուլդոզերներով հավասարեցրին հողին։ Անցած 18 տարիների ընթացքում նախկին Գերմանական Դեմոկրատական Հանրապետության տարածքում ներդրվեց ավելի քան 500 միլիարդ դոլար։ Այնուամենայնիվ, մասնագետների գնահատմամբ, դեռեւս 50 տարի է պետք, որպեսզի Արեւելյան Գերմանիայի տնտեսության մակարդակը հավասարվի Արեւմտյան Գերմանիայի մակարդակին։

Այսպիսով, խորհրդային արդյունաբերությունը հզոր, կենսունակ ու ինքնաբավ էր թվում՝ աշխարհից մեկուսացած, ժամանակակից տեխնոլոգիաներից զուրկ, փակ, լագերային համակարգում։ Այդպիսի համակարգի փլուզումն, ինքնաբերաբար, չէր կարող չհանգեցնել արդյունաբերության անխուսափելի վախճանի, ինչը այս կամ այն չափով տեղի ունեցավ Միության բոլոր նախկին հանրապետություններում։ Ընդ որում, Խորհրդային տնտեսության քայքայումն սկսվել էր կայսրության փլուզումից էլ առաջ։ 1988-1991 թվականներին արդեն իսկ լրջագույն խնդիրներ էին ծագել ձեռնարկությունների փոխադարձ պարտավորությունների կատարման, հումքի, պահեստամասերի, կոմպլեկտավորող սարքերի մատակարարման բնագավառներում, ձեռնարկությունների միջեւ կուտակվել էին հսկայական փոխադարձ պարտքեր, բյուջեի տարեկան ճեղքվածքը կազմում էր 400-500 միլիարդ ռուբլի, լիովին սպառվել էին պետության ոսկու պահուստները։ Պավլովի վարչապետության օրոք սառեցվել էին խնայբանկերում տեղադրված ավանդները, դոլարի համեմատ ռուբլին արժեզրկվել էր մոտ հիսուն անգամ, սկսվել էր օր օրի սաստկացող սղաճը, որը շուտով պիտի հասներ ահռելի չափերի եւ այլն։ Խորհրդային ծաղկուն տնտեսության մասին խոսողները, չգիտես ինչու, նաեւ մոռացության են մատնում խանութների դատարկ ցուցափեղկերն ու դարակները, կիլոմետրանոց հերթերը, մսի, կարագի, սուրճի, բրնձի, ձավարեղենի, ծխախոտի կտրոնները, էլ չխոսած այն մասին, որ նոր տարվա նախօրյակին ջերմուկ, լիմոնադ եւ թթվասեր հայթայթելը հավասարազոր էր սխրանքի։

Վերջիվերջո ժամանակն է հասկանալ, որ Խորհրդային Միությունը փլուզվեց գլխավորապես 1980-ական թվականների առաջին կեսից սկսված տնտեսական գահավիժման պատճառով։ Ո՛չ մի «Ղարաբաղ կոմիտե», ո՛չ մի Բալթյան ժողովրդական ճակատ, ո՛չ մի Սախարովյան դեմոկրատական շարժում չէր կարող կայսրությունը կործանել, եթե այն ծաղկուն տնտեսություն ունենար։ Այդ տնտեսության էությունը լիովին ըմբռնելու համար, կարդացեք Եգոր Գայդարի համաշխարհային ճանաչման արժանացած գրքերը։

Խորհրդային Միության բոլոր նախկին հանրապետություններին բաժին ընկած ողբալի վիճակը Հայաստանում ծանրանում էր չորս հավելյալ եւ առանձնահատուկ գործոնների՝ Աղետի գոտու, 300 հազար փախստականների, շրջափակումների եւ պատերազմի առկայությամբ։ Դնեիք այդ պայմանների մեջ որեւէ այլ պետություն, եւ կտեսնեիք, թե ինչպես կդասավորվեր նրա բախտը։ Ես չեմ ուզում ծանրանալ բազմիցս չարչրկված այս գործոնների վրա, այլ կբավարարվեմ հետեւյալ հաստատումով.

Չնայած այս լրացուցիչ դժվարություններին, Հայաստանը Անկախ պետությունների համագործակցության անդամ-երկրներից առաջինն էր, որ 1994 թվականին ոչ միայն հաղթահարեց տնտեսության անկումը, այլեւ սկսեց ապահովել կայուն տնտեսական աճ, որը, ինչպես նշեցինք նախորդ հանրահավաքի ելույթում, ժամանակին գնահատել է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Եթե սրան ավելացնենք, որ այդ նույն թվականին հաղթանակով ավարտվեց նաեւ Արցախյան պատերազմը, ապա դժվար է չհամաձայնել, որ դա մի այնպիսի սխրանք էր, որն իր նախադեպը չունի հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։

Երեւույթները “Կարշոլկի ֆաբրիկայի” պարտկոմի կամ Կեւորկովի օգնականի տեսանկյունից գնահատողների համար, իհարկե, անհնար է ընկալել այս ամենը։ Տարածելով Խորհրդային Հայաստանի ծաղկուն արդյունաբերության քայքայման միֆը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեզանից ուզում են խլել, ահա, այդ սխրանքը, ոտնահարել ձեր արժանապատվությունը, ինչպես քոչվորաբար ոտնահարել են այս երկրի բոլոր սրբությունները։

«Վայրենի սեփականաշնորհում»

Առանձնահատուկ խոսակցության առարկա է նախկին իշխանությունների իրականացրած հողի սեփականաշնորհումը կամ ագրարային ռեֆորմը։ Հայաստանը միութենական հանրապետություններից առաջինն էր, որ դեռեւս 1991 թվականին, Խորհրդային կայսրության գոյության պայմաններում, կյանքի կոչեց այդ բարեփոխումը՝ երկիրն, առանց չափազանցության, փրկելով սովից։ Դա պարզվեց մանավանդ այն բանից հետո, երբ 1992 թ. օգոստոսին փակվեց Աբխազական երկաթուղին, եւ Հայաստանի շրջափակումը լիակատար դարձավ։ Ստեղծվել էր այնպիսի մի վիճակ, երբ արտասահմանում գնված սննդամթերքի բեռներ ունենալու պարագայում անգամ, Հայաստանը, հաղորդակցության ճանապարհների բացակայության պատճառով, ի վիճակի չէր ներկրել դրանք։ Մեզ հաջողվեց մասամբ հաղթահարել շրջափակումը եւ Թուրքիայի ճանապարհով Հայաստան փոխադրել ավելի քան 50 հազար տոննա ցորեն, բայց դա ընդամենը երկու ամսվա պաշար էր։ 1993-ի մարտին, Քելբաջարի գրավումից հետո, փակվեց նաեւ Թուրքիայի ճանապարհը, եւ մենք հարկադրված եղանք մեր կարիքների գոնե մի մասը բավարարել Փոթիի նավահանգստի եւ համարյա անգործության մատնված Վրացական երկաթուղու հնարավորությունների օգտագործման միջոցով։ 1992-1994 թվականներին երկիրը համարյա ամբողջությամբ մնաց գյուղացու հույսին, որը, թեկուզ զուտ մկանների հաշվին, քիչ թե շատ կերակրեց ոչ միայն իրեն, այլեւ քաղաքներում բնակվող իր հարազատներին։ Եթե ժամանակին չիրականացվեր հողի սեփականաշնորհումը, ապա գյուղական նոմենկլատուրան թալանած կլիներ կոլխոզների ու սովխոզների սեփականությունը (ինչպես տեղի ունեցավ այլ հանրապետություններում), եւ Հայաստանը ցրտից ու մթից բացի անխուսափելիորեն կմատնվեր նաեւ սովի։ Այդ պարագայում, ինքնըստինքյան հասկանալի է, ոչ միայն կվտանգվեր մեր երկրի գոյությունը, այլեւ անհնար կդառնար թե՛ պատերազմի հաղթական ավարտը, թե՛ Արցախի ազատագրումը։ Ուստի, եթե այսօր Հայաստանը կանգուն է, եթե այսօր Արցախն ազատ է, ապա դրա համար մենք առաջին հերթին պարտական ենք սեփականատեր հայ գյուղացու առայժմ չգնահատված սխրանքին։

Իսկ այժմ տեսնենք, թե ի՞նչ է սեփականաշնորհվել ներկա իշխանությունների օրոք.

Ծանր արդյունաբերության շուրջ 750 միջին եւ խոշոր ձեռնարկություններ, որոնք, ինչպես վերը նշվեց, կազմում էին Հայաստանի արտադրական ծավալների մոտ 60 տոկոսը։ Դրանց թվում ընդգրկված էին նաեւ ստրատեգիական նշանակության համարյա բոլոր ձեռնարկությունները, ինչպես, օրինակ, հիդրոէլեկտրակայանները, էներգետիկ ցանցը, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, քաղաքացիական ավիացիան, Արմենթելը, Կոնյակի գործարանը եւ այլն։

– Հայաստանի համարյա բոլոր շահագործվող եւ նույնիսկ միայն հետազոտված հանքերը, որոնք չնչին գներով վաճառվել են հիմնականում երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ մասամբ օտարերկրյա սեփականատերերի։

– Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողատարածքի 20 տոկոսը կազմող պետական պահուստը, որը նույնպես սիմվոլիկ գնով բաշխվել է պետական պաշտոնյաների միջեւ։

– Քաղաքների, մասնավորապես Երեւանի՝ շինարարական աշխատանքների համար պիտանի բոլոր տարածքները, ներառյալ զբոսայգիներն ու կանաչ գոտիները։

– Պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող համարյա բոլոր շինություններն ու հողատարածքները, բացի մի քանի հարյուր վարչական շենքերից, որոնք առայժմ չեն հանվել վաճառքի։

– Հանրապետության հանգստի գոտիների, մասնավորապես Ծաղկաձորի, Սեւանի ավազանի, Դիլիջանի, Հանքավանի, Աղվերանի անտառներն ու անտառտնտեսությանը պատկանող գույքն ու շինությունները եւ այլն։

Այս ամենին պետք է գումարել նաեւ “գույք պարտքի դիմաց” հայտնի գործարքը, որով Հայաստանը Ռուսաստանին հանձնեց “Մարս” արտադրական միավորումը, “Մերգելյան” ինստիտուտն ու գործարանը, Հրազդանի ՋԷԿ-ի անավարտ բլոկը եւ Նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկությունը՝ հետագայում, այլ դրդապատճառներով դրանց թվում ընդգրկելով նաեւ Սեւան-Հրազդան կասկադը եւ Արմավիրի ատոմակայանի ֆինանսական կառավարման իրավունքը։ 100 միլիոն դոլարի պարտքը այն գումարը չէր, որի վճարման հարցը հնարավոր չլիներ լուծել Ռուսաստանի հետ։ Տվյալ գործարքում Ռուսաստանը որեւէ մեղք չունի, եւ միանգամայն անտեղի են նրա հասցեին հնչող տարբեր տիպի դժգոհությունները։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գործարքի նախաձեռնողները եղել են Հայաստանի իշխանությունները։ Նրանց այդ քայլին մղել է, ըստ երեւույթին, ռուսական պարտքի տոկոսները վճարելու հոգսից ազատվելու եւ իրենց գործը հեշտացնելու միտումը՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, թե այդ անհեռատես ու անպատասխանատու քայլով ինչպիսի վնաս են հասցրել հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին։

Հարկ է հատուկ կանգ առնել նաեւ “Հայռուսգազարդի” գործարքի վրա, որը թեեւ կնքվել է նախկին իշխանությունների օրոք, բայց հետագայում, Քոչարյանի տերմինով, ունեցել է որոշ «հետաքրքիր» զարգացումներ։ 1997 թվականին ստորագրված պայմանագրի համաձայն՝ «Ռուսգազարդին» բաժին էր ընկել համատեղ ընկերության կապիտալի 45 տոկոսը, “ԻՏԵՐԱ”-ին՝ 10 տոկոսը, իսկ հայկական կողմին՝ մնացյալ 45 տոկոսը, ի դիմաց նախկին “Հայգազի” գույքի արժեքի։ Ռուսական կողմն իր մասնաբաժինը պարտավորվել էր վճարել գազով, որը չորս տարի պիտի ձրի մատակարարվեր Հայաստանին։ Հանրապետության ներկա իշխանություններն այդ գազաքանակն սպառեցին երկու տարում, որից հետո Ռոբերտ Քոչարյանը կառավարության նիստերից մեկում զայրացած բարձրացրեց այն հարցը, թե ուր է Հայաստանում վաճառված գազից ստացված 148 միլիոն դոլարը։ Դրանից հետեւում է, որ ձրի ստացված գազը երկու տարի վաճառվել է հանրապետության բնակիչներին ու ձեռնարկություններին, իսկ վաճառքի դիմաց առաջացած ահռելի գումարը՝ գրպանվել իբրեւ-թե Քոչարյանին անհայտ մարդկանց կողմից։ Սակայն նախագահի բարձրացրած հարցը մնաց հարց, քանի որ դրանով չզբաղվեց ո՛չ ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը, ո՛չ էլ դատախազությունը։ Եւ այդպես էլ մինչեւ օրս անհայտ է, թե ինչ ավարտ ունեցավ այդ չարաբաստիկ 148 միլիոն դոլարի պատմությունը։ Ուստի կարծում եմ, այժմ արդեն մեր հերթն է հարց տալու. «Պարոն նախագահ, ո՞ւր է այդ 148 միլիոն դոլարը»։ 2006 թվականին, երբ գազի գնի շեշտակի բարձրացումից հետո Հայաստանն սկսեց նոր պարտքեր կուտակել «Ռուսգազարդի» մատակարարումների դիմաց, մեր իշխանությունները, կրկին իրենց գործը հեշտացնելու համար, համաձայնեցին վերանայել «Հայռուսգազարդի» մասնաբաժինները։ Այժմ այդ ընկերությունում «Ռուսգազարդն» արդեն ունի 57,59 տոկոս, «ԻՏԵՐԱ»-ն՝ 7,7 տոկոս, իսկ հայկական կողմը 34,7 տոկոս։ Սակայն անգամ այս պայմաններում գազի գնման դիմաց Հայաստանի պարտքերը շարունակում են կուտակվել, որոնք բնականաբար մնալու են հաջորդ կառավարությունների, իսկ վերջին հաշվով, ժողովրդի ուսերին։

Սեփականաշնորհման բնագավառում ներկա իշխանությունների կատարած ամենամեծ հանցանքը տնտեսության համարյա լիակատար մոնոպոլիզացիան է, ինչի պատճառով գրեթե վերացման եզրին է հասել փոքր բիզնեսը։ Միջին խավը ներկայացնող ձեռնարկատերերի եւ գործարարների մեծ մասը, վաղուց արդեն կորցնելով իր անկախությունը, ընկել է մեծածախ առեւտրով զբաղվող մենաշնորհային ընկերությունների ցանցը։ Խանութների, բենզալցակայանների, սպասարկման ոլորտի հիմնարկների շուրջ 70 տոկոսի իրական տերերն արդեն այդ ընկերություններն են։ Սերժ Սարգսյանի գլխավորած կառավարությունը որոշել է հանրապետության միջին խավին հասցնել վերջին կործանիչ հարվածը՝ 2008 թ. հունվարի 1 ից դադարեցնելով «Պարզեցված հարկի օրենքի» գործողությունը, որը տարածվում էր մոտ 30 հազար ձեռնարկությունների վրա։ Անկախ այն բանից, թե տնտեսագիտորեն որքանով է հիմնավորված այդ որոշումը, տվյալ իրավիճակում դրա կիրառման անմիջական դրդապատճառն ակնհայտ է, այն է՝ ավելի ծանրացնել միջին խավին պատկանող ձեռնարկությունների հարկային բեռը, իսկ խոշոր հարկատուների անօրինական մուծումները ծառայեցնել նախընտրական նպատակներին։ Թե ինչ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ այս կամայականությունը, կառավարությանն այսօր բոլորովին չի հուզում։

Ինչպես տեսանք, նկատի ունենալով արդյունաբերության եւ պետական գույքի բնագավառները, Հայաստանի ներկա իշխանությունները շուրջ երկու անգամ ավելի ունեցվածք են սեփականաշնորհել, քան նախկինները։ Այստեղ, ի դեպ, որեւէ կրիմինալ չկա։ Ընդհակառակը, ներկա իշխանությունները դրվատանքի են արժանի՝ սեփականաշնորհման գործընթացը ավարտին հասցնելու համար։ Կրիմինալը ջրի երես է դուրս գալիս այն ժամանակ, երբ քննում ենք, թե ինչպե՛ս է իրականացել այդ սեփականաշնորհումը, որքանո՛վ է այն համապատասխանել օրենքի տառին, ի՛նչ գնով են վաճառվել ձեռնարկությունները, որքա՛ն թափանցիկ եւ օրինական են եղել աճուրդները, սեփականաշնորհումից ստացված գումարների ո՛ր մասն է մտել պետական բյուջե, սեփականաշնորհման գործընթացում ի՛նչ դեր է խաղացել հովանավորչությունը եւ այլն։

Հեռուն չգնալու համար՝ փորձեք հիշել կամ պարզել, թե ինչպիսի՛ աճուրդների միջոցով եւ ի՛նչ գնով են վաճառվել Հայաստանի ձեռնարկությունները, կամ ո՛ւմ են պատկանում, ասենք, Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատը, Արարատի եւ Հրազդանի ցեմենտի գործարանները, Հայկական ավիացիան, Արդշինինվեստբանկը, Խնայբանկը, հանրապետության էլեկտրացանցերը, «Կապույտ Սեւան» հանգստարանը, «Լեչկոմիսիա» եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցները, Սեւանի «Սերֆինգ կլուբ» հյուրանոցային համալիրը, երկրի համարյա բոլոր սեփականաշնորհված վարչական շենքերը, Երեւանի ամենաարժեքավոր հողատարածքները, քաղաքային եւ միջքաղաքային երթուղային գծերը եւ այլն։

Վերջին տաս տարում Հայաստանի արտաքին քաղաքականությունն, ահա, այսպիսի դատարկ, գավառական, անիմաստ հայտարարությունների մի շարան է։ Իշխանությունները չեն իսկ անդրադառնում, թե դրանով ինչպիսի ծիծաղելի վիճակի մեջ են դնում թե՛ իրենց, թե՛ մեր երկիրը։ Տպավորություն է ստեղծվում, թե նրանք պետությունը շփոթում են Ստեփանակերտի ԺԷԿ-ի կամ Բուրջ-Համմուդի թաղապետարանի հետ։ Երբ իրենց հայտարարությունների ձեռքը կրակն ընկած Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանը հայտնվում են անհարմար վիճակներում, պատճառաբանում են, թե ճիշտ չեն հասկացվել, կամ իրենց խոսքերը սխալ են թարգմանվել։ Ո՞վ է երբեւէ, անհոդաբաշխ բարբաջանքներից ու հոխորտալից հայտարարություններից բացի, նրանց շուրթերից որեւէ կշռադատված, տրամաբանական վերլուծություն կամ ծրագրային ելույթ լսել արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների մասին։ Ե՞րբ են նրանք իրենց հստակ տեսակետը ներկայացրել արտաքին քաղաքականության այնպիսի կենսական եւ հրատապ հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են, ասենք, Ղարաբաղյան հակամարտության լուծումը, Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացման հաղթահարումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ թեկուզ Ցեղասպանության ճանաչման խնդրի հետապնդումը, որի նպատակը հայտնի չէ ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ նույնիսկ իրենց։

Ազնիվ լինելու դեպքում ներկա իշխանությունները պետք է ընդունեին, որ մեր արտաքին քաղաքականությունը վերջին տաս տարում լիակատար ձախողման կամ կրախի է մատնվել։ Ամերիկյան կոնգրեսից պահանջում էին ուժի մեջ թողնել Ադրբեջանի դեմ կիրառված պատժամիջոցներին վերաբերող 907 բանաձեւը, բայց կոնգրեսը չեղյալ հայտարարեց այն։ Նույն մարմնին պաշտոնապես կոչ էին անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ տեսանք, թե դա ինչ արդյունք ունեցավ։ Թուրքիային հորդորում էին մեզ հետ հարաբերությունները չպայմանավորել հայ-ադրբեջանական հակամարտության գործոնով ու բացել ընդհանուր սահմանը, սակայն ոչինչ չստացվեց։ Սկզբնապես Թուրքիայի առջեւ պայման էին դնում ճանաչել Ցեղասպանությունը, բայց հետո հրաժարվեցին դրանից, համաձայնելով՝ այդ երկրի հետ հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների։ Համաշխարհային հանրությանը թելադրում էին թույլ չտալ Ղարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, բայց դա արդեն իրականություն է դառնում։ Ընդդիմանում էին Ախալքալաքում տեղակայված ռուսական բազայի դուրսբերմանը, սակայն այդ բազան այլեւս գոյություն չունի։ Հոխորտում էին, թե Հայաստանը դեռ 100 տարի էլ կարող է զարգանալ շրջափակման պայմաններում, բայց շարունակ բողոքում են շրջափակումներից։ Պնդում էին, որ հայերն ու ադրբեջանցիներն օրգանապես անհամատեղելի ազգեր են, բայց գիշեր-ցերեկ խոսում են հաշտությունից։ Հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը մեզ համար արդեն լուծված է, բայց, չգիտես ինչու, չեն հրաժարվում բանակցություններից։ Փորձում էին խափանել ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացումը Ստամբուլում, բայց գլխիկոր մասնակցեցին այդ գագաթնաժողովին, ու դեռ ավելին, ստորագրեցին նրա ընդունած հայտնի խարտիան, այդպիսով պետական մակարդակով ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մի խոսքով, դիվանագիտական խայտառակ պարտությունների մի ամբողջ շարան, որոնք խոստովանելու կամ նույնիսկ ըմբռնելու ունակությունը դուրս է Քոչարյանի եւ Օսկանյանի կարողության սահմաններից։

Ի՞նչ կարիք կար ներքաշվել գործընթացների մեջ, որոնք կախված չեն Հայաստանի կամքից, կամ հավակնել դերակատարումների, որոնք վեր են նրա հնարավորություններից։ Այդպիսի անխոհեմության ամենավառ օրինակն է մեր միջամտությունը Եւրոմիության եւ Թուրքիայի հարաբերությունների կառուցման գործընթացին։ Մի՞թե հասկանալի չէ, որ Հայաստանը ո՛չ կարող է նպաստել, ո՛չ էլ խոչընդոտել Թուրքիայի անդամակցությանը Եւրոպական Միությանը։ Մեր ի՞նչ գործն էր, ուրեմն, նամակներ հղել Բրյուսել՝ պահանջելով չսկսել Եւրոմիություն-Թուրքիա բանակցությունները կամ վերջինիս առջեւ նախապայման դնել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մեզ համար ո՞րն է գլխավոր՝ պատշաճ կերպով չձեւակերպված մի սկզբունք, թե՞ Հայաստանի կոնկրետ պետական շահը։ Եւրոպան, եթե ցանկանար, այդ նախապայմանը կդներ առանց մեր խնդրանքի, եւ հավատացած եղեք, այդպես էլ վարվել է։ Եթե Եւրոմիությունն այսօր տարբեր պատրվակներով ձգձգում է Թուրքիայի հետ բանակցությունները եւ նորանոր պայմաններ առաջարկում նրան, դա ընդամենը նշանակում է, որ առայժմ պատրաստ չէ իր կազմում ընդգրկել այդ երկիրը։ Երբ պատրաստ լինի, կբավարարվի Թուրքիայի բացատրություններով եւ մի կողմ կդնի սուր տարաձայնությունները, այդ թվում՝ Ցեղասպանության հարցը։

Հայաստանի իշխանությունների՝ անմեղսունակության հասնող պահվածքն այս հարցում տարօրինակ է նաեւ մեկ այլ առումով։ Մի կողմից կեսբերան հայտարարելով, թե համաձայն են Թուրքիայի անդամակցությանը Եւրոմիությանը, մյուս կողմից նրանք, ինչպես տեսանք, անում են ամեն ինչ՝ դա վիժեցնելու համար։ Ինչո՞վ բացատրել այս երկակի խաղը։ Մի՞թե ակնհայտ չէ, որ Թուրքիայի անդամակցությունը Եւրոմիությանը՝ Հայաստանին ձեռնտու է բոլոր առումներով՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ապահովական։ Ո՞րն է ավելի վտանգավոր՝ Եւրոմիության անդամ Թուրքիան, թե՞ Արեւմուտքից մերժված, հայացքը դեպի Արեւելք շրջած Թուրքիան։ Կամ ո՞րն է ավելի նախընտրելի՝ Արեւմուտքից մեկուսացած Հայաստանը, թե՞ Եւրոմիությանը սահմանակից Հայաստանը։ Մեր երկրի արտաքին քաղաքականությունը վաղուց պիտի պատասխանած լիներ այս պարզ հարցերին։ Ի դեպ, իմ տպավորությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն ավելի լրջմիտ եւ իրատես է, քան Ռոբերտ Քոչարյանը, քանի որ չի տառապում վերջինիս նարցիսիզմով։

Ի՞նչ պիտի անեին Հայաստանի իշխանությունները՝ Եւրոմիությանը Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտելու փոխարեն։ Պիտի անեին իրենց արածի ճիշտ հակառակը։ Այսինքն՝ պետք է բարի կամք դրսեւորեին եւ ոչ մի կերպ չխանգարեին այդ գործընթացին։ Ավելին, պետք է Բրյուսելից պահանջեին չշահարկել Ցեղասպանության ճանաչման հարցը՝ հայ-թուրքական հարաբերությունների այդ բարդ կնճռի լուծումը թողնելով կողմերին։ Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով, ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բոլորովին չեմ կասկածում, որ Թուրքիան վաղ թե ուշ անելու է այդ բանը։ Բայց դա տեղի է ունենալու ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից առաջ, այլ մեր երկրների միջեւ բարիդրացիության, համագործակցության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումից հետո։ Հետեւաբար, զգացմունքները մի կողմ թողնելով, այդ հարաբերությունները պետք է կառուցել մեկնելով այն իրողությունից, որ 1915 թվականի իրադարձությունները Հայաստանը համարում է Ցեղասպանություն, իսկ Թուրքիան՝ ոչ։ Մեզ համար անընդունելի եւ վիրավորական է հայ եւ թուրք պատմաբանների հանձնախումբ ստեղծելու մասին արված հայտնի առաջարկը, քանի որ դա նախ՝ կասկածի տակ է դնում մեր համազգային համոզումը, եւ երկրորդ՝ բազմաթիվ երկրների խորհրդարանների կողմից Ցեղասպանության ճանաչման կայացած փաստն այլեւս ավելորդ ու ժամանակավրեպ է դարձնում նման հանձնախմբի ստեղծումը։

Այն ամենն, ինչ ասվեց Հայաստանի մասին, բոլորովին չի վերաբերում Սփյուռքին։ Ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն ունի իր ըմբռնումն ու օրակարգը, Սփյուռքն՝ իրենը։ Հայաստանը չի կարող եւ իրավունք չունի Սփյուռքին թելադրել իր ըմբռնումն ու օրակարգը։ Աշխարհացրիվ հայ ժողովրդի զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու եւ ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա եւ նրանցից պահանջելու՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին։ Թուրքիան նախ՝ չպետք է Հայաստանը շփոթի Սփյուռքի հետ, եւ երկրորդ՝ չպետք է դժգոհի վերջինիս պահվածքից, քանի որ Սփյուռքը Ցեղասպանության հետեւանքն է։ Թող Ցեղասպանություն չաներ՝ Սփյուռք չէր լինի։

Մենք իրավունք չունենք այլեւս կրկնել 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական մտքի ճակատագրական սխալը եւ հայ-թուրքական հարաբերություններում ապավինել երրորդ ուժի։ Այդպիսի քաղաքականության ողբերգական հետեւանքները հայտնի են բոլորին։ Դա քաղաքականություն էլ չէ, այլ խեղճի, որբի, անզորի հոգեբանություն։ Երբ ուժ չունես պատժելու քո հակառակորդին, հրճվում ես, որ նրան պատժում են ուրիշները։ Ոգեւորվում ես, որ տարբեր երկրներ Թուրքիային վերաբերող աննպաստ որոշումներ են կայացնում։ Եւ վերջապես, ցնծում ես, որ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականը պարտվում է մի այլ հավաքականի։ Մեզանից յուրաքանչյուրը մանուկ հասակում ապրած պետք է լինի այդ հոգեվիճակը։ Երբ քեզ ծեծում էին, ու դու անզոր էիր, ուրախանում էիր, որ մի ուրիշը ծեծում է քեզ ծեծողին։ Երեխան՝ հասկացանք, հասարակ մարդը՝ հասկացանք, իսկ մի՞թե պետական այրն իրավունք ունի առաջնորդվել այս հոգեբանությամբ։

Վերջին շրջանում մի քանի լրատվամիջոցներ ինձ բացահայտել են մի նոր դավաճանության մեջ. թե իբր ես, դիմելով օտարներին, նրանց դրդում եմ միջամտել մեր երկրի ներքին գործերին։ Սա ներելի թյուրիմացություն է, քանի որ այդպես կարծողներն, ըստ երեւույթին, գրագիտության պակասի պատճառով, չեն գիտակցում, որ Եւրոխորհուրդը, նրա Խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ-ն մեր սեփական կազմակերպություններն են, եւ ոչ թե օտար մարմիններ։ Չեն գիտակցում նաեւ, որ Հայաստանը, լինելով այդ կառույցների լիիրավ անդամ, պարտավորություններ է ստանձնել նրանց առջեւ։ Հետեւաբար, մենք մեր իսկ կառույցներից ընդամենը պահանջում ենք վերահսկել այդ պարտավորությունների կատարումը։ Պահանջը հիմնված է այն ակնհայտ իրողության վրա, որ եթե մեր պետությունը պարտավորություններ է ստանձնել այդ կազմակերպությունների առջեւ, ապա դա նշանակում է, որ այդ կազմակերպություններն էլ պարտավորություններ են ստանձնել մեր ժողովրդի առջեւ։ Այս ամենից հետեւում է, որ նշված կառույցներն օտար համարելու դեպքում Հայաստանն, ընդհանրապես, տեղ չպետք է ունենա որեւէ միջազգային կազմակերպությունում։

* * *

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այս օրերին իրենց մխիթարում են, թե Տեր-Պետրոսյանի փամփուշտներն արդեն սպառվել են, եւ նա իրենց մասին այլեւս նոր ասելիք չունի։ Խորապես ցավում եմ, բայց կրկին պիտի հիասթափեցնեմ նրանց։ Նախ՝ մինչ այժմ արձակված փամփուշտները դեռ սլանում են, եւ, հազար տարի էլ անցնի, նրանք չեն ազատվելու ավազակապետի պիտակից։ Եւ երկրորդ, ինչպես ակնհայտորեն հետեւում է այս ելույթից, իմ փամփուշտներն անսպառ են, որքան անսպառ են անբաժան զույգի դեռեւս մինչեւ վերջ չբացահայտված օրինազանցությունները։

* * *

Որոշ լրագրողներ եւ նույնիսկ համակիր քաղաքական գործիչներ ինձ համարում են Սերժ Սարգսյանի միակ կամ ամենալուրջ այլընտրանքը։ Եթե նրանք կարծում են, թե դրանով ինձ պատիվ են մատուցում, ապա չարաչար սխալվում են։ Օրինական ընտրություններ անցկացնելու պարագայում Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարող է հաղթել նախագահացու վարչապետին։ Այնպես որ Սերժ Սարգսյանն իրականում այլընտրանք չունի։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ունի, ապա այդ այլընտրանքը Սաշիկն է կամ Թոխմախի Մհերը։

* * *

Ի դեպ, Թոխմախի, կամ ավելի ճիշտ, Բոշի-մայլի Մհերի մասին։ Մտքի այդ տիտանը վերջերս անզգուշություն ունեցավ կատարելու երեք սայթաքում. առաջին՝ Երեւանի երկու բարեհամբավ, բայց անանուն թաղապետերից մեկի անձում ճանաչեց իրեն. երկրորդ՝ մատնեց կամ զրպարտեց իր գործընկերոջը. եւ երրորդ՝ իր վրա քրեական հոդված վերցրեց, խոստովանելով, որ 1996 թվականին կոպիտ ընտրախախտումներ է թույլ տվել։ Թող, ուրեմն, չկասկածի, որ երեք ամիս հետո նա դատվելու է հենց 1996-ին կատարած ընտրախախտումների համար։

* * *

Նոյեմբերի 29-ին, թաղային տխրահռչակ ոստիկանապետերից մեկը բերման է ենթարկել մի քաղաքացու եւ «բարեկամաբար» հորդորել ետ կանգնել ինձ սատարելու մտքից՝ միաժամանակ սպառնալով, որ հակառակ դեպքում նրանից կխլի իր խանութը։ Երբ քաղաքացին առարկել է ասելով, թե՝ «ո՞նց կխլես իմ սեփականությունը», ոստիկանապետը պատասխանել է. «Էս երկիրն էլ Ռոբի ու Սերժիկի սեփականությունն է. բա դուք ո՞նց եք ուզում խլել նրանց ձեռից», ավելացնելով նաեւ, որ «տաս տարի Սերժիկն է նստելու նախագահ, դրանից հետո էլ՝ Ռոբի տղեն»։ Կարելի է ուղղակի հիանալ այս հիրավի տաղանդավոր ոստիկանապետի խորաթափանցությամբ, որն ապշեցուցիչ ճշգրտությամբ է ընկալել Հայաստանում հիմնադրված թաթար-մոնղոլական խանության էությունը։

* * *

Այս օրերին մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հանրապետության նախագահի համար, 45 միլիոն դոլարով գնվել է «Էյրբաս Ա-319» մակնիշի մի շքեղ ինքնաթիռ։ Կարծում եմ, մեր երկիրն այսօր այն վիճակում չէ, որ իրեն շռայլություն թույլ տա 45 միլիոն դոլարի արժողությամբ ինքնաթիռ գնել։ Այդ գումարը կբավականացներ առնվազն 200 դպրոց վերանորոգել կամ, Սփյուռքից տարեկան 4-5 միլիոն դոլար մուրալու փոխարեն, կառուցել Ղարաբաղի բոլոր ճանապարհները։ Ուստի պաշտոնապես հայտարարում եմ՝ նախագահ դառնալու դեպքում ես կկարգադրեմ անմիջապես վաճառել այդ ինքնաթիռը եւ գումարը մուտքագրել պետական բյուջե։

* * *

Ավարտելով ելույթս, այս անգամ ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, որոնց հանճարեղ մտքերն ու ոսկեղենիկ արտահայտությունները մեծապես նպաստում են իմ քարոզարշավին։ Նրանց յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր դիմախաղ, յուրաքանչյուր կեղծ ժպիտ անսահմանորեն հզորացնում է ձեր շարժումը։ Ուստի մի՛ գանգատվեք, մի՛ բողոքեք նրանցից, այլ գոհացեք, որ Աստված ձեզ այդպիսի անճարակ մրցակիցներ է պարգեւել։ Նրանք այսօր ամենաօգտակար գործիքն են՝ մեր ընդհանուր նպատակի իրականացմանը ծառայեցնելու համար։

Շնորհակալություն ուշադրության եւ համբերության համար։ Բարի գիշեր։

2007-12-08

http://www.levonpresident.am/?catID=20&contID=85