Յովհաննէս Քաջազնունի. «Ազգ և Հայրենիք» (մաս երկրորդ)

1344

ԾԱՆՈԹ. – Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» կոթողային աշխատությունը: Այն ընթերցողների սեղանին կդրվի սեպտեմբերի կեսերին: Այսօր ներկայացնում ենք աշխատության երկրորդ մասը (մասերի բաժանումը պայմանական է):

Kadjaznuni Azgcover

Եւրոպական լեզուների մէջ «ազգ» բառին տրւում է յաճախ պետական իմաստ. ազգը (ֆրանսերէն nation, լատինական natio բառից) հասկացւում է իբրեւ պետութիւն կազմող հպատակների հաւաքականութիւն:

Գաղափարների մէջ տարբերութիւն մտցնելու համար 18րդ դարի վերջերում, ֆրանսիական մեծ յեղափոխութեան ժամանակ, գործածութեան մէջ դրուեց «ազգութիւն» բառը,-nationalité (national բառից, որ ինքը nation-ի ածականն է): Իսկ նորերումս գիտնականները (R. Yohannet) յօրինել են նոյնիսկ nationalitairé ածականը՝ national ածականից տարբերելու համար:

Բայց բառերի ձեւափոխումը չի վերացրել գաղափարների շփոթը: Այսօր էլ nationalite բառը չունի հայերէն «ազգի» իմաստը, այսինքն՝ չի նշանակում մարդկային մի ուրույն միութիւն, այլ նշանակում է՝ կամ nationին պատկանող յատկութիւնների գումար կամ նոյնինքը nation: Իսկ nationի իմաստը մնում է նոյնը, ինչ եղել է 18րդ դարում, այսինքն՝ պետութիւն կազմող մարդկանց հավաքականութիւն: Կան հեղինակներ (Ramsay Muir), որոնք այսօր էլ ոչ մի տարբերութիւն չեն դնում nation ու nationalité (ազգ ու ազգութիւն) բառերի միջեւ: Իսկ Encyclopadia Britanicaն (աշխարհահռչակ Բրիտանական Բառարանը) ազգութիւն բառին (անգլիերէն՝ nationality) տալիս է, իբրեւ առաջի մեկնութիւն, ճիշդ նոյն իմաստը, ինչ որ ունի ֆրանսիական nationը:

Ֆրանսիացու համար la nation francaise ասել է պարզապէս ֆրանսիահպատակ ժողովուրդ եւ le francais՝ ֆրանսիական հանրապետութեան քաղաքացի: Ազգութիւնը որոշւում է պետական պատկանելիութիւնով:

Բառի այս իմաստով, մինչեւ 1918 թուականը հայ ազգը գոյութիւն չունէր, ինչպէս գոյութիւն չունէր նաեւ հայ մարդը. ֆրանսիացու համար տաճկահայը՝ le turc էր, ռուսահայը՝ le russe եւ պարսկահայը՝ le persan:

Տարիներ առաջ ես փորձ եմ արել բացատրելու մի ոչ-տգէտ ֆրանսիացու, որ հայ եմ, ռուս չեմ, եւ յաջողութիւն չեմ ունեցել: Ազգութեան գաղափարը, նոյնիսկ ծագումը ֆրանսիացին կապում է անքակտելիօրէն պետական գաղափարի հետ:

Փարիզի ոստիկանութիւնը մի յատուկ բաժանմունք ունի, ուր պարտաւոր են արձանագրուելու բոլոր օտարականները: Այդ հիմնարկութեան մէջ ձեր nationalitéն արձանագրւում է ըստ ձեր անցագրի, որ պետութեան անցագիր որ ունիք ձեռներումդ, այն ազգութեան էլ պատկանում էք:

Վերսայլի դաշնագրով հիրմնադրուծ La Ligue des Nationsը իրօք nationների (ազգերի) դաշնակցութիւն չէ, այլ պետութիւնների դաշնակցութիւն: Եթէ այդպէս չլինէր, Լիգին չէին մասնակցի Հարաւային Ափրիկէի կամ Զուիցերիական դաշնակցութիւնները, չէին հրաւիրուի մասնակցելու Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգները, եւ դրան հակառակ, կը հրաւիրուէին իրլանդացիները, ֆլամանդները, հրեաները, բասկերը, որոնք «ազգեր» են, թէեւ պետութիւններ չեն կազմում:

Գաղափարների շփոթը բխում է այն սխալ ենթադրութիւնից, թէ ամէն մի ազգ կազմում է մի առանձին պետութիւն եւ ամէն մի պետութիւն կազմուած է մի առանձին ազգից, այսինքն՝ պետութիւնը ուրիշ բան չէ, քան կազմակերպուած ազգ եւ ազգը ուրիշ բան չէ քան պետական միութիւն:

Իրականութիւնը այդ չէ, սակայն:

Անշուշտ, կան պետութիւններ ու ազգեր (եւ դա մեծ բախտաւորութիւն է), որ բաւականին մօտ են այդ իդէալական տիպին: Օրինակ՝ Ֆրանսիան, Իտալիան, Սպանիան, Շուէդիան, Նորվեգիան… Այս պետութիւնները կարելի է անուանել, աւելի կամ պակաս վերապահումներով, ազգային կամ միազգեան պետութիւններ: Կարելի է ասել, դարձեալ որոշ վերապահումներով, թէ Ֆրանսիան կամ Շուէդիան կազմող քաղաքացիները պատկանում են համարեա ամբողջովին ֆրանսիական եւ շուէդական ազգերին: Եւ միւս կողմից, ֆրանսիական ու շուէդական ազգերը կազմող համարեա բոլոր զանգուածները մտնում են ֆրանսիական ու շուէդական պետութիւնների մէջ:

Այս տիպի պետութիւնները կազմուած են մօտաւորապէս մէկ ազգից միայն եւ այս կարգի ազգերը համարեա ամբողջովին պարփակուած են մէկ պետութեան մէջ միայն: Ազգային եւ պետական սահմանները նոյնն են համարեա եւ համապատասխան գաղափարները մօտաւորապէս ծածկում են իրար:

Բայց միազգեան պետութիւնների կողքին գոյութիւն ունեն նաեւ բազմազգեան պետութիւններ եւ այստեղ արդէն անվիճելիօրէն հանդես է գալիս «ազգ» եւ «պետութիւն» գաղափարների բացարձակ անկախութիւնը:

Թիւրքիան, Ռուսիան ու Աւստրօ-Հունգարիան մեծ պատերազմից առաջ, իսկ Բրիտանական կայսրութիւնը, Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Զուիցերիական Դաշնակցութիւնը նաեւ այսօր բազմազգեան պետութիւններ էին ու են:

Օսմանեան կայսրութեան մէջ, օսման թուրքերի հետ միասին, մտնում էին նաեւ արաբներ, առնաւուտներ, չերքէզներ, քուրդեր, յոյներ, հայեր, հրեաներ… Սրանք բոլորն էլ տարբեր ազգեր են, թէեւ պարփակուած էին մէկ պետական շրջանակի մէջ:

Ռուսական լայնածաւալ կայսրութեան մէջ, բացի ռուսներից ու իրենց ազգակից ուկրայինացիներից, մտնում էին նաեւ ֆիններ, լետոններ, լատիշներ, լիտուանացիներ, լեհեր, հրեաներ, թուրքեր, կիրգիզներ, սարթեր, չերքէզներ, լեզգիներ, վրացիներ, հայեր, գերմանացիներ… Սրանք բոլորն էլ հպատակ էին միեւնոյն ռուսական պետութեան, բայց ոչ մի ազգային կապակցութիւն չունէին ոչ իրար մէջ, ոչ էլ ռուսների հետ:

Հաբսբուրգների կայսրութեան մէջ, բացի գերմաններից ու հունգարներից, մտնում էին նաեւ չեխեր, սլաւոններ, իտալացիներ, խրուատներ, ռուսիններ, լեհեր, հրեաներ… Դարձեալ՝ բազմազան ազգեր նոյն պետական կազմի մէջ:

Նոյնը եւ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգներում (անգլիացիներ, իրլանդացիներ, գերմանացիներ, իտալացիներ, մեքսիքացիներ, հնդիկներ, նեգրեր, հրեաներ…)

Նոյնը եւ փոքրիկ Զուիցերիայում (գերմանացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ):

Որո՞նք են այս պետական միութիւնները կազմող ազգային միութիւնները:

Զուիցերիական ազգ չկայ, ինչպէս չկան Հիւսիս-Ամերիկեան կամ Հարաւ-Ամերիկեան ազգեր: Կարելի է ասել՝ Ռուսիայի, Թիւրքիայի կամ Աւստրիայի հպատակներ, քաղաքացիներ, բայց չի կարելի ասել՝ Ռուսիայի ազգ, Թիւրքիայի ազգ, Աւստրիայի ազգ:

Իրական պետութիւնները (նոյնիսկ միազգեան համարուողները) պարփակում են իրենց մէջ, բացի հիմնական, թուով գերիշխող կամ քաղաքականօրէն տիրապետող ազգից, նաեւ ուրիշ ազգեր, աւելի կամ պակաս մեծ զանգուածներով: Պետութիւնը մէկ է, բայց այդ պետութիւնը կազմող ազգերը՝ մէկից աւելի: Կան պետական միութիւններ, բայց այդ միութիւնների շրջանակում ազգային միութիւններ չկան:

Իրականութեան մէջ պետութիւնները ազգայնօրէն միատար չեն, նոյնիսկ այնպիսի ազգային պետութիւններ, ինչպէս որ են Ֆրանսիան, Սպանիան, Շուէդիան, Պրուսիան եւայլն: Եթէ Ֆրանսիայում ֆլամանդներն ու պրովանսալները վաղուց արդէն կլանուել են, ձուլուել տիրող ազգի մէջ, բրետոնները հիւսիս արեւմուտքում եւ բասկերը հարաւ-արեւմուտքում մինչեւ այսօր էլ պահել են իրենց ազգային անհատականութիւնը: Սպանիան մասամբ կոտորել, մասամբ արտաքսել ու մասամբ էլ ազգայնօրէն չէզոքացրել է մաւրերին ու հրեաներին. բայց բասկերը դեռ մնում են իրենց լեռների մէջ: Շուէդիայում բացի շուէդներից կան ֆիններ, ինչպէս եւ Պրուսիայում, բացի գերմաններից կային խոշոր զանգուածներով նաեւ լեհեր ու լիտուանացիներ:

Միւս կողմից, միեւնոյն ազգը միեւնոյն ազգին պատկանող մարդիկ յաճախ բաժանուած են լինում տարբեր պետութիւնների մէջ:

Ֆրանսիական ազգին պատկանող հատուածները գոյութիւն ունեն նաեւ Ֆրանսիայի սահմաններից դուրս, օրինակ՝ Զուիցերիայում (Ժնեւի, Վոյի եւ Նիւշատելի կանտոններ). գերմանացիները՝ Աւստրիայում, Զուիցերիայում, Հիւսիսային Ամերիկայում, Ռուսիայում. անգլիացիները՝ նոյն Միացեալ Նահանգներում (եթէ հաշուի չառնենք Կանադան, Աւստրալիան կամ Նոր Զելանդիան, որոնք պետականօրէն դեռ մնում են կապուած Անգլիայի հետ, բայց արդէն կանգնած են անջատման ճամբու վրան). սպանացիներն ու պորտուգալացիները՝ Կենտրոնական ու Հարաւային Ամերիկայի հանրապետութիւններում. թուրքերը՝ Ռուսաստանում (Ղրիմ, Վոլգա, Թուրքեստան, Անդրկովկաս) ու Պարսկաստանում (Ատրպատական)…

Այսինքն՝ միեւնոյն ազգերը բաժանուած են տարբեր պետութիւնների մէջ. ազգային միութիւններ կան, բայց համապատասխան պետական միութիւններ չկան:

Յետոյ՝ կան ազգեր, որ ոչ մի պետութիւն չեն կազմում (կամ չէին կազմում ամենամօտ անցեալում): Մեծ պատերազմից առաջ ֆինները, լատիշները, էստոնները, լիտուանացիները, լեհերը, չեխերը, սլաւոնները, իրլանդացիները, հայերը, վրացիները չունէին պետութիւններ, ինչպէս չունեն մինչեւ այսօր բելգիական ֆլամանդները, բրետոնները, բասկերը, քուրդերը, լազերը, չերքեզները, օսերը, լեզգիները, վոտեակները, բուրեատները եւ ուրիշ մանր ազգերը:

Ազգերը կային (ու կան), մինչդեռ համանուն պետութիւնները չկային (ու չկան):

Մի ուրիշ հանգամանք եւս. պետական սահմանները անկայուն են, ենթակայ ամէն տեսակ պատահարնների ու յանկարծական փոփոխումների, մինչդեռ ազգը շատ աւելի հաստատուն եւ տեւողական երեւոյթ է: Մի պատերազմի ու դաշնագրութեան հետեւանքով (իսկ անցեալում նաեւ վեհապետների ամուսնութեան պատճառով կամ ժառանգական կարգով) պետութեան սահմանները կարող են փոխուել մի օրուայ մէջ, բայց այդ սահմանների մէջ ապրող մարդիկ մնում են ազգայնօրէն նոյնը, ինչ որ եղել են:

Անգլիացի պատմաբան Greenը ասում է, որ պետութիւնը պատահական երեւոյթ է, որ հեշտութեամբ կարող է կազմուել ու լուծուել. մինչդեռ ազգը իրականութիւն է, որ ոչ կարելի է շինել, ոչ էլ քանդել:

Արտայայտութիւնը՝ իր կտրուկութեամբ, ճիշդ չէ. պետութիւնը պատահական երեւոյթ չէ եւ այնքան էլ հեշտութեամբ չի կազմւում. միւս կողմից՝ ազգութիւններն էլ շինւում են ու քանդւում: Բայց անհերքելի է, որ վերջին պրոցեսների համար հարկաւոր են գերազանցօրէն մեծ ոյժեր եւ շատ երկար ժամանակ՝ դարեր ու սերունդներ:

Մեծ պատերազմից յետոյ, մի-երկու տարուայ ընթացքում, մի քանի դաշնագրերով, Եւրոպայի ու Մերձաւոր Արեւելքի քաղաքական քարտէզը հիմնովին փոխուեց, մինչդեռ ազգագրական քարտէզը (բացառութեամբ թուրքական նահանգների Փոքր Ասիայում) մնաց նոյնը կամ համարեա նոյնը:

Ալզասի բնակիչները, որ 1870 թուականին համարւում էին ֆրանսիացի, հօ չէի՞ն կարող յաջորդ տարին գերմանացի դառնալ եւ ապա՝ կէս դար գերմանացի լինելուց յետոյ՝ 1919 թուականին նորից ֆրանսիացիի վերածուել: Կարելի՞ է ընդունել, որ Թրակիայի թուրքը՝ մի մարդ, որ ամբողջ կեանքը թուրք է եղել ոտից մինչեւ գլուխ, հոգիով ու մարմնով, իր բոլոր բնազդներով, բոլոր հասկացողութիւններով ու հակումներով, իր ամբողջ ինքնագիտակցութիւնով, որ այդ թուրք մարդը՝ այսինչ քաղաքում այնինչ թուղթը ստորագրելուց յետոյ յանկարծ հելլէն դառաւ (հելլէն ազգութիւնով եւ ո՛չ հպատակութիւնով) ու երկու տարի չանցած՝ Մուսթաֆա Քեմալ փաշայի յաղթութիւնների շնորհիւ՝ դարձեալ թուրքացաւ: Կարելի՞ է ընդունել, որ մինչեւ այսինչ թիւը լեհական ազգը  գոյութիւն չունէր եւ մի գեղեցիկ օր՝ համաձայն այնինչ դաշնագրի, ծնունդ առաւ ու ասպարէզ իջաւ, կազմ ու պատրաստ:

Ի հարկէ, ազգերը անսկիզբ չեն, ոչ էլ յաւիտենական: Ազգերը (ինչպէս եւ պետութիւնները) ծնւում են, ապրում, զարգանում, ծաւալւում ու մեռնում: Բայց, ասացի արդէն, այդ պրոցեսը կատարւում է շատ դանդաղ եւ երբեք չի կարող նոյնացուել պետական կեանքի հետ:

Հետագայում կը տեսնենք, թէ ի՛նչ մեծ նշանակութիւն ունեն պետական կազմակերպութիւնները ազգերի գոյութեան համար: Բայց որքան էլ մեծ լինի այդ նշանակութիւնը, այնուամենայնիւ չի կարելի չտեսնել, որ ազգն ու պետութիւնը տարբեր երեւոյթներ են, ազգային գաղափարն ու պետական գաղափարը՝ տարբեր գաղափարներ:

Ազգը պետութիւն չէ, ոչ էլ պետութիւնը ազգ:

III

Պետական գաղափարի փոխարէն երբեմն առաջադրւում է աշխարհագրական գաղափար եւ ազգային միութիւններին տրւում է territorial (երկրային) միութիւնների բնոյթ, teritorial՝ անկախ պետական սահմաններից, որոնք յաճախ արհեստական են ու միշտ երերուն, մինչդեռ աշխարհագրական սահմանները բնական շրջանակներ են՝ երկիրն ու նրա վրայ ապրող մարդկութիւնը անջատ հատուածների բաժանելու համար:

Իրողութիւն է, որ ազգերը յաճախ ստանում են իրանց անունները երկիրներից կամ հակառակը՝ իրանց անուններով կնքում են երկիրները: Մեր հին պատմագրերն ու աշխարհագէտները ասում են. Հայք, Վիրք, Աղուանք, որ նշանակում է՝ հայերի երկիր, վիրերի (վրացիների) երկիր, աղուանների երկիր: Միւս կողմից, ֆրանսիական ազգը ստացել է իր անունը Ile-de-france գաւառից, իտալականը՝ Իտալիա աշխարհագրական անունից եւայլն: Անունների այս նոյնութիւնը ցոյց է տալիս անշուշտ, թէ որքան սերտօրէն կապուած եւ մօտ են եղել իրար, անունները յօրինողների ըմբռնողութեան մէջ, ազգ ու երկիր գաղափարները:

Իրողութիւն է նոյնպես, որ ազգերը (ոչ միայն իբրեւ ժողովուրդներ, այլ նաեւ իբրեւ ազգեր) խիստ սերտօրէն կապւում են իրենց երկիրների հետ: Ամէն ազգ ունի մի աշխարհագրական վայր, որ իրենն է համարում. եւ այդ վայրը դառնում է մի տեսակ ազգային սիմբոլ (խորհրդանիշ), սրբազան անուն, սիրոյ ու պաշտամունքի առարկայ, այն աստիճանի, որ եթէ նոյնիսկ ինքը իրը այլեւս գոյութիւն չունի, կորցուած է ազգի համար (ինչպէս Պաղեստինը կորցուած է հրեաների համար), նա շարունակում է յամառօրէն ապրել իբրեւ սոսկ գաղափար (սիոնիզմ):

Թերեւս կարելի լինէր աւելացնել մի-երկու դիտողութիւններ եւս յօգուտ «երկրային» տեսակէտի, բայց եւ այնպէս թէզը կը մնար անպաշտպանելի:

Եթէ ազգը լինէր ազգակցական միութիւն (ցեղային հաւաքականութիւն) կամ քաղաքական միութիւն (պետական կազմակերպութիւն), պարզ է որ երկրի նշանակութիւնը կը դառնար վճռական. ցեղային ինքնուրոյնութիւնը կամ պետական կազմը պահելու համար, մարդկային խմբակցութիւնները անհրաժեշտօրէն պիտի կապուին որոշ հողամասի հետ եւ ամփոփուին նրա սահմանների մէջ. երկրից պոկուած՝ ոչ ցեղ կարող է լինել, ոչ պետութիւն:

Բայց ազգը ցեղային միութիւն չէ, ոչ էլ պետական եւ նրա կապը որոշ աշխարհագրական վայրի հետ չի հանդիսանում իբրեւ conditio sine qua non. ապացոյց՝ ազգագրական քարտէզները:

Դանուբի կամ Վոլգայի աւազանները, Կովկասն ու Անդրկովկասը, Հայկական Բարձրաւանդակը ու Փոքր Ասիան, Բալկանեան թերակղզին ամբողջովին ու Մակեդոնիան մասնաւորապէս, Ալպեան լեռներն ու Մերձ-Բալտեան երկիրը, Հիւսիս-Ամերիկյան մեծ տափարակը ու Կենտրոնական Ամերիկայի պարանոցը. սրանք բոլորն էլ որոշակի սահմանուած աշխարհագրական միութիւններ են, բայց սրանց բոլորի էլ ազգագրական քարտէզը շատ բազմագոյն է:

Territoireը (երկիրը) չի բնորոշում ազգը:

Ազգերը չեն պարփակւում միայն որոշ աշխարհագրական սահմանների մէջ, յաճախ դուրս են գալիս այդ սահմաններից, նուաճում են ուրիշ աշխարհագրական միութիւններ, տարածւում են երկրի զանազան կողմերը, պահելով հանդերձ իրենց ազգային դէմքն ու գիտակցութիւնը: Եւ հակառակը. նոյն աշխարհագրական սահմանների մէջ կենակցում են մէկից աւելի ազգեր, կենակցում են կողք-կողքի, յաճախ անբաժանելիօրէն խառնուած իբրեւ ժողովուրդնէր, բայց որոշակի անջատուած իբրեւ ազգեր: Օրինակ՝ Միջին Եւրոպան, Բալկանեան թերակղզին, Փոքր Ասիան, Կովկասը:

Չպիտի շփոթել «ժողովուրդն» ու «ազգաբնակութիւնը» «ազգի» հետ. սրանք տարբեր բաներ են: Կայ Կովկասի ազգաբնակութիւն, Մակեդոնիայի ազգաբնակութիւն, բայց չկայ կովկասեան ազգ, մակեդոնեան ազգ:

Շարունակելի