Թաթուլ Հակոբյանը սեպտեմբերի 11-ին՝ Դետրոյտում. «Արցախյան օրագիր», «Հայերը և թուրքերը»

649

2016 թվականի սեպտեմբերի 11-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը Արցախյան կարգավորման, Երևան-Անկարա հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների և հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի թեմաներով դասախոսություն կկարդա ամերիկյան Դետրոյտ քաղաքում, Միչիգանի նահանգ:

Ձեռնարկի կազմակերպիչներն են Համազգային հայ կրթական և մշակութային միության ու Հայ դատի տեղական գրասենյակները և Հայ առաքելական եկեղեցին: Միջոցառումը կկայանա Դիրբորնի Հայկական համայնքային կենտրոնում (Armenian Community Center, 19300 Ford Road, Dearborn, MI) սեպտեմբերի 11-ին կեսօրից հետո ժամը 13.00-ին:

 

Դասախոսություն ունկնդրելուց բացի, ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախեան օրագիր», «Karabakh Diary: Green and Black», «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը», «Armenians and Turks» հատորները:

Նախօրեին՝ սեպտեմբերի 10-ին, Հակոբյանը դասախոսություն կկարդա ամերիկյան Չիկագո քաղաքում, Իլինոյիսի նահանգ: Ձեռնարկի կազմակերպիչներն են Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Չիկագոյի մասնաճյուղը և «Բարև» ամսագիրն ու նրա խմբագիր Միսակ Գալյանը: Դասախոսությունը տեղի կունենա տեղի ՀԲԸՄ սրահում, երեկոյան ժամը 7.30-ին:

Մինչ այդ Հակոբյանը դասախոսություններ կկարդա Նյու Յորքում, Բոստոնում և Վաշինգտոնում:

Նյու Յորքի և Բոստոնի միջոցառումները հաստատված են՝ համապատասխանաբար սեպտեմբերի 6-ին և 8-ին: Տեղի և ժամի մասին կտեղեկացվի հավելյալ՝ առաջիկա օրերին:

Թաթուլ Հակոբյանը Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակիցն է (2005 թվականից ի վեր), ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր): Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ:

Լրագրող Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:

Հակոբյանը առաջիկայում կհրատարակի «Հայաստանը 1988-ից ի վեր. ժողովրդավարության և ավտորիտարիզմի փակուղում» հաստափոր հատորը:

 

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Դիտել նաև՝