Ռեժիմը ևս պետք է վար դնի զենքը՝ այսօր և ընդմիշտ

1789

Զենքով, զինված ճանապարհով իշխանափոխության հասնելու նպատակները արդարացված չեն և չի կարելի արդարացնել, անկախ նրանից, թե որքան են անընդունելի իշխանությունները և նրանց քաղաքականությունը:

Բայց նրանք, ովքեր այսօր դատապարտում են «Սասնա ծռեր» զինյալ խմբին, պարտավոր էին ժամանակին դատապարտել նաև Հայաստանի նախկին ու ներկա իշխանություններին, երբ նրանք զենք էին գործադրում և կրակում սեփական ժողովրդի վրա, երբ այդ ժողովուրդը անզեն դուրս էր գալիս փողոցներ ու պահանջում արդար ընտրություններ:

1996-ի սեպտեմբերին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը զրահատեխնիկան բերեց Երևանի կենտրոն՝ սպառնալով սեփական ժողովրդին, որ սեպտեմբերի 25-ի դեպքերից հետո ուժային նախարարությունները որպես նախագահ չեն ճանաչի Վազգեն Մանուկյանին, «եթե նա նույնիսկ հարյուր տոկոս ձայներ ստանար»: Ուժային մյուս երկու նախարարությունները՝ ներքին գործերն ու ազգային անվտանգությունը, համապատասխանաբար ղեկավարում էին Վանո Սիրադեղյանն ու Սերժ Սարգսյանը:

Մոռացե՞լ եք եռյակի գիշերային հայտարարություն-սպառնալիքը: Մոռացե՞լ եք, որ Սերժ Սարգսյանը դավաճան էր անվանում Վազգեն Մանուկյանին, որի դավաճանությունը նրա հաղթանակն էր Սերժ Սարգսյանի սիրելի Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ:

Այսինքն, երբ դուք կեղծում եք ընտրությունները և հայ ժողովրդին պարտադրում նախագահ, որը չի ընտրվել, դուք իրավունք ունե՞ք տանկերով լռեցնել ժողովրդին:

2008-ին ո՞վ զենք կիրառեց սեփական ժողովրդի դեմ: Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, ով արդեն հայտնվել էր ընդդիմության դերում և պայքարում էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դեմ: Այս անգամ Քոչարյանն ու Սարգսյանը դիմեցին զենքի զենքի ուժին: Ընդ որում, դա արեցին հատուկ հայտարարությամբ:

Հիմա շատերիդ ձեռնտու չէ հիշել այս հայտարարությունը, որ հեռուստատեսությամբ կարդում էր ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը.

«Դիմում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին՝ խնդրելով զերծ մնալ արտակարգ դրությամբ նախատեսված արգելքները շրջանցելու փորձերից, հանդես բերել բարձր քաղաքացիական գիտակցություն և ըմբռնումով մոտենալ պետության, այդ թվում՝ մեր Զինված ուժերի կողմից արտակարգ դրությամբ պայմանավորված միջոցառումների իրականացմանը: Կուզենայի նաև նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ ցանկացած փորձ՝ ներգրավվելու արտակարգ դրությամբ արգելված միջոցառումների կազմակերպմանը կամ մասնակցությանը, Հայաստանի Զինված ուժերի կողմից անմիջապես արժանանալու է համարժեք և խիստ հակազդեցության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Խնդրում եմ, մասնավորապես, զերծ մնալ Երևան քաղաքում թեկուզ և փոքր խմբերով հավաքվելու փորձերից: Նմանատիպ ամենափոքր կասկածների դեպքում անգամ Հայաստանի Զինված ուժերը պարտավոր են Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված համապատասխան միջոցներ ձեռնարկել օրինազանցների նկատմամբ»:

Մոռացե՞լ եք: Թե կարծում եք, որ իշխանությունը իրավունք ունի կրակել սեփական ժողովրդի վրա:

Ուրեմն, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին արգելված չէ՞ զենք կիրառել սեփական ժողովրդի դեմ: «Սասնա ծռեր»-ին ահաբեկիչներ անվանողնե՛ր, մոռացել ե՞ք, թե մեր անկախության պատմության 25 տարիներին իշխանությունները քանի անգամ են զինք կիրառել սեփական ժողովրդի դեմ:

2004-ի ապրիլին ո՞վ էր բիրտ ուժ կիրառում սեփական ժողովրդի դեմ: Ո՞վ էր կեսգիշերին Երևանի կենտրոնում ծեծելով հետապնդում այսօր արդեն ռեժիմի հլու կամակատարներ Արտաշես Գեղամյանին ու Շավարշ Քոչարյանին:

Այո, այն վիճակը, որի մեջ այսօր հայտնվել էր Հայաստանը, տագնապալի է ու մտահոգիչ:

Այո, «Սասնա ծռեր»-ը պետք է վար դնեին զենքը, որովհետև չկար այլընտրանք, իրավիճակը հղի էր անկանխատեսելի հետևանքներով:

Բայց նաև ու առաջին հերթին ռեժիմը պետք է վար դնի զենքը և դադարեցնի սեփական ժողովրդի կեղեքումը:

«Սասնա ծռեր»-ը օդից չեն ընկել:

«Սասնա ծռեր»-ի անդամներին ահաբեկիչ կոչելով՝ Հայաստանի (ոչ օրինական) իշխանությունները, (ոչ օրինական) մտավորակաությունը պայմաններ է ստեղծում, որպեսզի կրկնվեն պատային, փակուղային այն իրավիճակները, որոնցում է երկիրն այսօր:

Այսօր «Սասնա ծռեր»-ն են զինված ապստամբություն բարձրացրել Սերժ Սարգսյանի և Հանրապետական ռեժիմի դեմ, վաղը նույնը կանեն (գոյություն չունեցող) «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ» և վերջապես «Փոքր Մհեր» զինված խմբավորումները:

«Մեր դեմ խաղ չկա» մտածելակերպը կարող է գոյություն ունենալ և իրական կյանքում դրսևորվել մինչև այն պահը, երբ հրապարակ է իջնում «Սասնա ծռեր»-ը:

Դուք, անշուշտ, կարող եք կեղծել նաև 2017-ի ընտրությունները, անհրաժեշտ տոկոսներ շպրտել “ազգային” ու “ապազգային” կուսակցություններին, շարունակել կեղեքել սեփական ժողովրդին, նրանց մղել պանդխտության, բայց մի զարմացեք, երբ հրապարակ է իջնում «Սասնա ծռեր»-ը:

«Սասնա ծռեր»-ի ծռությունը փնտրեք Բաղրամյան 26-ում:

 

Թաթուլ Հակոբյան

Լուսանակարում՝ 2008 թվականի մարտի 2-ի առավոտը Երևանում