Սարգսյանը և իշխող ՀՀԿ-ն քայքայել են պետականության բոլոր սկզբունքները. Էդգար Մարտիրոսյան

1671

Հարցազրույց փաստաբան Էդգար Մարտիրոսյանի հետ (Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)

Հարց – Սասնա Ծռերի կողմից Երևանի Ոստիկանության պարեկապահակային գնդի երկուշաբաթ տևած գրավումը և նրա շուրջ ծավալված իրադարձությունները ավարտվեցին զինված խմբի հանձնվելով: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը տեղի ունեցած իրադարձություններին և ընդհանուր առմամբ՝ ինչպիսի՞ հավանական հետևանքներ ու ազդեցություն դրանք կարող են ունենալ հասարակության և Հայաստանում քաղաքական զարգացումների վրա:

Էդգար Մարտիրոսյան – Մենք չենք կարող այս դիմակայությունն առանձին դիտարկել: Անհրաժեշտ է այս վերջին երկու շաբաթների իրադարձությունները քննարկենք նախորդ ճգնաժամերի համատեքստում, որոնց գործող վարչախումբը բախվել է իշխանության գալուց ի վեր: Ի վերջո, վերջին երկու շաբաթները հստակ հիշեցում էին մեզ` Հայաստանում և արտերկրում ապրող հայերիս, այն մասին, որ դեռևս դասեր պետք է քաղենք թե՛ մեր սեփական և թե՛ այլ ժողովուրդների պատմությունից: Մեծ հաշվով սա մեկ այլ տխուր գլուխ էր մեր երիտասարդ պետության պատմության մեջ: Եթե, այնուամենայնիվ, կարողանանք հաղթահարել մեր սեփական թերացումները, պատմության այս հատվածը կարող է որոշակի հեռանկար բացել:

Իր հերթին Սերժ Սարգսյանն ապացուցել է, որ հմուտ մարտավար է: Լինի դա «Մարտի 1-ը», «Հայ-թուրքական արձանագրությունները», «Բարեւոլյուցիան», «Էլեկտրիկ Երևանը» կամ այս դիմակայություն, Սարգսյանն առանձնացել է որպես զգույշ, խորամանկ, հաշվարկող քաղաքական գիտակ, որը կարողացել է իր վարչախմբի առջև ծառացած բոլոր այս ճգնաժամերը կառավարել այնպես, որպեսզի կարողանա ավելի ամրապնդել իր իշխանությունը երկրի ներսում և դրանց վերջնական լուծումով ապահովել քաղաքական դիվիդենտներ արտաքին աշխարհում: Մարտի 1-ը դարձավ Քոչարյանի ժառանգությունը, այլ ոչ այնքան իրենը, Թուրքիան առաջինն արձագանքեց արձանագրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանի Ժառանգություն կուսակցությունը հեշտությամբ ապամոնտաժվեց` շնորհիվ Բարեւոլյուցիան կառավարելու Սարգսյանի ջանքերի, իսկ ռուսները ստիպված եղան որոշ բաներ զիջել Էլեկտրիկ Երևանի արդյունքում:

Այժմ Սասնա Ծռերի դիմակայությանն արձագանքելու հարցում Սարգսյանը թերևս նշանակալից կարճաժամկետ հարված է հասցնում ընդդիմությանն ամբողջ երկրով մեկ` միևնույն ժամանակ փորձելով վերականգնել հավասարություն Արցախյան բանակցությունների սեղանին: Հիմնադիր խորհրդարանի առաջնորդների մեծ մասը հայտնվել են ճաղերի հետևում, իսկ Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անդրժիաս Ղուկասյանը և Հովսեփ Խուրշուդյանն այս պահին կալանավորված են և հավանական է, որ պատասխանատվության ենթարկվեն շինծու մեղադրանքով:

Բայց եթե Սարգսյանը միկրո մակարդակում գիտակ է, ապա մակրո մակարդակում` աղետ է: Նա վստահություն չունի երկրի ներսում և ակտիվորեն քայքայել է երկրում ժողովրդավարական կառավարման հիմքերը դնելու բոլոր մնացորդները: Իր դոմինանտությունն ապահովելու համար Սարգսյանը ոչ միայն շարունակել, այլև ընդլայնել է Քոչարյանի վարած քաղաքականությունը` ձևավորելով տգետ, մեծամասամբ բթամիտ Ազգային Ժողով, որի գերիշխող մեծամասնություն ՀՀԿ-ն հեշտությամբ վերահսկվում է` դառնալով կամակատար: Որպես արդյունք` նա հաջողությամբ  դարձել է պատանդ հենց այն նույն ավազակապետության ձեռքին, որի ճարտարագիտության հարցում ունեցել է գլխավոր դերակատարում` զուգադրելով իրենց շահերը պետականի հետ: Եվ մինչ նրա կարճաժամկետ ձեռքբերումները տպավորիչ են զուտ կուսակցական տեսանկյունից, իր վարչախմբի կողմից հարուցած երկարաժամկետ ավերածությունը թերևս կզգացվի (և միգուցե այդ ժամանակ պատշաճ կերպով կընդունվի) Երևանում իր իշխանության փղոսկրյա աշտարակը լքելուց շատ հետո: Ըստ էության, պետության նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար Սարգսյանի ՀՀԿ-ն քայքայել է պետականության բոլոր սկզբունքները` վերածելով ամբողջ երկիրը մի բուռ հավատարիմ մտերիմների անձնական խաղահրապարակի:

Բայց այս խմբակային, անհեռատես քաղաքական մոտեցումը հատուկ չէ միայն Սարգսյանին և նրա ՀՀԿ-ին: Ցավոք, այնպիսի տպավորություն է, որ երկրի ամբողջ քաղաքական կոնյունկտուրան հակված է դրան: Այս առումով, Սասնա Ծռերը քաղաքական փիլիսոփայության մեջ հիմնավոր կերպով չտարբերվեցին, նրանք պարզապես ներկայացան որպես մեծահոգի այլընտրանք ներկայիս չսիրված իշխանություններին: Ըստ էության՝ նրանք ասում էին, որ ունեն լավ մղումներ, և այն շարժումը, որը նրանք սերմանում են բարոյական գերակայության գավազանն իրենց ձեռքերում, լավ կաշխատի, եթե հաջողի: Նրանց վստահելիության միակ կապիտալը (և լայն առումով քաղաքական փիլիսոփայությունը) զինված անձանցից մի քանիսի մասնակցությունն էր Արցախյան պատերազմին: Ի վերջո նրանք ազատամարտիկներ էին, ովքեր ազգային ինքնության պահպանման համար վտանգել էին իրենց կյանքը առաջնագծում: Շահերի, մարտավարության և ռազմավարության փոխարեն նրանք ճոճում էին բարոյականության, էթիկայի, զգացմունքայնության և հայրենասիրության սուրը: Բայց գնդի գրավումից 14 օր հետո հենց այդ բարոյական վրդովմունքի, զգացմունքայնության և արդար ցասումի սուրը, պարզվեց, չափազանց ծանր էր, չափազանց անկառավարելի և պետք է վայր դրվեր:

Սակայն սա չի նշանակում, որ Սասնա Ծռերին չհաջողվեց արթնացնել հայի գիտակցությունը: Այս տղաները, որոնցից շատերն իսկապես նվիրված են եղել երկրի հզորացմանը` նվիրաբերելով իրենց կյանքի մեծ մասը, զիջեցին իրենց ազատությունը` շարժում ոգեշնչելու հույսով: Որքանով այդ շարժումը կձևավորվի և կունենա հաջող դրսևորում, կախված կլինի նրանից, թե արդյոք կկարողանանք դասեր քաղել նրանց սխալներից, և որպես Սասնա Ծռերի անձնազոհության ճանաչում ու հանուն իրենց դրդապատճառների` չստիպենք շարունակել այդ կերպ:

Հարց – Ձեր կարծիքով համարժե՞ք էր քաղաքացիական հասարակության առանձին խմբերի արձագանքը ստեղծված իրավիճակին: Եվ ինչպե՞ս կմեկնաբանեք նրանց որոշ ներկայացուցիչների ներգրավվածությունը գործընթացին:

Էդգար Մարտիրոսյան – Նախևառաջ, պետք է հասկանանք, թե ինչ նպատակներ ունի այն քաղաքացիական հասարակությունը, որի մասին խոսում ենք և ինչպես է այն տեսնում դրանց հասնելու մեխանիզմները: Երբ կարողանանք սա հստակ սահմանել, թերևս կկարողանանք նաև հաջողության հասնելու անհրաժեշտ միջոցները կիրառել և փորձել կանխատեսել, թե որքանով որդեգրված մեթոդները կարող են արդարացնել իրենց նախանշված սպասելիքները: Սակայն առաքելություն, տեսլական և գաղափարախոսություններ ձևակերպելը կարծես մեր ամենաուժեղ կողմերից չէ: Եվ քանի դեռ այս գործոնները բացակայում են, քաղաքացիական հասարակությունը Հայաստանում մեծապես կմնա որպես ռեակցիոն, արձագանքող կողմ, որը չի կարող խուսափել հիասթափություններից:

Հարց – Ակնհայտորեն, այս ամբողջ ընթացքում ցուցարարների առաջնորդության խնդիր կար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր դրա պատճառը:

Էդգար Մարտիրոսյան – Իհարկե, կար նման խնդիր: Եվ, անկեղծ ասած, քանի դեռ վերը նշված հարցերը չեն հասցեագրվել, այս խնդիրները շարունակելու են մնալ: Մի քանի օրվա ընթացքում մի շարք անհատներ հայտնվեցին գործընթացում կամ որպես որոշ չափով արբիտրներ, կամ որպես փողոցում ցույցերի առաջնորդներ: Նրանք, ովքեր ի սկզբանե որոշել էին ձեռքերը ծալած նստել, ստիպված եղան դուրս գալ թմբիրից, քանի որ դիմակայությունը շարունակվում էր: Հրատապության զգացողությունը թվում էր տարածվում է ամբողջ ընդդիմադիր դաշտում, ի հայտ եկավ առաջնորդության վակուում, և նրանք կարող էին այն լրացնելու դերը ստանձնել: Բայց ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով, ո՞րն էր պլանը, ո՞րն էր գործողությունների ռազմավարությունը, ինչո՞ւ: Այլ կերպ ասած` կրկին չկար տեսլական, հստակ առաքելություն և որևէ գաղափարախոսական մանդատ:

Զավեշտալի է, որ Սասնա Ծռերի գործողությունները «կապիտալիզացնելու» փորձի համար ամենաշատը քարկոծվեց այն քաղաքական գործիչը, ով դա ամենաքիչը արեց` Նիկոլ Փաշինյանը:

Դրանով չեմ ուզում ասել, որ Փաշինյանը չհայտնվեց ճգնաժամի կենտրոնում: Դա այդպես էր: Բայց ակնկալել, որ մի քաղաքական գործիչ, ով ծաղկունք ապրող ընդդիմադիր կուսակցության դե ֆակտո դեմքն է, պետք է հետ կանգներ և չփորձեր որևէ կերպ իր օրինակով առաջնորդել, անհեռատեսություն է և հիմարություն: Ի՞նչ էր ակնկալվում նրանից: Ավելի սրել իրավիճակը և մարդկանց տանել ընդհարմա՞ն, թե՞ մի կողմ դնել իր և իր թիմի քաղաքական սկզբունքները` ենթարկվելով պահի ազդեցության տակ հնչող զանազան էմոցիոնալ կոչերին, այդ թվում և հարթակից: Փաստացի, ի տարբերություն բոլոր նրանց, ովքեր զբաղեցրին հարթակը այդ ծանր օրերին, Փաշինյանի խոսքն ուներ տեսլական, համենայն դեպս, փորձ էր կատարվում սահմանել առաքելություն, և վեր բարձրացրած բաց ձեռքերով ցույց էր տալիս խաղաղ դիմադրություն ոստիկանական դաժանությանը:

Եվ, վերջապես, մենք դեռևս չենք հաղթահարել անձնավորված քաղաքականության սկզբունքը: Որևէ քաղաքական ուժի Հայաստանում, միգուցե բացի Հանրապետական կուսակցությունից և Հայ հեղափոխական դաշնակցությունից, չի հաջողվել ստեղծել ինստիտուցիոնալ պլատֆորմ իր քաղաքական մասնակցության համար: Չկա առաջնորդ` չկա կուսակցություն: Եվ քանի դեռ սա է մեր կառչած փոփոխության մոդելը, մենք չենք կարողանալու լուծել առաջնորդության խնդիրը, այն գնալով մեծանալու և անկում է ապրելու:

Հարց – Ի՞նչ հետևություններ պետք է անեն իշխանությունները, քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը և առհասարակ բոլորս, այդ թվում և Սփյուռքը:

Էդգար Մարտիրոսյան – Քաղաքական կոնյունկտուրան Հայաստանում փոխվում է, և ոչ այնքան մեր կամքով:  Վերջին երկու շաբաթների իրադարձությունները որոշ չափով աղաղակում էին, որ մենք որպես ազգ պայքարում ենք ոչ միայն հարմարվելու տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրողություններին, այլ նաև համահունչ քայլելու գլոբալ անվտանգության և աշխարհակարգերի փոփոխությունների տեկտոնական շարժերին: Մենք ներկայումս ականատես ենք լինում տարածաշրջանային նոր աշխարհակարգի ձևավորմանը, որտեղ քո կշիռը միջազգային ասպարեզում մեծապես կախված է նրանից, թե դու ինչ ես դնում սեղանին: Ո՞ր պահին ենք հասկանալու, որ այդ անիծյալ թղթե շերեփը ի վերջո խոնավանալու է:

Բայց ես կարծում եմ, որ մեզ կհաջողվի հաղթահարել մեր քաղաքական իրականությունում առկա անհեռատես կուսակցական խմբակային մտածողությունը` լինի դա ներսում, թե արտաքին քաղաքականությունում: Մեր տեսլականը պետք է ուղղված լինի երկարաժամկետ նպատակներին և բարգավաճմանը, այլ ոչ պարզապես անխոհեմ և վատ սահմանված  քաղաքականության անհապաղ բավարարմանը: Մենք պետք է ունենանք տեսլական, առաքելություն և ռազմավարություն և պետք է դուրս գանք զուտ անձերով պայմանավորված կաղապարներից:

Մի խոսքով, համարյա արդեն 140 տարի է երկաթե շերեփի կարիք ունենք: Միգուցե, վերջապես, երբ դրա կարիքն ամենաշատը կա հիմա, կարողանանք փորձել ձուլել այն:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն