Թաթուլ Հակոբյանը սեպտեմբերի 10-ին դասախոսություն կկարդա Չիկագոյում

814

2016 թվականի սեպտեմբերի 10-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը Արցախյան կարգավորման, Երևան-Անկարա հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների և հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի թեմաներով դասախոսություն կկարդա ամերիկյան Չիկագո քաղաքում, Իլինոյիսի նահանգ:

Ձեռնարկի կազմակերպիչներն են Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Չիկագոյի մասնաճյուղը և «Բարև» ամսագիրն ու նրա խմբագիր Միսակ Գալյանը: Դասախոսությունը տեղի կունենա տեղի ՀԲԸՄ սրահում, երեկոյան ժամը 7.30-ին:

Դասախոսություն ունկնդրելուց բացի, ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախեան օրագիր», «Karabakh Diary: Green and Black», «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը», «Armenians and Turks» հատորները, ինչպես նաև Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի վերահրատարակած «Զօրավար Անդրանիկ» (հեղինակ՝ Եղիշէ Քաջունի) գրքույկը, «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով հաստափոր հատորը (որում ներառված են հետևյալ գործերը՝ Հովհաննես Քաջազնունի – «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Սիմոն Վրացյան – «Խարխափումներ», Արշակ Ջամալյան – «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբէն Դարբինեան – «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Վահան Նավասարդյան – «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»):

Թաթուլ Հակոբյանը Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակիցն է (2005 թվականից ի վեր), ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր): Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ:

Լրագրող Թաթուլ Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:

Հակոբյանը առաջիկայում կհրատարակի «Հայաստանը 1988-ից ի վեր. ժողովրդավարության և ավտորիտարիզմի փակուղում» հաստափոր հատորը:

Սեպտեմբերի 3-ից 14-ն ընկած օրերին Թաթուլ Հակոբյանը դասախոսություններ կկարդա նաև Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բոստոնում: Հանդիպումների օրվա, տեղի և ժամերի, հյուրընկալող կազմակերպությունների և անհատների մասին կտեղեկացվի հավելյալ՝ առաջիկա օրերի և շաբաթների ընթացքում:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Դիտել նաև՝

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ դեպքի վայրում