Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքացիների դեմ իրականացվող պետական ահաբեկչությունը

1332

«Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարությունը Երևանում բռնկված ապստամբության վերաբերյալ

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն ուշադիր հետևում է հուլիսի 17-ից Երևանում բռնկված զինված ապստամբության և դրա շուրջ կատարվող իրադարձություններին: Կուսակցությունը համարում է, որ մի խումբ անձանց կողմից զինված ապստամբության պատճառ է հանդիսանում Հայաստանում հաստատված համակարգը, ինչը բացառում է սահմանադրական եղանակով, ընտրությունների միջոցով ժողովրդի կողմից իշխանության ձևավորման հնարավորությունը: Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների անթույլատրելի պարտվողական հայտարարությունները, ապրիլյան դեպքերի ժամանակ կորցրած դիրքերի վերաբերյալ արհամարհական դիրքորոշումները քաղաքացիների մոտ էլ ավելի են ամրապնդել ապստամբության մտադրությունները:

Ցավոք, ոստիկանական զորամասի գրավումից հետո ՀՀ իշխանությունները սթափ դատողություններ չարեցին, հասարակության հետ երկխոսության չգնացին, ինչն ավելի սրեց իրավիճակը` փողոց հանելով հազարավոր մարդկանց: Ոստիկանության կողմից քաղաքացիների և լրագրողների դեմ անօրինակ բռնությունները, որոնք գագաթնակետին հասան հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, ցույց են տալիս, որ Հայաստանի հասարակության և ոստիկանության միջև առկա անդունդն անդառնալիորեն մեծացել է, ինչի մեջ իրենց հիմնական մեղքն ունեն Հայաստանի իշխանությունները:
Նման իրավիճակում ՀՀ քաղաքացիներին այլ ելք չի մնում, քան ինքնապաշտպանության դիմելը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը խստորեն դատապարտում է քաղաքացիների դեմ իրականացվող պետական ահաբեկչությունը, զգուշացնում, որ երկրի ապակայունացման ամբողջ մեղքն ընկնում է ՀՀ իշխանությունների վրա:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը համարում է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն ի վիճակի չէ լուծելու ճգնաժամը և այս պայմաններում խնդրի հանգուցալուծման միակ տարբերակը նրա հրաժարականն ու նոր իշխանությունների ձևավորումն է:

«Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմին
Ստեփանակերտ, 30 հուլիսի 2016թ.

Կարդալ նաև՝

Զինված խմբի անդամներին կոչ ենք անում ցած դնել զենքը, խնդրի հանգուցալուծումը տեղափոխել սահմանադրական դաշտ. Արցախի խորհրդարան