Սերժը լռում է, Ոստիկանությունը Երևանի Սարի թաղը վերածում է մարտադաշտի. 2016-ի հուլիս 29

8218

Հուլիսի 29-ի ուշ երեկոյան ոստիկանները անակնկալ կերպով հատուկ միջոցներ են գործադրել Սարի Թաղում հավաքված ցուցարարների դեմ: Ցուցարարները Սարի Թաղ էին հասել Ազատության հրապարակում ավելի վաղ կայացած հանրահավաքից հետո:

Ցուցարարները հավաքվել էին իրենց աջակցությունը հայտնելու հուլիսի 17-ից ոստիկանության պարեկապահակային ծառայության՝ ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին և պահանջում էին կանխել արյունահեղությունը:

Նրանք հայտարարել էին, որ երթով գնում են Խորենացի փողոց, սակայն անսպասելիորեն Նար-Դոս փողոցում շեղվել էին երթուղուց և շարժվել Սարի Թաղի ուղղությամբ, որտեղից ամենամոտն է երևում «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքը:

Ավելի վաղ գնդի տարածքում պայթյուններ են լսվել, իսկ մինչ այդ եղել է փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել էին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից մի քանիսը: Նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց:

Երբ ցուցարարների մի մասը հասել է Խորենացի, ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ Խորենացի փողոցում հավաքը թույլատրված չէ: Հայտարարությունից անմիջապես հետո ոստիկանները սկսել են բերման ենթարկել քաղաքացիներին:

Ավելի վաղ ոստիկանները անակնկալ կերպով հատուկ միջոցներ էին գործադրել Ազատության հրապարակից Սարի Թաղ եկած ցուցարարների դեմ:

Մինչ իրականացվում էին ոստիկանական գործողությունները Սարի Թաղում և Խորենացի փողոցում, ՊՊԾ գնդի տարածքում պայթյուններ էին լսվում:

Ոստիկանության պարզաբանումները

Ոստիկանության մամուլի քարտուղար Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում»:

«ՊՊԾ գնդի տարածքում որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից»,- գրել է Ահարոնյանը։

Մեկ այլ հաղորդագրությամբ Ոստիկանությունը տեղեկացրել է, որ երբ հավաքի մասնակիցներից անջատված խումբը փորձել է Սարի Թաղի տարածքով մոտենալ անվտանգության գոտուն և ճեղքել ոստիկանական պատնեշը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված անձինք կրակ են բացել տարբեր ուղղություններով: Ոստիկանության մի ծառայող ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Վնասվածք ստացած այլ անձանց մասին տեղեկությունները ճշտվում են:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը նախնական տեղեկություններ է հրապարակել Խորենացի փողոցում և Սարի Թաղում տեղի ունեցած բախումների հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց թվի մասին։

Ըստ Հայթայանի, նախնական տվյալներով, շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած:

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված 20 տուժածներից երկուսի վիճակը ծանր է:

Տուժել են մեկ տասնյակ լրագրողներ

Երբ ոստիկանությունը պայթուցիկներ է նետել քաղաքացիկների ուղղությամբ, վնասվածքներ են ստացել մի շարք լրատվամիջոցների լրագրողներ ու օպերատորներ: «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանին տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։

Սարի թաղում «Ազատության» լրագրողներ Կարլեն Ասլանյանը և Հովհաննես Մովսիսյանը հարձակման են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից:

Տեղի ունեցածի հետևանքով խոչընդոտվել է «Ազատության» աշխատանքը, Սարի Թաղից ուղիղ հեռարձակումը դադարեցվել է:

Ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Օպերատոր Դավիթ Հարությունյանին քաղաքացիական հագուստով ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:

Սարի Թաղում ՍիվիլՆեթի լրագրողի եւ օպերատորի՝ Մկրտիչ Կարապետյանի և Սարգիս Խարազյանի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետեւանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Բացի այդ, քաղաքացիական հագուստով ոստիկանները նրանց հարվածներ են հասցրել:

Իրադարձությունները լուսաբանելու ժամանակ ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:

Վիրավորվել է նաեւ ռուսական Life հեռուստաընկերության օպերատորը։

ՄԻՊ-ին փաստեր են պետք

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդումներ են ստացվել այն մասին, որ բռնություններ են գործադրվել լրագրողների նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտվել է նրանց աշխատանքը: Ըստ մեզ ներկայացված տեղեկությունների՝ դրանք արել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ:

ՀՀ Ոստիկանությունը պետք է անմիջապես ներկայացնի պարզաբանումներ լրագրողների նկատմամբ բռնությունների գործադրմանը, նրանց գործունեությանը խոչընդոտելուն քաղաքացիական հագուստով ոստիկանների հնարավոր ներգրավման մասին:

Մեր կողմից բոլոր հրապարակումներն արձանագրվել են, դրանց հիման վրա անհրաժեշտ է անմիջապես հարուցել քրեական հետապնդում, իրականացնել մանրամասն քննություն և բացահայտել բոլոր մեղավոր անձանց:

Այն քաղաքացիներին, ովքեր տիրապետում են 1in.am, azatutyun.am, armlur.am, a1plus.am «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողների նկատմամբ բռնության գործադրման կամ ոստիկանների հնարավոր ներգրավման մասին վկայող տեսանյութեր, խնդրում ենք դրանք անհապաղ տրամադրել Պաշտպանի աշխատակազմին: Հեղինակների ինքնության գաղտնիությունը երաշխավորում ենք:

Ահազանգեր են ստացվել նաև քաղաքացիների բերման ենթարկելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ: Այդ ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան միջոցներ:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքում գրել է.

ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա:

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի:

Հրապարակումը՝ ըստ Ազատություն ռադիոկայանի, Ա1-ի, ՍիվիլՆեթի