«Այց առաջին քրիստոնյա երկիր». Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը

2513
FILE - In this Sunday, March 31, 2013 file photo, Pope Francis hugs 8-year-old Dominic Gondreau, who has cerebral palsy, after celebrating his first Easter Mass in St. Peter's Square at the Vatican. Gondreau is the son of Dr. Paul Gondreau, a faculty member at Providence College in Providence, R.I. (AP Photo/Gregorio Borgia, File)

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի (հունիսի 24-26) կարգախոսն է «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Այցի տարբերանշանը շրջանաձև է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է. «Սբ Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա և հետագայում կառուցվել է վանքը: Այնուհետ Սուրբ Գրիգորը դարձավ հայոց ազգի առաջին Հայրապետը, և Տրդատ Գ Մեծ թագավորի հետ համատեղ ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն»,- ասված է տարբերանշանի նկարագրության մեջ:

Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթողիկե եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները:

Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի` Հայաստան կատարելիք այցը կմեկնարկի հունիսի 24-ին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Հռոմի պապը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը:

Նույն օրը երեկոյան Պապ Ֆրանցիսկոսը ՀՀ նախագահի նստավայրում հանդիպում կունենա Սերժ Սարգսյանի, ապա ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպմամբ:

Հունիսի 25-ի առավոտյան նա կայցելի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան: Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այնուհետև Գարեգին Բ-ի հետ կմեկնի Գյումրի, որտեղ պատարագ կմատուցվի Վարդանանց հրապարակում: Գյումրիում Հռոմի պապը նաև կայցելի Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Յոթ Վերք Սբ Աստվածածին եկեղեցի և Սրբոց Նահատակաց հայ կաթողիկե Մայր Տաճար: Նույն օրը երեկոյան Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա էկումենիկ արարողություն և Խաղաղության աղոթք:

Հունիսի 26-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Հռոմի պապը հանդիպում կունենա Հայ կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի պատարագի արարողությանը և էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների, Հայ կաթողիկե արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ապա Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա Հայ եկեղեցու պատվիրակների և բարերարների հետ:

Հռոմի պապը և Ամենայն հայոց կաթողիկոսը կստորագրեն համատեղ հայտարարություն: Նրանք նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Նույն օրը Պապ Ֆրանցիսկոսը Երևանից կմեկնի Հռոմ:

Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու երկրորդ առաջնորդն է, որը կայցելի Հայաստան: 2001 թ. սեպտեմբերին Երևան էր ժամանել Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապը` Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700- ամյակի տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

Լուսանկարում` Պապ Ֆրանցիսկոսը գրկում է հիվանդ երեխայի