Արցախը, Հայաստանից բացի, չի կարող լինել այլ պետության կազմում

1438

Ծանոթ.- Այս հոդվածը գրվել է 2014 թվականի մարտի 15-ին:

 

Բալայանի նամակը և Ժիրինովսկու առաջարկը

 

Ռուսաստանի Պետական դումայի` խորհրդարանի փոխնախագահ և Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Լեռնային Ղարաբաղը ներառել Ռուսաստանի կազմում: Իր այս արտառոց առաջարկությունը Ժիրինովսկին բացատրել է հետևյալ կերպ` Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Լեռնային Ղարաբաղի հարցում, հետևաբար`ճիշտ կլինի վիճելի տարածքը ներառել Ռուսաստանի կազմում: Ռուս քաղաքական գործիչը ասել է, որ դրանից հայերը չեն նեղանա, իսկ ադրբեջանցիները ստիպված կլինեն համակերպվել, քանի որ Լեռնային Ղարաբաղը չի լինի Հայաստանի կազմում:

Ժիրինովսկու այս առաջարկը կարելի էր անուշադրության մատնել, եթե չլինեին մի շարք հանգամանքներ: Առաջին, քաղաքական այս գործիչը ռուսական կայսերապաշտական գաղափարախոսության և Խորհրդային Միության վերականգնման ջատագովներից է, ինչպես նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկրորդ, ռուսամետ հայ քաղաքական և հասարակական որոշ շրջանակների համար Ժիրինովսկու առաջարկը` Արցախը մտցնել Ռուսաստանի կազմ, միանշանակ մերժելի տեսակետ չէ: Մի քանի ամիս առաջ Հայաստանի գործող իշխանություններին ամենից մոտ կանգնած մտավորականներից Զորի Բալայանը մի երկարաշունչ նամակ էր գրել Վլադիմիր Պուտինին: Նամակում այն միտքն էր առաջ տարվում, որ Արցախը երկու հարյուր տարի առաջ Պարսկաստանի կազմից անցել է Ռուսաստանի կազմ և այսօր էլ Ռուսաստանը Արցախի անվտանգության երաշխավորի պարտավորություններ ունի:

Արցախը, Հայաստանից բացի, չի կարող լինել այլ պետության կազմում, լինի դա Ռուսաստանը, Իրանը կամ Վրաստանը: Եթե մենք Հայաստանում, Արցախում կամ Սփյուռքում սկսենք անգամ քննարկել վտանգավոր այն գաղափարը, որը շրջանառության մեջ են փորձում դնել Զորի Բալայանը կամ Վլադիմիր Ժիրինովսկին, ապա դա աշխատելու է մեր դեմ: Այստեղ էլ պատճառները մի քանիսն են:

Առաջին, Արցախը օրինական հանրաքվեով (ճիշտ է, որևէ պետություն, այդ թվում` Հայաստանը, չեն ճանաչել Արցախի անկախությունը) 1991 թվականի դեկտեմբերի 10-ին կողմ է քվեարկել անկախությանը: 2006 թվականին Արցախը ընդունել է Սահմանադրություն, կրկին հանրաքվեի ճանապարհով, վերահաստատելով անկախ պետականություն կերտելու իր ձգտումը: 1991-ից ի վեր Արցախում անց են կացվել նախագահական հինգ և խորհրդարանական վեց ընտրություններ: Այսպիսով, եթե մենք անգամ քննարկում ենք Արցախի` Ռուսաստանի կազմում լինելու տարբերակը, ապա նահանջում ենք Արցախի անկախության համար պայքարից: Այդ պայքարի համար Հայաստանը, Արցախը և ողջ հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել և շարունակում է վճարել:

Երկրորդ, Արցախը չի կարող լինել Ռուսաստանի կազմում, քանի որ կարող են լինել այնպիսի զարգացումներ հինգ, քսան կամ հարյուր տարի անց, որի պայմաններում Ռուսաստանը Արցախը կզիջի Ադրբեջանին: Մեկ անգամ` 1921 թվականի ամռանը, Ռուսաստանը Ստալինի ցանկությամբ Արցախը միացրել է Ադրբեջանին: Այսօր հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարում Ստալինի և Ռուսաստանի որոշման համար:

Երրորդ, ավելի քան քսան տարի հայ ժողովուրդը համաշխարհային հանրությանը, այդ թվում Ռուսաստանին, Եվրոպային և Միացյալ Նահանգներին, փորձում է համոզել, որ Արցախի ժողովրդի պայքարը իր ինքնորոշման, ազատ, անկախ և արժանապատիվ ապրելու համար պայքար է: Եթե մենք անգամ քննարկում ենք սկսում Արցախը Ռուսաստանի կազմում լինելու հնարավորության մասին, ապա դրանով հարցականի տակ ենք դնում մեր քսան տարիների պայքարի իրավական և քաղաքական հիմնավորումների օրինականությունն ու փիլիսոփայությունը:

Աշխարհում կա միայն մեկ պետություն, որի կազմում կարող է լինել Արցախը: Դա Հայաստանն է: Փաստացի, Արցախը Հայաստանի կազմում է արդեն ավելի քան քսան տարի: Ժամանակակից աշխարհում, երբ քաղաքական քարտեզի վրա հայտնվում են նոր պետություններ, հայ քաղաքական միտքը պետք է շարժվի այդ միտումներին համահունչ, որպեսզի ընկալելի լինի: Հետևաբար, չպետք է քննարկվի ոչ միայն Արցախի` Ռուսաստանի կազմ մտնելու, այլ անգամ Արցախի և Հայաստանի միավորման հարցը: Տասնամյակներ անց, երբ գուցե Արցախը կճանաչվի միջազգայնորեն, կարելի է քննարկել Արցախի և Հայաստանի միավորման հարցը, բայց ոչ այսօր: Ժամանակակից աշխարհում պետությունները ոչ թե միավորվում են, այլ պետության մի հատվածը ինքնորոշման ճանապարհով անջատվում է մետրոպոլիայից: Պետությունների միավորման վերջին դեպքը գրանցվել է 25 տարի առաջ, երբ Բեռլինյան պատի փլուզումից հետո երկու Գերմանիաները միավորվեցին: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ վերջին 25 տարիներին աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվել և ՄԱԿ-ի անդամ են դարձել մի քանի տասնյակ պետություններ, որոնցից վերջինը Հարավային Սուդանն էր: Ահա այս իրողությունը հաշվի առնելով, հայ քաղաքական միտքը պետք է աշխատանքներ տանի Արցախի ինքնորոշումը ամրագրելու և միջազգայնորեն ճանաչելու տալու չափազանց դժվար, երբեմն` անհաս թվացող գործի ուղղությամբ:

Ժիրինովսկու առաջարկը կարելի էր անուշադրության մատնել, եթե չլինեին նախկին Խորհրդային Միության տարածքում կատարվող ուշագրավ և վտանգավոր զարգացումները: Այսօր համաշխարհային լրատվամիջոցների և միջազգային հանրության ուշադրության կիզակետում Ղրիմն է: Ռուսաստանը, դե յուրե և դե ֆակտո, շարժվում է Ղրիմը Ռուսաստանին միացնելու ուղղությամբ` այդ ճանապարհին հանդիպելով Արևմուտքի կոշտ հակազդեցությանը: Ժիրինովսկին հայտարարել է, որ նախկին Խորհրդային Միության տարածքները, որոնք ցանկություն հայտնեն, կարող են մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Արցախի հետ միաժամանակ նա նշել է Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը: Իրականության մեջ, Աբխազիան և Հարավային Օսիան ամբողջովին, իսկ Մերձդնեստրը` մասամբ, գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ: Ավելին, փաստացի այդ երեք միավորները արդեն իսկ Ռուսաստանի կազմում են: Երեքն էլ գործածում են ռուսական ռուբլին, երեք տարածքներում  էլ կան ռուսական ռազմակայաններ, երեքի անվտանգությունը երաշխավորում է Ռուսաստանը: Եվ ամենակարևորը` Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի բնակիչները ունեն ռուսական անձնագրեր:

Ի դեպ, Արցախի քաղաքացիները ունեն Հայաստանի Հանրապետության անձնագրեր և այդ մասին գիտի ողջ աշխարհը: Ավելին, Արցախի քաղաքացիները ճամփորդելու դեպքում մուտքի այցագրեր ստանում են Երևանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների հյուպատոսական ծառայություններից: Այսպիսով, միջազգային հանրությունը գոնե մասամբ ընդունում է Արցախի` Հայաստանին ինտեգրվելու իրողությունը` դեռևս հրաժարվելով ճանաչել Արցախի անկախությունը:

Վերջին շրջանում, հատկապես երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց (իմ կարծիքով` դա պարտադրված որոշում էր, եթե կուզեք` Պուտինի որոշումն էր) անդամակցել Մաքսային միությանը և ապագայում ձևավորվելիք Եվրասիական միությանը, Հայաստանի հասարակության որոշ հատվածներում խոսակցություններ են գնում Հայաստանի` Ռուսաստանի հետ միավորվելու ցանկությունների մասին: Այդ ցանկությունները փորձում են բացատրել նաև այն իրականությամբ, որ Հայաստանը շրջապատված է թշնամական հարևանությամբ և միայն Ռուսաստանն է, որ կարող է վտանգի պահին օգնել մեզ: Խոսքը  Ադրբեջանի և կամ Թուրքիայի հնարավոր հարձակման մասին է:

Անկասկած, Հայաստանը շրջափակված է ատամ կռճտացնող հարևաններով: Չի կարելի բացառել, որ Ադրբեջանը պատերազմ կհայտարարի Արցախին և Հայաստանին: Սակայն  ո՞վ է ասել, թե Ռուսաստանը մեզ կփրկի թուրքերի և կամ ադրբեջանցիներ հարձակման դեպքում: Հայաստանը անկախություն է նվաճել, որպեսզի հույսը դրած իր ուժերին` պաշտպանի այդ անկախությունը: Չպետք է հույսը դնել երրորդ երկրի վրա, լինի դա Ռուսաստանը, Իրանը կամ Վրաստանը: Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռուսական ռազմակայանը առաջին հերթին պաշտպանում է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ` ռուսական շահը: Հետևաբար, հույսը պետք է դնել առաջին հերթին սեփական ուժերի վրա:

 

Թաթուլ Հակոբյան