Խոսքի ազատության օր – 2016. Գյումրի, 2-ը ապրիլի

812

2016 թ. ապրիլի 2-ին Գյումրու Կինո «Հոկտեմբերի» դահլիճում հերթական անգամ նշվելու է Խոսքի ազատության օրը: Հանդիսության կազմակերպչական խորհուրդը իրազեկում է հանրությանը, որ հանդիսությանը մասնակցելու են հրավիրվում բոլոր նրանք, ում համար թանկ է խոսքի, արտահայտման եւ մամուլի ազատությունը, ով կարեցածը ներդրել է եւ ներդնում է Խոսքի ազատության կայացման համար:

Կազմակերպչական խորհուրդը, ուսումնասիրելով խորհրդի անդամներից եւ հանրությունից ստացված ավելի քան 25 առաջարկությունները, որոշել է պարգեւատրել լրագրողների, հասարակական գործիչների եւ զանգվածային լրատվամիջոցների:

Պարգեւատրման արարողությունը տեղի կունենա 2016 թ. ապրիլի 2-ին ժամը 14-ին` Գյումրու Կինո «Հոկտեմբերի» դահլիճում, հասցեն Գյումրի, Վարդանանց հրապարակ, քաղաքապետարանի հարեւանությամբ:

Խոսքի ազատության օրը ավանդաբար նշվում է Գյումրիում` սկսած 2008 թվականից, այն օրվանից, երբ համաժողովրդական հանգանակության եւ զորակցության շնորհիվ հնարավոր եղավ պաշտպանել տեղական ԳԱԼԱ հեռուստաընկերությունը իշխանությունների աննախադեպ հարձակումից եւ փրկել եթերազրկումից:

Անցած տարիներին Խոսքի ազատության օրվա հանդիսությունների ժամանակ պարգեւատրվել եւ խրախուսվել են մոտ երկու տասնյակ լրագրողներ, հասարակական գործիչներ ու զանգվածային լրատվամիջոցներ, այդ թվում.

2015 թ.

«Առավոտ» օրաթերթի Շիրակի մարզային թղթակից Նունե Արեւշատյանը` օպերատիվ աշխատանքի համար, Արա Պապյանը` «Մոդուս Վիվենդի» ռադիոհաղորդաշարի համար (Լրատվական ռադիո-106,5 FM), Գայանե Աբրահամյանը` Lragir.am-ում եւ Երկիր Մեդիա հեռուստաընկերությունում թողարկած հեռուստահաղորդումների շարքերի ու սոցիալական խնդիրների մասին հոդվածների շարքի համար, Զարուհի Փոստանջյանը, հրապարակախոսության եւ արտահայտման ազատության իրավունքի պաշտպանության համար, այս գործում խիզախորեն սեփական օրինակով հանրությանը ծառայելու համար, Վարդգես Գասպարիին` քաղաքացիական դիրքորոշման արտահայտման ազատության, համառության եւ հետեւողականության համար, Տիգրան Պասկեւիչյանը` հրապարակախոսական հսկայական աշխատանքի, վավերագրերի, «Դոն Կիխոտի օրագիրը» եւ «Ձնեմարդու ավետարան» գրքերի համար, Մեդիա Կենտրոնը` հանրային բազմազան խնդիրները խորությամբ եւ ուշադրությամբ լուսաբանելու համար:

2014թ.

Շանթ Հարությունյանը` քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումը խիզախորեն արտահայտելու համար, Հետաքննող լրագրողների ընկերակցությունը եւ hetq.am-ը` օֆշորային հաշիվների ու հարակից խնդիրների հետաքննության եւ բացահայտումների համար, Արգիշտի Կիվիրյանը` քաղաքացիական դիրքորոշումը  հետեւողականորեն արտահայտելու, ֆեյսբուքյան հրապարակումների համար, Լուսինե Հովհաննիսյանը` հրապարակախոսության համար, «Արտ-Լաբորատորիա» (Արտլաբ) ստեղծագործական կազմակերպությունը` Խոսքի եւ արտահայտման ազատության ինքնատիպ եւ յուրահատուկ լուծումների համար, Լեւոն Խեչոյանը (հետմահու)` Իսկական մտավորականի դիրքորոշման եւ հրապարակախոսության համար, «Անտարես» հրատարակչությունը եւ Արմեն Մարտիրոսյանը` «Արգելված գրքեր» մատենաշարի եւ Հայաստանում գրքի քարոզի նորարարական մոտեցումների ներդրման համար:

2013թ.

Լրագրող Զարուհի Մեջլումյանը` իրավապաշտպան թեմաները լուսաբանելու համար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը` հրապարակախոսության համար, լրագրող Գրիշա Բալասանյանը` հետաքննական լրագրության համար, PanArmenian.net կայքի Ֆոտո բաժինը` օպերատիվ, որակյալ ֆոտոլրագրության համար, քաղաքացի Լենա Նազարյանը` հասարակական գործունեության համար, hայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է www.shirakcentre.org կայքը եւ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն` սոցիալական խնդիրները լուսաբանելու համար, Հայկական Կարիտասից հատուկ պարգեւատրվել է լրագրող Սառա Խոջոյանը` կրոնական խնդիրները լուսաբանելու համար:

2012թ.

Լրագրող Վահան Իշխանյանը (համշենահայության մասին հոդվածաշար), քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը, լրագրավաճառ Արա Հայրիկյանը, դատավոր Ռուբեն Ափինյանը եւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (նախագահ`Աշոտ Մելիքյան):

2011թ.

Բնապահպան Ինգա Զարաֆյանը (բնապահպանական լրատվություն, www.ecolur.am կայք), լրագրողներ Լարիսա Փարեմուզյանը (www.hetq.am), Անուշ Մարտիրոսյանը եւ Սաթենիկ Կաղզվանցյանը («Ազատություն» ՌԿ).

2010թ.

Լրագրող-հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը («Կանաչ ու սեւ» գրքի հեղինակ), լրագրողներ` Ոսկան Սարգսյանը («Քամուտ» ՀԸ, «Տեսանկյուն» թերթ, www.hetq.am) եւ Արմենուհի Վարդանյանը (ԳԱԼԱ ՀԸ), ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, www.7or.am կայքի ծաղրանկարների շարքը, www.lragi.am եւ www.hetq.am կայքերը: