Մարտի 1-ի քո մոմը

1025

Ինձ ապշեցնում է Վարդան Օսկանյանի պատասխանը, երբ լրագրողները նրան հարց են տալիս Մարտի 1-ից:

Երբ կարդում ես հարցը, քեզ թվում է, որ Մարտի 1-ը կազմակերպել է Վարդան Օսկանյանը, որպեսզի 10 մարդու արյան գնով նախագահի աթոռը զբաղեցնի Սերժ Սարգսյանը, իսկ Ռոբերտ Քոչարյանը անհոգ կյանք ունենա:

Եթե այսպես շարունակվեն հարցերն ու ձախավեր պատասխանները, ապա հաջորդ սերունդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Երևանի կենտրոն զորք դուրս բերողը այդ օրերի արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր, բայց ոչ երբեք Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը կամ Սեյրան Օհանյանը, ով հեռուստաեթերից բացատրում էր, թե ինչու պետք է զորքը միջամտի:

Կարող է անգամ տպավորություն ստեղծվել, որ ժողովրդի վրա կրակողն էլ Վարդան Օսկանյանն էր:

Վարդան Օսկանյանը Մարտի 1-ի համար պատասպանատու է այնքանով, որ նա այդ օրվա իշխանության մաս էր: Ավելի կոնկրետ՝ Վարդան Օսկանյանի ամենամեծ սխալը, եթե շատ եք ուզում, օգտագործեմ այլ բառ՝ մեղքն այն էր, որ նա հեռուստաելույթ ունեցավ:

Այդ ելույթը պետք է ունենար Սերժ Սարգսյանը: Որովհետև Մարտի 1-ը կազմակերպվում էր Սերժ Սարգսյանի՝ դեպի Բաղրամյան 26 տանող ճանապարհի խոչընդոտը վերացնելու համար:

Այդ ելույթը պետք է ունենար Ռոբերտ Քոչարյանը՝ հանուն իր այսօրվա անհոգ կյանքի:

Մարտի 1-ի պատասխանատուները երկու մարդ են գլխավորապես. այդ օրվա նախագահի աթոռը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը և այդ օրը վարչապետի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը, ով Բաղրամյան 26 հասավ 10 մարդու արյան գնով:

Այսօրվա քաղաքական դիսկուրսում, առաջին հերթին իշխանական և անկախ համարվող՝ իրականում իշխանական և օլիգարխիայի բյուջեից սնվող լրատվամիջոցներում, Մարտի 1-ի պատասխանատու են անվանում բոլորին, Հայաստանի ամեն մի քաղաքացու գրեթե, բացի մեկից: Մարտի 1-ի իշխանական դիսկուրսում չկա միայն մեկ մարդ՝ Սերժ Սարգսյանը, հանուն որի կյանքի կոչվեց մեր ժամանակների քաղաքական ողբերգություններից ամենից դժվար բուժելին:

Այո, Վարդան Օսկանյանն էլ է պատասխանատու, բայց ի՛ր չափով: Այդ չափը տասնապատիկ անգամ փոքր է այն պատասխանատվության չափից, որ պետք է ունենան Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը:

Վարդան Օսկանյանը կրում է քաղաքական, բայց ոչ կրիմինալ պատասխանատվություն:

Քաղաքական, բայց ոչ կրիմինալ տեսանկյունից, Մարտի 1-ի պատասխանատուներից է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կրկնեմ՝ քաղաքական տեսանկյունից, քանի որ նա իրավունք չուներ այդ օրը լինել տնային կալանքի տակ կամ հետագայում ռուսական մամուլին ասեր, որ եթե այդ օրը ինքը դուրս գար փողոց, ապա իշխանությունները իրեն էլ կսպանեին:

2009-ի մարտի 1-ին եկեղեցում մոմ վառելը, այնուամենայնիվ, տրամաբանական ապաշխարանք էր: Դա Սերժ Սարգսյանի նախագահության տարիների ամենից անմոռանալի պահերից է:

Մարտի 1-ի համար այլ պաշտոնյաներ ևս իրավունք ունեն մոմեր վառել, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները:

Մոմերի քանակը ընտրեք ինքներդ՝ ըստ Ձեր՝ Մարտի 1-ին ողբերգության մեջ ունեցած պատասխանատվության ու չափի:

Թաթուլ Հակոբյան