«Եթե պատերազմ սկսի, մեր նախկին եւ ներկա վարչապետների որդիները որտե՞ղ կլինեն»

1680

Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի նախաձեռնությամբ վերահրատարակվել են Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Սիմոն Վրացյանի «Խարխափումներ», Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբեն Դարբինյանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիին», Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» գրքերը, որոնք այսօր «Հայ գիրք» գրախանութում ներկայացրեց «Անի» կենտրոնի համակարգող, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանը:

DCIM105MEDIA

Նա առանձնացրեց Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գիրքը` ասելով, որ դրա մասին բավականին շատ է խոսվել. «Այն օգտագործում էին հակադաշնակցական քարոզչություն իրականացնելու նպատակով, սակայն երբ կարդացի գիրքը, վերնագիրը դրեցի մի կողմ: Քաջազնունին ՀՀ առաջին հանրապետության վարչապետն է` բավականին խորը մտածող եւ պատասխանատու մարդ, որի գրվածքը պետք է խորքային կարդալ: Գրքում նա հիմնական հարց է դրել` դաշնակցականներին ասելով, որ իշխանության եկած կոմունիստները երկար են իշխելու: Դաշնակցականների մի մասն էլ ասում էր, թե կոմունիստները երկու տարուց ավելի չեն մնա, բայց պարզվեց, որ նրանք դիմացան 70 տարի, եւ այս իմաստով ճիշտ էր Քաջազնունին: Նա առաջարկում էր գործակցել կոմունիստների հետ եւ նրանց միջոցով Հայաստանը փրկել»:

DCIM105MEDIA

Թաթուլ Հակոբյանը նկատեց, որ Քաջազնունու ընտանիքի պատմությանը մի հաստափոր հատոր կարելի է նվիրել. «Զարմանալի է, որ նրա մասին շատ քիչ են գրել: Նրա ընտանիքը հետաքրքիր է իր ողբերգությամբ: Նրա որդիներից մեկը սպանվեց Ղարաքիլիսայի ճակատամարտում, մյուսը` հայ թաթարական բախումների ժամանակ, երրորդը գերվեց Կարսի անկման ժամանակ, մեկն էլ զոհվեց Հայրենական պատերազմում… Պատկերացնո՞ւմ եք, եթե պատերազմ սկսի, մեր նախկին եւ ներկա վարչապետների որդիները որտե՞ղ կլինեն»:

Հավելենք, որ նշյալ գրքերի շնորհանդեսն օրեր առաջ տեղի է ունեցել նաեւ Գորիսում եւ Ստեփանակերտում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

http://www.aravot.am/2016/03/03/663835/