2015-ին Հայաստանի բնակչությունը կրճատվել է 12 հազարով

900

2015 թվականին Հայաստանում մշտական բնակչության թիվը կրճատվել է 0,4%-ով կամ 12 000 մարդով, ասվում է Ազգային վիճակագրական ծառայության 2015թ. ժողովրդագրական իրավիճակի մասին զեկույցում:

2016թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 միլիոն 998 հազար 600 մարդ:

Զեկույցի համաձայն՝ ծնելիությունը նվազել է 2,8%-ով, մահացություններն ու ինքնասպանություններն ավելացել են համապատասխանաբար 0,4% և 3,3%-ով:

2015թ. արձանագրվել է 41 815 ծնունդ, ինչը 2014թ. համեմատ նվազել է 2,8%-ով: Իսկ մահացության ցուցանիշն աճել 0,4%-ով. 2015թ. արձանագրվել է մահացության 27 835 դեպք:

Նվազել են ամուսնությունների (6,9%) և ամուսնալուծությունների թվերը (18,4%). 2015թ. գրանցված 1 000 ամուսնության դեպքերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 208 դեպք` 2014թ. արձանագրված 238-ի համեմատ:

Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալներով՝ 2015թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձերի 722 դեպք, որը 2014թ. համեմատ աճել է 3,3%-ով: Հաշվետու տարում արձանագրված ինքնասպանության դեպքերը կազմել են 208, որոնք 2014թ. համեմատությամբ աճել են 23,8%-ով, իսկ ինքնասպանության փորձերը նվազել են 3,2%-ով:

Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում 2015թ. գրանցվել է մայրական մահացության 6 դեպք, և մայրական մահացության գործակիցը 100 000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 14,3 միավոր: