2015-ին Հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը. Սեյրան Օհանյան

831

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իր ամանօրյա ուղերձում ասել է, որ “2015 թվականին Հայկական բանակը փայլուն կատարեց իր առաքելությունը՝ զինված դիմակայության պայմաններում պաշտպանելով Հայրենիքի սահմանները”: Նրա խոսքերով՝ 2015-ը “լի էր հերոսականությամբ, աննախադեպ մեծ թվով դիվերսիոն խմբերի ջախջախելով, դժբախտաբար, նաև անդառնալի կորուստներով, որոնք բոլորս ենք սգում”:

Օհանյանն ասել է, որ “չի կարող խոստանալ, որ հակառակորդն այլևս չի դիմի նոր ոտնձգությունների”: “Բայց հավաստիացնում եմ, որ ամեն ինչ կարվի առաջնագծում զինծառայողների անվտանգության ապահովմանը զուգընթաց՝ պաշտպանված Հայրենիք ունենալու համար: Մեզ ոչ ոք խաղաղություն չի նվիրելու, բայց հավատացեք, որ մեր տասնութ, քսան տարեկան որդիները վերջնականապես ամրագրելու են մեր հաղթանակը: Այն մեզնից երբեք ոչ ոք խլել չի կարող”:

“Մենք հրաժեշտ ենք տալիս մի թվականի, երբ զինադադարի հաստատումից ի վեր հակառակորդն առաջին անգամ, և կարծում եմ, նաև արտաքին հրահրմամբ, կիրառեց հրանոթներ, տանկեր ու թուրքական արտադրության համազարկային կրակի հրթիռային կայանքներ: Փոխարենը ստացավ վճռական պատասխան, և միշտ այդպես կլինի, մինչև բոլոր կարճամիտները հասկանան, որ մեզ հետ չեն կարող ուժի լեզվով խոսել, ինչպես ի զորու չեղան Արցախյան ազատամարտի տարիներին”,- ասել է Օհանյանը:

“Այս ամենին զուգընթաց, խոշոր առաջընթաց արձանագրեցինք զինված ուժերի հզորացման և սահմանների պաշտպանության ամրապնդման գործում. մեծ աշխատանքներ իրականացվեցին մարտական հերթապահության անվտանգության ու մարտական պատրաստականության բարձրացման ասպարեզներում, շարունակվեցին առաջնագծի ինժեներական կահավորման արդիականացումն ու զորանոցային շինարարությունը, իսկ բազմաթիվ զինծառայողներ Ամանորը դիմավորում են նոր բնակարաններում”- շարունակել է նախարարը:

Օհանյանը նշել է, որ Հայաստանը 2015-ին ամրապնդվել է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ, նոր որակներ են ստացել սերտ գործընկերությունը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Չինաստանի, եվրոպական և տարածաշրջանային գործընկերների, հատկապես Իրանի և Լիբանանի հետ: Հայ խաղաղապահները շարունակել են իրենց ներդրումը ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի առաքելություններում՝ Լիբանանում, Աֆղանստանում, Կոսովոյում և Մալիում:

http://www.mil.am/hy/news/3824