Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ և մարտունակությամբ բարձր է, ինչպես երբևէ

1068

2015-ի տարեմուտի ելույթում Սերժ Սարգսյանը անդրադարձել է նաև հայկական բանակին. “Ավանդաբար այս տոնական գիշերը մենք բաժակ ենք բարձրացնում մեր զինվորականների համար: Նրանք այն ամուր վահանն են, որի թիկունքում ապրում ենք մենք: Այն ամենաթանկը, ինչ ունենք, վստահված է նրանց: Եվ նրանք ամենաթանկն են մեզ համար: Հակառակորդը նենգ է, և դա նորություն չէ: Իսկ Հայաստանի զինված ուժերը ամուր են, ինչպես միշտ: Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ և մարտունակությամբ բարձր է, ինչպես երբևէ: Մաղթենք մեր զինվորականներին անփորձանք ծառայություն”: ttp://www.president.am/hy/press-release/item/2015/12/31/President-Serzh-Sargsyan-speech-New-Year/

Դեկտեմբերի 31-ին Հայաստանի նախագահը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այցելել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Սարգսյանը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին: Նախագահը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինծառայողների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: Իր շնորհավորական խոսքում Սարգսյանը կարևորել է հայրենիքի սահմանները հատկապես առաջնագծում պաշտպանող զինվորների ծառայությունը, ընդգծելով, որ հայ ժողովուրդը հպարտանում է նրանցով ու մեր զինվորների հետ է՝ բոլոր նրանց, ովքեր մեծ պատվով ու պատասխանատվությամբ, նաև կյանքի գնով պաշտպանում են պետությունը: Նախագահը զինծառայողներին մաղթել է տոկունություն և խաղաղ ծառայություն: Նախագահն այցելել է նաև սահմանամերձ Բերդավան համայնք, հանդիպել բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ, զրուցել բնակիչներին հուզող և հետաքրքող հարցերի շուրջ: http://www.president.am/hy/press-release/item/2015/12/31/President-Serzh-Sargsyan-visit-defense-positions/