Դասական ուղղագրութեան կանոններ. երկու խօսք

4742

Ուղղագրութիւնը յիշողություն է, պէտք է բառերի գրութիւնը յիշել տառ առ տառ: Կան նաև ուղղագրական կանոններ, որոնք օգնում են բառապատկերները յիշելու:

Դասական ուղղագրութիւնը գլխաւորապէս երեք դժուարութիւն ունի.

1. պէտք է յիշել բառասկզբում յ գրուող , բայց հ արտասանուող բառերը՝ յատուկ, յաջող, յանցանք և այլն,

2. պէտք է յիշել բառամիջում է ունեցող բառերը՝ կէտ, կէս, սէր և այլն,

3. պէտք է յիշել բառամիջում օ ունեցող բառերը՝ կարօտ, աղօթք, մօտ և այլն:

Այս ձեռնարկում բերուած են այդ երեք խումբ բառերի ցուցակները:

Դասական ուղղագրութեան միւս տարրերը աւելի դիւրին են յիշւում:

Ձեռնարկում կան կանոնների կրկնութիւններ: Մի շարք բառերի գրութեան որևէ կանոնը յիշելու համար, այն լուսաբանուած է երբեմն երկու, նոյնիսկ երեք անգամ, տարբեր տեսանկիւններից:

Պէտք է նկատի առնել նաև, որ դասական ուղղագրութեանը վերադառնալու խնդիրը հեշտի կամ դժուարի հետ չէ, որ առնչուած է:

Դասական ուղղագրութիւնը հայ մշակոյթի մի անբաժան հատուածն է, որ մեր ժողովրդից խլուեց 1922թ.:

Ինչպէս որ այժմ ջանում ենք վերականգնել մեր ազգային դպրոցը, հայոց ճշմարիտ պատմութիւնը, հայկական շատ ովորութիւններ, տօներ, ազգային մտածողութիւնն առհասարակ, այդպէս էլ ճիշտ կլինի վերականգնել մեր դարաւոր ազգային ուղղագրութիւնը:

Դասական ուղղագրութեամբ գրելով՝ սկզբնական շրջանում, անշուշտ, որոշ դժուրարութիւններ կլինեն, սխալներ կանենք: Բայց դա էական չէ, քանի որ աստիճանաբար վարժուելով՝ սխալները կնուազեն, կվերանան:

Դասական ուղղագրութեանն անցնելու դէպքում հնարաւոր կլինի նաև նրա կանոններում որոշ բարելավումներ կատարել:

Շարունակելի

Ռաֆայէլ Իշխանեան, 1991թ.