Քաջազնունու և չորս այլ երևելի ՀՅԴ-ական գործիչների գրքերը և միացյալ հատորը՝ տպարանում

1417

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տպարան է ուղարկել Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու և չորս այլ երևելի ՀՅԴ-ական գործիչների միացյալ հատորը:

Նախատեսվում է, որ փետրվարի 1-ին՝ Քաջազնունու ծննդյան օրը, Երևանում տեղի կունենա հատորի շնորհանդեսը և վաճառքը:

Թաթուլ Հակոբյանի խմբագրած և առաջաբանով հատորում ներառված են հետևյալ հինգ գործերը՝

Հովհաննես Քաջազնունի. «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլևս» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն),

Սիմոն Վրացյան, «Խարխափումներ» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն),

Արշակ Ջամալյան, «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն),

Ռուբէն Դարբինեան, «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի» (արևմտահայերեն, մեսրոպյան ուղղագրություն),

Վահան Նավասարդյան, «Հ. Յ. Դաշնակցության անելիքը» (արևելահայերեն, աբեղյանական ուղղագրություն):

Միացյալ հատորից բացի, այս հինգ հատորները վերահրատարակվում են նաև առանձին գրքերով, այնպես որ, ցանկացողները դրանք կարող են ձեռք բերել նաև առանձին:

Բացի Ռուբեն Դարբինյանի հատորը, մյուս չորս գրքերի առաջին հրատարակությունը եղել է արևելահայերենով և մեսրոպյան ուղղագրությամբ գրեթե հարյուր տարի առաջ՝ 1923-1924 թվականներին: Այսպիսով, այդ չորս գրքերը աբեղյանական ուղղագրությամբ հրատարակվում են առաջին անգամ:

Ավելին, Ջամալյանի գրությունը լույս է տեսել միայն ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի հաջորդական համարներում և առաջին անգամ լույս է տեսնելու առանձին հատորով:

Այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք կցանկանան ֆինանսապես աջակցել միացյալ հատորի կամ հինգ գրքերից որևէ մեկի տպագրական ծախսերին, կարող են գրել հետևյալ հասցեներով՝ aniarcf@gmail.com, info@aniarc.am:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն