Ադրբեջան և Թուրքիա` պատային վիճակ. Սիվիլիթասի ամփոփագիրը

1549

Նոյեմբերի 1-ին Հայաստանի հարևան երկու երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ:

Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Ադրբեջան և Թուրքիա. պատային վիճակ» խորագիրը: Այն ներկայացված է ստորև:

Դեպքը

Նոյեմբերի 1-ին Հայաստանի հարևան երկու երկրներում՝ Թուրքիայում և Ադրբեջանում, տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Ադրբեջանում, ինչպես և սպասվում էր, հաղթեց 1993-ից անփոփոխ իշխանական «Նոր Ադրբեջան» («Ենի Ազերբայջան») կուսակցությունը: 125 տեղանոց միապալատ խորհրդարանի մանդատները անցան բացառապես իշխանական և իշխանամետ թեկնածուներին:

Թուրքիայում ընտրություններն արտահերթ էին: Չորս կուսակցություններ հաղթահարեցին 10 տոկոսի շեմը: 2002-ից ի վեր անփոփոխ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, շատերի համար անսպասելի, ստացավ քվեների գրեթե 50 տոկոսը: Եվս երեք ուժերի՝ Ժողովրդահանրապետական, Ազգայնական շարժում և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություններին բաժին հասավ 550 տեղանոց միապալատ խորհրդարանի աթոռների մնացած մասը:

Խորապատկերը

Հայաստանի արտաքին սահմանների գերակշիռ մասը Ադրբեջանի և Թուրքիայի հետ է: Բաքուն 1989-ից փակել է Հայաստան մտնող գազատարի փականը, ապա նրան ենթարկել տրանսպորտային շրջափակման: Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը և այլ պատճառներ ներկայացնելով՝ Անկարան 1993-ից շրջափակման մեջ է պահում Հայաստանը և հրաժարվում է Երևանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ:

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները բոյկոտել էին երկրի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները և անհատ գործիչները՝ հայտարարելով, որ անիմաստ է ներգրավվել 100 տոկոսով վերջնարդյունքը հայտնի գործընթացի մեջ: Միջազգային կազմակերպությունները ընտրությունների նախօրեին հիշեցրին, որ խոսք չի կարող լինել իրական ընտրությունների մասին, երբ շարունակում են բանտում մնալ ընդդիմադիր ամենահայտնի գործիչներից Իլգար Մամեդովը, ընտրությունները դիտարկող տեղական ամենահայտնի ՀԿ-ի ղեկավար Անար Մամադլին և ամենահայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովան:

Այս երկրում համապետական ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) ևս բոյկոտեց՝ հրաժարվելով դիտարկել ընտրությունները, քանի որ Բաքուն երեք անգամով սահմանափակեց դիտորդների քանակը:

Այլ էր իրավիճակը Թուրքիայում, որտեղ ԺՀՄԻԳ-ը երկու տասնամյակ առաջ դադարեցրել է ընտրությունների ընթացքում ընդգրկուն դիտորդական առաքելություն իրականացնելը, քանի որ Թուրքիան հասել է ժողովրդավարության բավարար մակարդակի: Այդուամենայնիվ, նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքները շատերի մոտ կասկածներ առաջ բերեցին:

Հունիսյան ընտրություններում իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել էր քվեների շուրջ 40 տոկոսը և չէր կարողացել կամ չէր ցանկացել կազմել կոալիցիոն կառավարություն: Արտահերթ ընտրություններում նախագահ Էրդողանի և վարչապետ Դավութօղլուի կուսակցությունը գրեթե 10 տոկոսվ բարելավեց հինգ ամիս առաջ գրանցած արդյունքը և նոր խորհրդարանում կարողացավ ապահովել 317 աթոռ ու հնարավորություն ստացավ կազմելու միակուսակցական կառավարություն, ինչպես Թուրքիայում եղել է 2002-ից ի վեր: Ինչպես հունիսյան, այնպես էլ արտահերթ ընտրություններում Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան անցան երեք պոլսահայեր՝ մեկը իշխանական, մյուս երկուսը՝ ընդդիմադիր թևից:

Վերլուծություն

Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ այն իրավիճակի վրա, որը ստեղծվել է ղարաբաղյան կարգավորման գործընթացում և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Հարևան երկրում խորհրդարանը, ինչպես և ամբողջ երկիրը, ամբողջությամբ վերահսկվում է նախագահ Ալիևի կողմից:

Թուրքիայի այս խորհրդարանում, ինչպես նախորդներում, «Արդարություն և զարգացում» կուսակցության դիրքերն ամուր են: Մյուս կողմից, սակայն, այս խորհրդարանը բովանդակային առումով տարբերվում է նախորդներից, քանի որ այնտեղ ներկայություն ունի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Քաղաքական այս ուժը էականորեն տարբեր դիրքորոշում ունի ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հարցում:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չունի բավարար մանդատներ, որպեսզի էականորեն ազդի Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա: Սակայն այն իրողությունը, որ քրդամետ այս ուժը և նրան անդամակցող գործիչները հրապարակավ կողմ են արտահայտվում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու Հայաստանի շրջափակման վերացմանը, արդեն իսկ հատկանշական գույն է Թուրքիայի ներքաղաքական կյանքում:

Անշուշտ, պետք է հաշվի առնել, որ Թուրքիայի և խորհրդարանում ընդգրկված քաղաքական ուժերի օրակարգում առաջիկա տարիներին Հայաստանն ու հայկական հարցը, ինչպես նախկինում, չի լինելու առաջնային: Թուրքիան հիմնականում զբաղված է լինելու քրդական հարցով, Սիրիայով և Իսլամական պետության հարուցած խնդիրներով: Ավելին, խորհրդարանում մեծամասնություն կազմող և միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն ստացած «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ու նախագահ Էրդողանը կենտրոնացած են լինելու Սահմանադրական նոր փոփոխություններով, որը Թուրքիան կդարձնի նախագահական ուժեղ կառավարմամբ պետություն՝ Էրդողանի գլխավորությամբ:

Հեռանկար

Ադրբեջանը չի փոխելու հռետորաբանությունը և շարունակելու է ապակառուցողական դիրքորոշումը: Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով իրավիճակը շարունակելու է մնալ լարված, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը և եռանախագահող պետությունները նոր նախաձեռնություններ հանդես չբերեն:

Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ճեղքում ակնկալելն իրատեսական չէ բազմաթիվ պատճառներով: Առաջին հերթին նրանով, որ հակամարտության մեջ ներգրավված կողմերը պատրաստ չեն գին վճարել երկարատև խաղաղության համար:

Երկրորդ, Ադրբեջանը սկսել է հավատալ, որ ռազմական հավասարակշռությունը խախտվել է հօգուտ իրեն և կարող է նոր պատերազմով ետ ստանալ նախորդ պատերազմում կորցրածը և վերադառնալ status quo ante վիճակին: Նման պայմաններում Բաքուն պատրաստ չի լինելու լուրջ բանակցությունների:

Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը առաջնային տեղերում չէ: Պաշտոնական Անկարան միայն ժամանակ առ ժամանակ, հայտարարույթունների և դիվանագիտական նոտաների ձևով կանդրադառնա Հայաստանին, հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանությանը, երբ որևէ ազդեցիկ պետություն 1915-ը ճանաչի որպես ցեղասպանություն կամ արծարծի թեման:

Վկայակոչելով 2009-ին ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները, ինչպես նախկինում, Թուրքիան արդարանալու է, պնդելով, թե հայկական կողմն է խոչընդոտում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնեցմանը: Անկարան, անկասկած, շարունակելու է շահարկել նաև Ղարաբաղյան հարցի չկարգավորված վիճակը, երբ Հայաստանի հետ սահմանը բացելու հարցում զգա լուրջ ճնշումներ իր արևմտյան գործընկերների կողմից:

Լուծումներ

Թե՛ ղարաբաղյան կարգավորման, թե՛ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում առկա փակուղին հաղթահարելու և նոր իրավիճակ ստեղծելու համար Երևանը պետք է դիմի դիվանագիտական քայլերի՝ ընդունելով հանդերձ, որ Ալիևը պատրաստ չէ բանակցությունների և կառուցողական երկխոսության:

Այսօր բանակցությունների սեղանին չկա փաստաթուղթ կամ կողմերը հղում են անում փաստաթղթի տարբեր տարբերակների (Մադրիդյան, Նորացված, Կազանի և այլն): Անկախ տրվող գնահատականներից՝ Մադրիդյան փաստաթուղթը պարունակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին հստակ ձևակերպում, ինչի պատճառով հենց այդ առաջարկությունն անընդունելի է Բաքվի համար: Երբ չկան բանակցություններ, միջազգային հանրության համար մոռացվում է նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի ամրագրումը: Անկախ բանակցությունների ընթացքից և ելքից, հայկական կողմը պետք է անի հնարավորը, որպեսզի կրկին քննարկման դրվի այն փաստաթուղթը, որն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:

Արտգործնախարարների և նախագահների մակարդակով հանդիպումները կարևոր են նաև նրանով, որ դրանք կրկին, անկախ արդյունքներից, համեմատաբար հանդարտեցնում են իրադրությունը հայ-ադրեջանական զորքերի շփման գծում և նվազեցնում նոր զոհերի հավանականությունը:

Հայաստան-Թուրքիա հարաբերություններում գնդակը Թուրքիայի դաշտում է, քանի որ հենց թուրքական խորհրդարանն է հրաժարվում վավերացնել 2009-ին ստորագրված արձանագրությունները: Երկարաժամկետ կտրվածքով, սակայն, այս իրավիճակը չի կարող օգտակար լինել Հայաստանի համար: Հետևաբար, Երևանը այստեղ ևս պետք է նոր նախաձեռնության դիմի:

Հասկանալի է, որ Երևանի համար դժվար է հրաժարվել Ցյուրխյան արձանագրություններից, քանի որ այդ փաստաթղթի ստեղծման գործում եղել է միջազգային լուրջ ներգրավվածություն: Կա նաև ներքին հանգամանքը: Հրապարակման օրվանից Հայաստանի ղեկավարությունը փորձել է հայ հանրությանը համոզել, որ այդ փաստաթղթով Հայաստանը ստացել է հնարավոր առավելագույնը: Հետևաբար, հենց այնպես Երևանը չի կարող հրաժարվել այդ փաստաթղթից: Հրաժարվելով Ցյուրիխյան արձանագրություններից, Երևանը պետք է զուգահեռաբար նոր փաթեթով նախաձեռնությամբ հանդես գա: