Գյումրեցիներն աղ ու հացո՞վ են դիմավորել թուրքերին

3108

Գյումրու «Շիրակ կենտրոն» Հ/Կ-ի նորակառույց գրասենյակում տեղի ունեցավ Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնի նախաձեռնած «Մեր Կարսը» մեկօրյա խորհրդաժողովը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության քաղաքներից Կարսի անկման 95-ամյակին:

Ժողովին ազգագրագետներից, բազմաթիվ մտավորականներից բացի մասնակցում էր նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Գյումրու քաղաքապետը հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ արտահայտություն է, որ ամեն անգամ գյումրեցիներին երեսով են տալիս, թե գյումրեցիները աղ ու հացով են դիմավորել թուրքերին: Այս թեման բավական հետաքրքիր քննարկման արժանացավ: Գյումրու քաղաքապետն ասաց, որ պատմաբաններն այստեղ մեծ անելիք ունեն, տարբեր զեկույցներով ու հոդվածներով պիտի հերքեն, որպեսզի սերունդները չմեծանան ու սուտ-սխալ կրկնեն, ասեն, թե գյումրեցիները աղ ու հացով են դիմավորել թուրքերին:

«Հանեք էդ դրոշմը գյումրեցիների վրայից, էդպես չի եղել իրականությունը, ի՞նչ է նշանակում գյումրեցիներն աղ ու հացով են դիմավորել թուրքերին: Ես՝ որպես քաղաքապետ, շատ եմ վիրավորում, որ մեկ-մեկ ասում են այս մասին: Բոլշևիկներն են բոլշևիկներին դիմավորել դրոշակներով: Սա՛ է ճշմարտությունը; Էդ աղուհացը Արտահանում է եղել, էնտեղ էլ հայ չի եղել», -վրդովված ասաց քաղաքապետը: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ծիծաղելով արձագանքեց. «Դուք էդ աղ ու հացի մեջ էդքան շատ իմաստ մի դրեք», որին Սամվել Բալասանյանը հակադարձեց. «Դուք էդպես եք ասում, բայց մեր մենթալիտետով պատկերացրեք, էսօր մենք աղուհացով դիմավորում ենք մեր ամենալավ հյուրին, իսկ թուրքը մեր դարավոր թշնամին է»:

Մասնակիցները սկսեցին քննարկել, թե ի՞նչը կարող էր պատճառ, որ Ալեքպոլում նորմալ դիմադրություն չի կազմակերպվել թուրքերին: Հրանուշ Խառատյանն ասաց, որ հենց այս մասին պիտի գրվի, սակայն նրան ընդհատեց փիլիսոփա Լյովա Խաչատրյանն՝ ասելով. «Շատ լավ գրված է, որովհետեւ Շիրակի դաշտով փախչում էր հայկական բանակը, որն արդեն բանակ չէ, այլ ոչխարի հոտ էր: Ամբողջ դաշտում զինվոր չկար, ի՞նչ եք կարծում խոհանոցային դանակներով գյումրեցիները պետք է վեր կենային ու կանոնավոր զորքի դեմ կռվեի՞ն, ծիծաղելի, սուտ հայրենասիրական բաներ թող չասեն»: Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վոլոդյա Հարությունյանն էլ, մեջբերելով արխիվներից կատարած իր ուսումնասիրությունները, մասնավորապես վկայակոչելով Օրջոնիկիձեի հեռագրերից մեկն, ասաց, որ քաղաքի ղեկավարություն փախել, լքել է քաղաքը, իսկ բոլշեւիկները, բանտերից դուրս գալով, կարմիր դրոշներով գնացել են դիմավորելու թուրքերին: Տիկին Խառատյանն էլ հավելեց. «Գալիս են բոլշեւիկ թուրքերը, Գյումրիի բոլշեւիկներին անընդհատ ասում են, որ պետք է դիմավորեք. մեր ազատարարներն են գալիս, նույն Ասքանազ Մռավյանը, Աշոտ Հովհաննիսյանն անընդհատ ասում են՝ էս մեր ախպերությունը գալիս է, բոլշեւիկներն աղ ու հացով գնում են ու հենց Գյումրիում հայտարարվում է, որ Հայաստանը խորհրդայնացել է»:

Վոլոդյա Հարությունյանն էլ ասաց, որ այդ ժամանակ քաղաքապետը, որը եղել է աշուղ Ջիվանու որդին, քաղաքի միլիցայի պետն ու կայարանի միլիցիայի պետը, ինչպես նաեւ մի քանի հոգի քաղաքը լքել են: Դաշնակցական կառավարությունը քրեական գործ է հարուցել նրանց նկատմամբ: Դատ է տեղի ունեցել, որպես վկա հանդես է եկել Քաջազնունին, դատարանը գտել է, որ նրանց գործողություններում հանցակազմ չկա, միգուցե բարոյական տեսակետից աններելի է եղել նրանց արարքր, բայց իրավական տեսակետից արդարացվել է: Քաղաքը լքած քաղաքապետն ու միլպետները մի քանի օր բանտ նստելուց հետո ազատ են արձակվել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

ԱՌԱՎՈՏ, http://www.aravot.am/2015/10/30/624124/