Դաշնակցությունը չի շփոթում ռեժիմը երկրի ու ժողովրդի հետ

941

Հատված Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքի:

—-

Ենթադրենք, սակայն, որ խորհրդային ռեժիմը մի անորոշ ժամանակվա համար դեռ կյանք ունի և որ դաշնակցականների ու բոլշևիկների միջև որևէ համաձայնություն չի կարող  լինել: Ի՞նչ է հետևում դրանից: Դրանից հետևում է այն, որ մի անորոշ ժամանակվա համար էլ հայ բոլշևիկները կմնան Հայաստանում և կշարունակեն իրենց գործը, իսկ Դաշնակցությունը առաջ կտանի ի՛ր գործը: Մի՞թե անպատճառ հարկավոր է, որ դաշնակցականները լինին իշխանության գլուխ: Հակառակը, Դաշնակցության համար անցյալում դժբախտություն էր իշխանությունը և անհամեմատ ավելի օգտակար կլինէր և ապագայում էլ կլինի, եթե նա մնա ո՛չ-կառավարական կուսակցություն, իբրև ընդդիմություն: Բայց «խորհրդային իշխանությունը չի ուզում ճանաչել ո՛չ քաղաքական ազատություններ, ո՛չ էլ քաղաքական իրավունքների հավասարութիւն» և, ուրեմն, «իբրև օրինական ընդդիմություն՝ տեղ չունենք Հայաստանում»:

Այս փաստը աչքի առաջ ունենալով՝ պետք էր սպասել, որ Քաջազնունին արդար զայրույթով լցված՝ բուռն քննադատության ենթարկեր բոլշևիկների այդ վայրենի քաղաքականությունը, սակայն նա ո՛չ մի վատ խոսք չի ասում նրանց հասցեին և առաջարկում է … լուծել Դաշնակցությունը: Ժխտո՞ւմ է արդյոք նա ընդդիմության օգտակարությունը՝ ո՛չ: Չի ժխտում, բայց ընդդիմություն հարկավոր չէ, որովհետև բոլշևիկները չեն ուզում: Զարմանալի է այս եզրակացությունը:

Անցյալում, երբ «Հ. Յ. Դաշնակցությունը պետք էր Հայաստանին ու հայ ժողովրդին», Քաջազնունին այդպես չէր մտածում: Երբ ցարական կառավարությունը չէր հանդուրժում «օրինական ընդդիմություն», նա դուրս էր գալիս որպես ոչ-օրինական ընդդիմություն և պայքար էր մղում օրինական ընդդիմության իրավունքներ ձեռք բերելու համար: Այդպես, և ավելի կտրուկ, վարվում էր նաև Թուրքիայի վերաբերմամբ. «վռշիկավոր»  ու «տասնոցավոր» խմբեր էր ուղարկում այնտեղ: Բոլշևիկների վերաբերմաբ ոչ միայն այդքան համարձակ չե, այլ «օրինական ընդդիմությունն» էլ շատ է համարում. ինչո՞ւ այդպես:

Քաջազնունին ասում է, թե «բոլշևիկները պետք են Հայաստանին», ապա, ուրեմն, «ստորերկրյա, դավադրական գործունեություն չպիտի անենք» նրանց դեմ, մանավանդ, որ «բոլշևիզմը հայկական ռեժիմ չէ և Հայաստանում չէ, որ պիտի տապալվի»: Շատ բարի. բոլշևիկները պետք են Հայաստանին: Ընդունենք այդպես և համաձայնվենք, որ Հայաստանի խորհրդային ռեժիմը պայթեցնելու «փորձեր չպետք է անել»: Դրանցից հետևո՞ւմ է, որ բոլշևիկներից զատ ուրիշ ոչ մի կուսակցություն չպետք է գոյություն ունենա. ի՞նչ տրամաբանությամբ:

Եթե բոլշևիկները լրացնեին հայ կյանքի բոլոր պահանջները, դեռ հասկանալի է, բայց Քաջազնունին հենց ինքը հաստատում է, որ բոլշևիզմը անհարազատ է ու կործանարար Հայաստանի համար, որ նա միայն մի դեր է կատարելու՝ պաշտպանելու է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը թուրքերից: Հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական ու մշակութային պահանջների համար բոլշևիզմը չարիք է: Իր մենատիրության մեջ բոլշևիկյան իշխանությունը քայքայում է Հայաստանը թե՛ տնտեսապես, և թե՛ բարոյապես… Եթե սա ընդունում ենք, իսկ Քաջազնունին ընդունում է, ապա ի՞նչպես կարելի է թույլ տալ, որ նրանք սանձարձակ կերպով շարունակեն իրենց շահատականությունները և ոչնչով չհակազդել: Ինչպէ՞ս կարելի է չպայքարել դրա դեմ: Այդ ո՞ր օրվանից է, որ «մի՛ հակառակ կալ չարին» սկզբունքը դարձել է մեզ համար պատգամ:

Ամեն պայքար անպատճառ «իշխանությունը պայթեցնելու նպատակով» չի արվում: Կարելի է բոլշևիկյան ռեժիմի բացասական կողմերի դեմ կռվել առանց ռեժիմի տապալման պայման դնելու: Հերքել այդպիսի պայքարի դերը, նշանակում է, առհասարակ, հերքել գաղափարական բախումների նշանակությունը: Որքան և նսեմացնելու լինենք Դաշնակցության՝ բոլշևիկների դեմ մղած պայքարի արժեքը, այնուամենայնիվ, անկարելի է ուրանալ նրա դրական արդյունքները: Այն, որ այսօր Հայաստանում դրությունը ավելի տանելի է, քան առաջ, այն, որ, այնուամենայնիվ, ինչ որ շինվում է և ժողովուրդը քիչ [թե] շատ հանգիստ է, այն, որ հայ բոլշևիկները ավելի տեղ են տալիս մշակութային ու տնտեսական ձեռնարկներին, որ ստիպված են երբեմն հաշվի առնել և գաղութներն ու գաղթականությունը, անկասկած որոշ բաժին ընկնում է և Դաշնակցության քննադատությունների ու պայքարի վրա: Իզուր է Քաջազնունին այդքան արհամարանքով վերաբերվում դեպի դաշնակցական մամուլն ու պրոպագանդը, նա ևս իր դերն ունի՝ խիստ կարևոր դերը: Ամեն մի ընդդիմություն, եթե նա ուղղված չէ ժողովրդի դեմ, առողջ և օգտակար երևույթ է: Հակառակ Քաջազնունու պնդումի, ո՛չ միայն չպետք է դադարեցնել հակաբոլշևիկյան պայքարը, այլև, եթե հայ իրականության մեջ գոյություն չունենար ընդիմադիր կուսակցություն, պետք էր ստեղծել այդպիսին: Ուր չկա գաղափարների շփում ու պայքար, այնտեղ ճահիճ ու մեռելություն է տիրում: Եվ այս տեսակետից՝ Դաշնակցության դերը շատ խոշոր է և բարերար:

Կարող են առարկել, թե քանի որ բոլշևիկները քաղաքացիական ազատություն չեն ընդունում, ամեն մի «օրինական ընդդիմություն», վերջ ի վերջո, վերածվում է հեղափոխական ընդդիմության: Կարո՛ղ է պատահել: Բայց այդ մասին թո՛ղ բոլշևիկները մտածեն, և Քաջազնունու հորդորները նրանց պետք է ուղղվեն և ոչ մեզ: Քաջազնունին ճիշտ է ասում. «Փետրվարյան ապստամբությունը բոլշևիկների գործն էր ամբողջովին, բնական հետևանք նրանց բռնությունների»: Դեկտեմբերի 2-ին, երբ մենք հոժար կամքով փոխանցում էինք իշխանությունը բոլշևիկներին, ամենքս միայն մի մտահոգություն ունեինք. երկրիը փրկել քաղաքացիական կռվից: Ոչ ոք մեզանից մտքովը անգամ չէր անց[կաց]նում ապստամբելու մասին, բայց և այնպես, բոլշևիկները առաջ բեր[եց]ին ապստամբություն ու քաղաքացիական կռիվ: Նույնը կարող է պատահել և հիմա. ամբողջապես բոլշևիկներից է կախված «օրինական ընդդիմությունը» հեղափոխության վերածելը: Մեր դիրքը այսօր էլ նույնն է, ինչ որ էր [1920թ.] դեկտեմբերի 2-ին:

Այո՛, ընդդիմությունը վտանգավոր է այն երկրում, ուր բռնապետի կամքից զատ ուրիշ կամք գոյություն չունի իր առջև, բայց ավելի վտանգավոր է, երբ այդ բռնապետը մենակ է թողնված իր քմահաճույքի հետ, և իր առջևը չունի հակազդող ոչ մի ուժ: Այսօր Դաշնակցության պաշտոնը այդ հակազդող ու սթափեցնող ուժի մեջն է և նա չի կարող հրաժարվել այդ դերից ոչ երկրում, ոչ էլ՝ արտասահմանում: Մենք չենք ձգտում կրկնելու փետրվար 18-ը. քաղաքացիական կռվին մենք թշնամի ենք, ինչպես թշնամի ենք և դիկտատուրայի: Նպատակ չունենք և Հայաստանի իշխանությունը տապալելու, որովհետև Քաջազնունուց ոչ պակաս գիտենք, որ Հայաստանի խորհրդային իշխանության ճակատագիրը լուծվելու Մոսկվայում, բայց և չենք համակերպվի սանձարձակապետությանը, ծունկի չենք իջնի բռնության առջև, ինչ [էլ] լինի այդ բռնութեան անունը:

Քաջազնունին շատ է ուղղաձիգ. միջին ճանապարհ գոյություն չունի նրա համար: «Երբ ներսից պայթեցնելու  փորձեր չպիտի ցանկանանք անել, ասում է նա, անիմաստ և անվայել բան է խոսքով պայքարել դրսից»: Ինչո՞ւ է անիմաստ ու անվայել: Չ՞է որ դրսում ասված խոսքը և գրված գիրքն ու թերթը ներս էլ կերթա : Այդ ո՞ր օրվանից են խոսքն ու տպագրական պրոպագանդը դարձել անիմաստ ու անվայել: Եվ ինչո՞ւ պրոպագանդ կարելի է անել միայն «պայթեցնելու» համար. ուրիշ թերություններ չունի՞ բոլշևիկյան ռեժիմը: Ցարական ռեժիմի օրով հարյուրավոր ընդդիմադիր թերթեր էին հրատարակվում : Ո՛չ մեկը այդ թերթերից «պայթեցնելու փորձեր» չէր անում, բայց և այնպես կարելի՞ է հերքել նրանց դրական դերը ռուս հասարակական կյանքում:

Այո՛, շատ ցավալի է, որ Հայաստանը բռնապետության ճիրաններում է և խոսքի ու մամուլի ազատությունը խեղդված է բոլշևիկների ձեռքով. բայց այդ ո՞ր օրվանից է, որ բոլշևիկների կամքը օրենք դարձել մեզ համար: Թույլ չեն տալիս երկրի ներսը թերթ հրատարակել, պետք է հրատարակել դուրսը: Ավելի քան 700,000 հայ ունենք գաղութներում՝ հայ ժողովրդի մեկ երրորդը: Դրանց պետք չէ՞ ասել ճշմարտությունը Հայաստանի արդի վիճակի ու բոլշևիկների դերի մասին: Արտասահմանի մամուլը ազդեցություն չի՞ անում բոլշևիկների վրա: Արտասահմանի գիրքն ու թերթը մտնելով երկիր և անցնելով գյուղացու ու բանվորի ձեռքը՝ օգուտ չե՞ն բերի:

«Ի՞նչ նշանակություն պիտի ունենան մեր թերթիկները, որ գաղտագողի պիտի կարդա մի քանի հարյուր մարդ՝ հանդեպ այն հսկա գրականության, որով բոլշևիկները ողողում են երկիրը», հարցնում է Քաջազնունին : Քաջազնունին իր անձնական փորձից պետք է գիտենա, որ բոլշևիկյան «հսկա գրականությունը» երկրում չի կարդացվում. բոլշևիկյան թերթերին ժողովուրդը չի հավատում: Հենց ինքը՝ Քաջազնունին, երկուս ու կես ամսվա ընթացքում բոլշևիկյան ռեժիմի տակ, քանի՞ անգամ է բոլշևիկյան թերթ կարդացել: Եթե նա հետևեր բոլշևիկյան թերթերին, կտեսներ, որ այնտեղ ամեն օր գանգատներ են արձանագրվում, թե կոմունիստական մամուլը չի տարածվում: Բավական է ասել, որ խորհրդային բոլոր երկրներում բոլոր թերթերի սպառումը երկու միլիոնից այն կողմ չի անցնում, այսինքն ավելի քիչ, քան ցարական ռեժիմի ժամանակ Մոսկվայի երկու մեծ թերթերն էին սպառվում: Այսպիսի հանգամանքներում դրսից եկած ամեն թուղթ ագահությամբ կլանվում է ժողովրդի կողմից:

Դարձյալ փորձից գիտենք և այն, թե ի՞նչ ազդեցություն է անում արգելված գրականությունը զանգվածների վրա: Մի Գերցենի «Կոլոկոլ» Ռուսաստանում, մի «Դրօշակ» Հայաստանում. քանի՞ մարդ էր կարդում այդ թերթերը, բայց նրանց թողած տպավորությունը անջնջելի էր, նրանց հմայքը ժողովրդի աչքին ահագին էր: Այնտեղ, ուր կա բռնություն, ուր հասարակական միտքը ճնշված է և գոյություն չունի ազատ խոսք, գաղտնի մամուլն ու գաղտնի պրոպագանդը անխուսափելի են: Բոլշևիկները առաջինը չեն, ոչ էլ՝ վերջինը, բոլոր բռնապետական ռեժիմների ճակատագիրն էլ նույնն է: Եվ բոլշևիկները շատ լավ՝ ավելի լավ, քան Քաջազնունին, ըմբռնում են գաղտնի պրոպագանդի հոգեբանական արժեքը և ամեն միջոցով կռվում են նրա դեմ:

Բայց, ասում է Քաջազնունին, գաղտնի պրոպագանդի համար «զանգվածներին ոգևորելու ընդունակ բանաձևեր» չկան: Արդյո՞ք չկան:

Իհարկե, եթե Քաջազնունու պես մտածենք, որ բոլշևիկները պիտի մնան երկար, 20-30 տարի, որ թուրքական վտանգը նույնպես դամոկլյան սրի պես կախված պիտի մնա երկար ժամանակ, «բանաձև»-ի  խնդիրը կդժվարանա:  Բայց մենք արդեն տեսանք, որ Քաջազնունու հավատը իրական տվյալներով հիմնավորված չէ և որ փաստերը ավելի շուտ հակառակն են հաստատում: Դիկտատուրան չի կարող շատ երկար տևել. նա կամ պետք է պայթի, կամ վերածվի ուրիշ ռեժիմի, թեկուզ այնպիսի ռեժիմի, որպիսին էր ցարական ինքնակալությունը: Մեր համոզումով՝ բոլշևիկները կանհետանան առաջին ձևով, բայց չի ժխտվում և երկրորդ հնարավորությունը: Երկու դեպքի համար էլ զանգվածները պետք է լինեն պատրաստ և, ուրեմն, պետք է գիտենան ու գիտակցեն իրենց շուրջը կատարվող երևույթները: Վերջապես, նույն այդ զանգվածի գիտակից վերաբերմունքը անհրաժեշտ է և կոմունիստական դիկտատուրայի ազդեցությունը մեղմացնելու համար: «Բանաձև» չէ սա, հապա ի՞նչ է:

«Բանաձևեր չկան», ասում է Քաջազնունին, բայց բոլշևիկյան ռեժիմը ինքնին արդեն մի աղաղակող «բանաձև» է: Քննադատությունն ու պայքարը «բանվորա-գյուղացիական» անունը շահագործող սակավապետության ստեղծած կարգերի դեմ բավական չե՞ն «զանգվածներին ոգևորելու» համար: Բոլշևիկյան սոցիալ-տնտեսական «կործանարար» քաղաքականությունը, նրանց կրթական ու դաստիարակչական այլասերող սկզբունքները, նրանց դրած անօրինակ հարկերը, քաղաքացիական ազատությունների արգելքը, նրանց խուժանավար ու անբարոյական մամուլը՝ ցնցող «բանաձևեր» չեն, հապա ի՞նչ են: Հակաբոլշևիկյան «բանաձև» հայ իրականության մեջ որքա՜ն կուզեք. շատ էլ մատչելի զանգվածների գիտակցության [համար] ու ոգևորիչ:

Քաջազնունին կարող է առարկել, թե այդ կարգի պայքարն ու քարոզչությունը կարող է տանել դեպի ժողովրդական ըմբոստացում բոլշևիկների դեմ, մինչդեռ հենց այդ է, որ չպետք է անել: Այդ էլ ամբողջապես կախված է բոլշևիկներից, և Քաջազնունին նրանց քաղաքացիական պարտաճանաչությանն ու խղճին կոչում պետք է անի: Եթե բոլշևիկները չուզենան, ըմբոստություն չի լինի: Համենայն դեպս, մենք խռովությունների ջատագովներ չենք և ժողովրդին խորհուրդ չենք տա ըմբոստանալու: Հակառակը, մենք համոզված թշնամիներ ենք քաղաքացիական կռիվների, բայց և համակերպության ու ստրկության քարոզիչներ չենք: «Սուր քո և պարանոց մեր» սկզբունքը մերը չէ:

Ինչ խոսք, մենք մեծ ուրախությամբ կհրաժարվենք «գաղտնի քարոզչությունից», բայց դրա համար պետք է ունենանք «բաց քարոզչության» իրավունք: Այդ է, որ բոլշևիկները չեն տալիս: Մենք այն մխիթարությունն էլ չունենք, ինչ որ ունի Քաջազնունին: Նա տպել է իր գիրքը, դիմել է բոլշևիկներին, որ աջակցեն այդ գիրքը տարածելու Հայաստանում, և հույս ունի, որ իր խոսքը կհասնի հայաստանցի մարդուն: Մենք այդ հույսից էլ զուրկ ենք, որովհետև հաստատ գիտենք, որ ոչ միայն բոլշևիկների, այլևս Քաջազնունու կարծիքների դեմ գրած մեր խոսքը թույլ չի տրվի նույն հայաստանցի մարդուն հասցնելու: Եվ այն կարծիքի էլ չենք, որ մեր գրածը ոչ միչ արժեք չպիտի ունենա բոլշևիկյան «հսկա» մամուլի առջև: Ի՞նչ անենք, ուրեմն:

Քաջազնունին ասում է. լռեցեք, պապանձվեք. «անիմաստ ու անվայել բան է» «խոսքով պայքարել դրսից»: Վերջ տվեք ձեր կյանքին, որովհետև այդ է հայ բոլշևիկների սրբազան կամքը: Իսկ նույն պահին ինքը դիմում է անում բոլշևիկներին և խնդրում է, որպեսզի Դաշնակցության դեմ հրատարակած իր գիրքը տարածվի Հայաստանում: Բոլշևիկների դեմ «խոսքով պայքարելը դրսից» «անիմաստ ու անվայել բան է»: Դաշնակցության դեմ «խոսքով պայքարելը դրսից» և՛ իմաստուն է, և՛ վայելուչ: Այս տրամաբանությունը դժվար է հասկանալ:

Անհասկանալի է նույնպես և Քաջազնունու այն կարծիքը, թե՝ մնալով քաղաքականապես հակառակ բանակում, Դաշնակցությունը չի կարող օժանդակել Հայաստանի տնտեսական վերաշինությանը: Ինչո՞ւ: Որուհետև, ասում է նա, Դաշնակցությունը չի կարող ոչ առևտրական կազմակերպության վերածվել, ոչ էլ արդյունաբերական կամ բարեգործական հիմնարկություն դառնալ:

Իսկ եթե Դաշնակցությունը լիներ լեգալ երկրում, կարո՞ղ էր Հայաստանի վերաշինությանը օժանդակել և դրա համար առևտրական և արդյունաբերական կազմակերպությո՞ւն պիտի դառնար, խանութնե՞ր պիտի բանար, գործարաննե՞ր պիտի հիմներ, թե՞ բարեգործական ընկերության պիտի վերածվեր: Առևտրին և արդյունաբերությանը օժանդակել չի նշանակում անպատճառ խանութպան ու գործարանատեր լինել: Այսօր Ռուսաստանի կոմունիստների գլխավոր ճիգը առևտրի ու արդյունաբերության զարկ տալն է, բայց ի՞նչ է՝ Լենինը գործարանի կառավարի՞չ է դարձել, Տրոցկին վաճառականի՞ է փոխվել, Կոմկուսն ու Քաղբյուրոն բաժնետիրական ընկերությունների են ձևափոխվել: Ինչո՞ւ այդքան վուլգար բացատրություն: Խոսքով, գաղափարական քարոզչությամբ կարելի չէ՞ աջակցել երկրի վերաշինությանը: Երբ Դաշնակցությունը իր մամուլով ու բանավոր քարոզով տարիներ շարունակ գաղութների ուշադրությունը կապված է պահում Հայաստանին, հորդորում է, որ արտասահմանի հայերը հետաքրքրվեն երկրի տնտեսական կյանքով, այնտեղ առևտրական ու արդյունաբերական ձեռնարկներ անեն, արտադրության միջոցներ, դրամագլուխ ու տեխնիկ ուժեր հասցնեն՝ վերաշինությանը նպաստել չէ՞: Անպատճառ խանութպա՞ն պետք է դառնալ: Ուրի՞շ կերպ էր վարվում Դաշնակցությունը այն ժամանակ, երբ իր ձեռքին էր իշխանությունը: Ուրի՞շ բան էր անում Քաջազնունին, երբ Միջագետքում ու Եգիպտոսում հորդոր էր կարդում դաշնակցական ընկերներին ու մարմիններին՝ օգնելու երկրի վերաշինությանը: Մի՞թե այն ժամանակ նա մտածում էր, որ Բաղդադի ենթակոմիտեն կամ Կահիրեի կոմիտեն Երևանում արհեստանոց կամ կրպակ պիտի բանան:

Դաշնակցությունը իր գործունեության ընթացքում և առաջ ինքն էր իշխանությունը Հայաստանում, և այժմ, բոլշևիկների օրով, մի վայրկյան անգամ չի դադարել Հայաստանի վերաշինությունը իր մտահոգության առարկան ունենալուց: Եվ մամուլում արձանագրված հանգանակություններն ու զանազան մարմինների գործառնությունները վկայում են, որ արտասահմանից Հայաստան գնացած օժանդակության մեծագույն մասը դաշնակցականների ջանքերով ու միջոցներով են եղել:

Կարելի է առարկել, գուցե, թե մեծ բան չէ եղել մինչև այժմ կատարվածը: Մեծ է թե փոքր, այդքան է արտասահմանի հայ գաղութների կարողությունը: Եվ Դաշնակցության գոյությունից կամ մահից կախված չէ այդ կարողության քանակը: Դաշնակցությունը չի շփոթում ռեժիմը երկրի ու ժողովրդի հետ: Ռեժիմը այսօր մեկ է, վաղը՝ ուրիշ: Ժողովուրդն է մնայունը, ինքնանպատակը: Եվ ահա այդ ժողովրդի համար է, նրա տնտեսական բարօրության ու երջանկության համար, որ Դաշնակցությունը աշխատում է հայ գաղութների նյութական ու բարոյական միջոցները կապել երկրի հետ: Բոլշևիկները դէ՞մ կլինին, չե՞ն ուզի, որ դաշնակցականների ձեռքով կատարված տնտեսական ձեռնարկները մուտք ունենան Հայաստան, իրենց՝ բոլշևիկների համար վատ: Դրանով նրանք մի ավելորդ անգամ ցույց տուած կլինին, որ իրենց հետաքրքրողը ժողովրդի բարիքը չէ, այլ իրենց եսական շահը: Եվ Քաջազնունին փոխանակ Դաշնակցության գլխին դամբանական կարդալու, ավելի արդար ու հետևողական կլիներ, եթե նշավակության սյունին գամեր հենց բոլշևիկների այդ անբարոյական վարմունքը: