«Հայկական երկնքում՝ թուրքական ռազմական ուղղաթիռներ». Սիվիլիթասի ամփոփագիրը

907

Հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները խախտեցին Հայաստանի օդային սահմանը և 2-4 րոպե տևողությամբ պտտվեցին Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հատվածում։

Սիվիլիթաս հիմնադրամը պատրաստել է իրավիճակային ամփոփագիր, որը կրում է «Հայկական երկնքում՝ թուրքական ռազմական ուղղաթիռներ» խորագիրը: Այն ներկայացված է ստորև:

Դեպքը

Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայաստանյան օրաթերթերից մեկի հետ զրույցում հաստատել է, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական ռազմական ուղղաթիռները խախտել են Հայաստանի օդային սահմանը և 2-4 րոպե տևողությամբ պտտվել Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրի հատվածում։

«Հայաէրոնավիգացիա» կազմակերպության կարգավարի հարցմանն ի պատասխան՝ Անկարայից պարզաբանել են, որ անբարենպաստ եղանակային պայմանները օդաչուներին ստիպել են փոխել թռիչքուղին: Միջադեպի հետ կապված Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները, ազգային անվտանգության ծառայությունը, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան սահմանը հայկական կողմի հետ հսկող ռուսական սահմանապահ զորքերի վարչությունն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, որևէ կերպ չմեկնաբանեցին կատարվածը:

Փոխարենը, հայկական օդային տարածքի խախտմանը հաջորդեց Գյումրիից ռուսական ռազմական օդանավերի ցուցադրական և բազմակի թռիչքները դեպի Հայաստան-Թուրքիա սահման:

Խորապատկերը

Հայաստանի անկախացումով ԽՍՀՄ-Թուրքիա սահմանի հայ-թուրքական հատվածը դարձավ Հայաստան-Թուրքիա պետական սահման: Սառը պատերազմը հիշեցնող փշալարերն ու դիտաշտարակները մնացին իրենց տեղում: Մնացին նաև ռուս սահմանապահները՝ համաձայն  հայ-ռուսական համաձայնագրերի: Հայաստան-Թուրքիա սահմանից բացի, ռուսները մնացին նաև Հայաստան-Իրան սահմանում, որտեղ նույնպես պահպանվել են փշալարերն ու դիտաշտարակները: Երկու դեպքում էլ սահմանապահները՝ հայ և ռուս, մաս են կազմում համապատասխանաբար Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ստորաբաժանումների:  Հայաստան-Վրաստան սահմանը վերահսկում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, այս դեպքում՝ առանց ռուսական մասնակցության: Անմիջական հարևաններից միակը Ադրբեջանն է, որի հետ սահմանը պաշտպանվում է հայկական բանակի ուժերով:

1991-ից ի վեր թուրքական կողմը չի խախտել Հայաստանի օդային սահմանը: Կամ այդ մասին չի հաղորդվել: 1992-1993 թթ., ղարաբաղյան պատերազմի օրերին, թուրքական բանակը մեծ կուտակումներ ունեցավ հայկական սահմանի երկայնքով: Կան հետախուզական և դիվանագիտական տվյալներ, որոնք հաստատում են, որ թուրքական կողմը հարմար պահ է փնտրել՝ մասնակի ցամաքային ներխուժումներ կատարելու հայաստանյան տարածք, ինչը սակայն, իրականություն չի դարձել նախևառաջ ռուսական ներկայության և հավանական հակազդեցության պատճառով:

Վերլուծություն

Ինչո՞ւ են թուրքական ռազմական օդանավերը խախտել Հայաստանի օդային տարածքը:

Առաջին. չպետք է բացառել, որ, իրավամբ, եղանակային անբարենպաստ պայմաններն են ստիպել թուրք օդաչուներին շեղել թռիչքի ուղղությունը: Անկարայից հնչած այս պարզաբանումը շատ ավելի համոզիչ կլիներ, եթե սահմանը չխախտվեր երկու անգամ և տարբեր օրերի, և ամենից կարևորը՝ եթե այդ խախտմանն անմիջապես նախորդած չլիներ ռուսական ռազմական օդանավերի կողմից թուրքական օդային սահմանների խախտումը սիրիական ճակատում: Հետևաբար, չպետք է բացառել, որ թուրքերը կանխամտածված են սահմանը խախտել՝ ի պատասխան ռուսական կողմի: Իրականում նրանք խախտել են Հայաստանի օդային սահմանը, սակայն փաստացի դա մի սահման է, որտեղ իրավիճակը ռուսական վերահսկողության տակ է:

Երկրորդ. չի բացառվում, որ թուրքական օդանավերը թռիչքներ էին իրականացնում՝ հետևելով ապստամբ քրդերի հնարավոր շարժին: Այսօր Թուրքիան ներքաշվել է քրդերի դեմ արյունալի բախումների մեջ երկրի արևելքում և հարավ-արևելքում: 1990-ականների սկզբին թուրքական կողմը բազմիցս ամբաստանել է հայկական կողմին՝ հայտարարելով, թե քուրդ զինյալները բուժման նպատակով հատում են Թուրքիա-Հայաստան սահմանը: Չի բացառվում, որ թուրքական կողմը շարունակի իր անհիմն ամբաստանությունները՝ դրանով իսկ արդարացնելով իր կողմից Հայաստանի սահմանը փակ  պահելու ավելի քան երկու տասնամյակների քաղաքականությունը:

Երրորդ. եթե անգամ օդային սահմանը խախտելը պայմանավորված էր եղանակային անբարենպաստ պայմաններով կամ թուրքական այս գործողությունը Ռուսաստանին ուղղված բողոքի արտահայտման ձև էր ու պատասխան, կամ էլ քրդերին հետևելու փորձ, ապա միևնույնն է՝ հայկական կողմի լռությունը արդարացված չէր, քանի որ լռությունը թուրքերի մոտ կարող է ընկալվել որպես յուրահատուկ ուղերձ, որ հաջորդ խախտումների դեպքում էլ Երևանը լռելու է:

Հեռանկար

Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Սիրիայում ռուսական ուղղակի ռազմական միջամտությունից հետո և անկախ նրանից, թե դրանով պայմանավորված մինչև որ աստիճան կսրվեն ռուս-թուրքական հարաբերությունները, քիչ հավանական է թուրքական կողմից հայկական օդային սահմանների խախտման նոր դեպքերը:

Եթե թուրք-քրդական բախումները շատ ավելի մոտենան Թուրքիա-Հայաստան սահմանին, ապա մեծ է հավանականությունը, որ թուրքական կողմը, ինչպես նախկինում, անհիմն մեղադրանքներ հնչեցի Հայաստանի հասցեին, թե իբր հայկական կողմը ապաստան է տալիս քուրդ զինյալներին:

Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում պայմանավորված է ռուսական շահերով և Երևան-Մոսկվա պայմանավորվածություններով: Մյուս կողմից, ակնհայտ է, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայության պատճառով է նաև, որ Թուրքիան համեմատաբար զուսպ է հայ-թուրքական սահմանի ուղղությամբ իր գործողություններում: Անգամ ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ շրջանում թուրքական կողմը զսպեց իրեն՝ բավարարվելով սպառնալի հայտարարություններով:

Լուծումներ

Եթե թուրքական կողմը մեկ անգամ ևս խախտի Հայաստանի օդային սահմանը, ապա անկախ բացատրությունից, Երևանը ամենաբարձր մակարդակով պարտավոր է համապատասխան նոտա հղել: Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների և Երևանում թուրքական որևէ ներկայացուցչության բացակայությունը չի կարող արդարացում լինել, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ Երևանն ու Անկարան տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ հրապարակային հայտարարությունների, միմյանց նկատմամբ հնչեցում են մեղադրանքներ ու քննադատություններ: Հենց այն օրերին, երբ ոտնձգություն կատարվեց հայկական օդային սահմանի ուղղությամբ, Սերժ Սարգսյանը ցավակցական գիր հղեց իր թուրք պաշտոնակցին՝ Անկարայի ահաբեկչական գործողության առիթով:

Գրեթե կասկած չկա, որ թուրքական կողմին համապատասխան հակազդեցություն եղել է, սակայն դա պետք է հրապարակայնացնել պաշտոնական խողովակներով, քանի որ լրատվության պակասը կարող է անվստահություն առաջ բերել հայ-ռուսական հարաբերություններում:

Երբ ռուսական թռչող սարքերը խախտեցին Թուրքիայի օդային տարածքը, Անկարան կոշտ արձագանքեց, իսկ ՆԱՏՕ-ն, որի անդամն է Թուրքիան, հրավիրեց արտակարգ նիստ և դատապարտեց ռուսական գործողությունները: Հայաստանը մաս է կազմում ՀԱՊԿ-ի, սակայն այս կազմակերպությունը լռեց, երբ խախտվում էր նրա միասնական օդային սահմանը:

Եթե հայկական օդային սահմանի խախտումը արվել է ի պատասխան ավելի վաղ ռուսական կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտման, և Մոսկվայի ու Անկարայի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այլևս չխորացնել միջադեպը, ապա դա շատ վատ է Հայաստանի համար: Այդ դեպքում Ռուսաստանում, Հայաստանում, Թուրքիայում և շահագրգիռ այլ պետություններում ավելի է ամրապնդվում այն համոզումը, որ Հայաստան-Թուրքիա սահմանը մեծ հաշվով ռուս-թուրքական սահման է: Ահա նաև հենց այդ պատճառով պաշտոնական Երևանը պետք է ամենաբարձր մակարդակով արձագանքեր հեկտեմբերի 6-ի և 7-ի միջադեպերին, երբ թուրքական ռազմական ուղղաթիռները խախտեցին Հայաստանի օդային սահմանը: