Հայկական բանակը, հաղորդակցությունը և արդյունաբերությունը 1918-1920 թթ.

1511

Հատված Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի ԽԱՐԽԱՓՈՒՄՆԵՐ գրքից: Այս հատորը պատասխանն է Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ ԱՅԼԵՒՍ գրքի:

—-

Հաղորդակցության միջոցներ. 1918-ի դեպքերի ժամանակ Հայաստանի երկաթուղու և խճուղիների մեծ մասը փչացել էր: Կամուրջները քանդվել էին, կայարաններից շատերը՝ այրվել ու կողոպտվել, հեռագրաթելերն ու սյուները կտրտվել: Անկախության առաջին ամիսներին Հայաստանը ուներ 7 կիլոմետր տարածությամբ երկաթուղի, 2 հատ շոգեշարժ և 20 [հատ] խարխլած վագոն: Թուրքերը հեռանալիս իրենց հետ սրբեցին-տարան ամեն ինչ՝ շոգեշարժերը, վագոնները, արհեստանոցները, կայարանների կահավորությունը, հեռախոսի և հեռագրի գործիքներն ու թելերը, նույնիսկ, շատ տեղ, դռներն ու պատուհանները: Ալեքսանդրապոլի գեղեցիկ կայարանը իր հարակից շենքերով փչացրել էր ռազմամթերքի պայթյունից: Գրեթե բոլոր ջրամբարներն ու ջրհան մեքենաները քանդված էին:

1920-ին Հայաստանն ուներ 418 վերստ երկաթուղի, 38 շոգեշարժ և 580 վագոն լայն գծի և 2 շոգեշարժ ու 50 վագոն  նեղ գծի համար: Ալեքսանդրապոլում հիմնված էր երկաթուղային կենտրոնական վարչություն Տեր-Միքայելյան ու Զոհրաբյան ինժեներների պես փորձառու մասնագետների գլխավորությամբ: Բոլոր կամուրջներն ու կայարանները վերանորոգված էին, հեռագրական ու հեռախոսային կապը վերականգնած, երկաթուղային պաշտոնեությունը՝ կազմակերպված, գործավարությունը հայացված: Ալեքսանդրապոլում հաստատվեց երկաթուղային կենտրոնական արհեստանոց, ուր նորոգվում էին շոգեշարժներն ու վագոնները: Բացվեցին երկաթուղային դասընթացներ մասնագետներ պատրաստելու համար: Հայ ճարտարապետների ջանքերով վերականգնվեց Ալեքսանդրապոլի կայարանը: Երկաթուղային երթևեկությունը կանոնավորվեց և հասավ նախապատերազմական վիճակի: Երևանի ու Թիֆլիսի միջև բանում էր օրական մի քանի գնացք և ամբողջ տարածությունը կտրում էր 19 ժամից: 1919-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի երկաթուղիները հազիվ 250,000 փութ ապրանք էին կարողացել տեղափոխել. մայիս, հունիս և հուլիս ամիսներին փոխադրել էին մեկ միլիոնական փութ, սեպտեմբեր-հոկտեմբերին՝ 15 միլիոնական, նոյեմբերին՝ 21 միլիոն, իսկ ամբողջ տարվա ընթացքում՝ շուրջ 300 միլիոն փութ:

Նույնը պետք է ասել և փոստ-հեռագիր-հեռախոսի մասին. ավեր ու քաոս էր մնացել մեր ձեռքը: Մինչև 1920թ. վերանորոգվեց 657 վերստ հեռագրագիծ 1694 վերստ երկաթալարերով: 1919-ի առաջին կեսին փոստ-հեռագրատներ բացվեցին 15 կենտրոններում և արդեն գործում էր 1369 վերստ հեռագրագիծ 3250 վերստ երկաթալարով: Նույն տարվա երկրորդ կիսին հիմնապես նորոգվեց Երևան-Ալեքսանդրապոլ-Կարս գիծը և Երևան-Կարս և Երևան-Ղարաքիլիսա հեռագրական ուղիղ կապ հաստատվեց: Նույն միջոցին սկսվեց Նոր Բայազետ-Ղարանլուղ-Քեշիշքենդ, ինչպես նաև՝ Նոր Բայազետ-Բասարգեչար և Իջևան-Թովուզկալա հեռագրագծերի կառուցումը, որ և ավարտվեց 1920-ի սկզբին: Հաստատվեց նաև հեռագրական հաղորդակցություն Աշտարակի և Ալիքուչակի միջև և հեռախոսային կապ Երևանի և Աշտարակի միջև: Ենթադրվում էր Երևան -Աշտարակ-Ալիքուչակ գիծը շարունակելով՝ կապել Ալեքսանդրապոլի և Կարսի հետ և, այդպիսով, այդ կետերի հետ ունենալ հեռագրական երկու ճանապարհ: 1919-ին Հայաստանի փոստ-հեռագրատները ուղարկել են 976,664 նամակ ու կապոց և ստացել են 854,166: Տրվել է 392,154 հեռագիր՝ 6,127,038 բառից բաղկացած: Մի քանի վայրերում փոստը փոխադրվում էր ավտոմոբիլով: Կառավարության ծրագիրն էր Հայաստանի բոլոր գյուղերը իրար հետ կապել հեռախոսով և գործի փոխադրության մեջ մտցնել թեթև ավտմոբիլային գործառնություն:

Բանակը. Անկախությունից առաջ հայկական բանակ չկար: Ազգայնացած զորամասերը կազմում էին ռուս բանակի մեկ հատվածը և ուրույն կազմակերպություն չունեին: Հայկական բանակի կազմակերպումը ամբողջապես Հայաստանի կառավարության գործն էր: Երկրի առանձնահատուկ պայմանների պատճառով կառավարությունը ստիպված էր պահել մեծ քանակությամբ զորք, որ թեև մի կողմից խիստ աննպաստ էր անդրադառնում ժողովրդի, տնտեսութեան վրա, մյուս կողմից ապահովում էր պետության սահմանները դրսից և կարգն ու անդորրությունը ներսում:

Հայկական բանակի կազմակերպումը հիմնված էր երկու սկզբունքների վրա. մնայուն զորք՝ պարտադիր զինվորական ծառայությամբ և երկրապահ գնդեր՝ միլիցիոն հիմքերով: Բանակը, որ երբեմն հասնում էր մինչև 60,000-ի, ուներ բոլոր մասերը՝ հետևակ, այրուձի, հրետանի և տեխնիկական բաժիններ: Ուներ երկու զրահապատ գնացքներ, որոնցից մեկը շինվել էր Հայաստանի արհեստանոցում հայ մասնագետների ձեռքով: Օդային բաժինը սաղմնային վիճակում էր: Առանձնապես ուժեղ էր հրետանին, որ ուներ հարյուրի չափ ընտիր թնդանոթ և առատ ռազմամթերք: Դաշտային, վարչական պարենավորման բաժինները գտնվում էին փորձված և մասնագետ զինվորականների ղեկավարության տակ. զորավար Նազարբեկյան, զորավար Հախվերդյան, զորավար Ղամազեան, զորավար Արարատյան, զորավար Լոմիձե, գնդապետ Վեքիլյան և այլն: Գործուն զորամասերի գլուխ կանգնած էին դեռ ռուսական բանակում աչքի ընկած զինվորականներ. զորավար Սիլիկյան, Փիրումյան, Շելկովնիկյան և այլք:

Գնդերի ու գումարտակների մեջ կային երիտասարդ ու քաջ սպաներ, որոնք անցել էին ռուսական ու թուրքական զինվորական դպրոցներ և եփվել-կոփվել էին պատերազմի դաշտում: Մի շարք մասնագետ զինվորական տեխնիկներ ոչնչից ստեղծեցին ավտոմոբիլային բաժին, անթել հեռագիր, հեռագրա-հեռախոսային բաժին, զինվորական արհեստանոցներ, փամփուշտի գործարան, կազմակերպեցին կենտրոնական հիվանդանոց՝ շրջանային հատվածներով, սանիտարական մաս:

1919-ին Սևանա լիճ իջեցվեց առաջին զինվորական նավակը՝»Աշոտ Երկաթ»՝ 1 թնդանոթով, 2 գնդացիրով և լուսարձակով: Հիմք դրվեց մի ուրիշ՝ ավելի մեծ նավի: Կազմակերպվեց ապրանքների տեղափոխությունը նավերով: Երևանում հիմնվեցին սպայակույտի դասընթացներ. Ալեքսանդրապոլում և Ղարաքիլիսայում՝ անասնաբուժական վարժարաններ: Նախապատրաստական աշխատանքները վերջացած էին զինվորական միջնակարգ դպրոց բանալու, գլխավորապես, որբերի համար: Լուրջ ուշադրության առարկա եղավ զինվորների դաստիարակության գործը. զորամասերում կատարվում էին պարբերական դասախոսություններ գիտական և քաղաքական հարցերի մասին: Զինվորների համար հրատարակվում էր «Ռազմիկ» շաբաթաթերթը գրական-քաղաքական և ռազմագիտական բովանդակությամբ: Լույս տեսան մի շարք հանրամատչելի հրատարակություններ, ինչպես նաև՝ զինվորական օրենսգրքեր: Նախարարությունում աշխատում էր մասնագետներից կազմված մի առանձին հանձնախումբ զինվորական-գիտական տերմինալոգիան հայացնելու, զինվորական օրենքներ և զանազան գրքեր հրատարակելու համար: Հիմնադրվեց զինվորական գրադարան: Հաջողվեց Անգլիայից ստանալ 40,000 զինվորի հագուստ, պարենավորում և ռազմամթերք մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ: Ռուսաստանից ստացվեց երեք միլիոն մոսինի փամփուշտ:

Սխալվում են նրանք, որոնք ինչ-որ խմբական ու խմբապետական հատկություններ են վերագրում հայկական բանակին: Խմբեր ու խմբապետեր գոյություն ունեին Հայաստանում և առաջ էին քաշվում, մանավանդ, ներքին կռիվների ժամանակ՝ մայիսյան շարժում, «մաքրագործման» քաղաքականություն և այլն, բայց կանոնավոր բանակի հետ կապ չունեին նրանք: Կանոնավոր բանակում միայն երկու խմբապետ պաշտոն ու մասնակցություն ունեին՝ Դրոն և Սեպուհը, բայց նրանք էլ իրենց զինվորական հմտությամբ, փորձառություններով և կարգապահությամբ հետ չէին մնում ամենալավ զինվորականներից:

Կովկասյան երեք հանրապետություններից Հայաստանի բանակը համարվում էր, և իրավամբ, առաջնակարգը իր մարտունակության տեսակետից: Նա պատվով կատարեց իր վրա դրված բազմապիսի ծանր պարտականություններ, և հանցանք է դատապարտության վճիռ արձակել նրա մասին միայն Կարսի օրինակով: Կարսը մի աղետ էր՝ նման այն աղետներից, որոնց ենթարկվեցին և Եվրոպական լավագույն բանակները՝ ռուսականը, բուլղարականը. էլ չեմ խոսում հունականի մասին, որի կատաստրոֆիկ պարտության հիշողությունը դեռ շատ թարմ է: Պատահում են դեպքեր, երբ ամենալավ կազմակերպված ու պարենավորված բանակները, հանկարծ, մատնում են խուճապի, կորցնում են դիմադրական կորովը, ոչխարի հոտի վերածված՝ տարածվում են թշնամու ոտքի տակ: Ի՞նչն է դրա պատճառը՝ թո՛ղ պատասխանեն ընկերաբանները, հոգեախտագետները: Փաստը մնում է փաստ: Եվ միայն, կամ գլխավորապես հոգեախտաբանական վիճակով կարելի է բացատրել և հայոց բանակի վարմունքը Կարսի շուրջ, բայց ո՛չ երբեք հայ ժողովրդի անընդունակությամբ կամ սոսկ նրա վարիչների ապիկարությամբ: Ամբոխն է այդպես դատում. լուրջ մարդիկ պետք է կարողանան տարբերություն դնել ախտավոր և բնականոն երևույթների մեջ:

Աշխատանք. Հայաստանում պետական գործ էր համարվում և աշխատանքի կազմակերպումն ու աշխատանքի պաշտպանությունը: Աշխատանքի կազմակերպումը առաջ եկավ գաղթականների խնամատարության գործից: Աշխատանքի վարչության ղեկավարության տակ հետզհետե ամբողջ Հայաստանում հիմնվեցին աշխատանոցներ, որոնցում մի քանի տասնյակ հազար մարդ գործ և ապրուստ էր գտնում: Արդեն 1919-ին Երևանում կար 26 ջուլհականոց, որոնցում բանում էին 2500-ից ավելի աշխատավորներ: Նույնքան կար Ալեքսանդրապոլում: Ջուլհականոցներ հիմնվեցին և Կարսում, Ջալալ-Օղլիում, Դիլիջանում, Վաղարշապատում, Աշտարակում, Գորիսում: Երևանում կար մոտ 30 պետական ատաղծագործարան, այլև կար ու ձևի արհեստանոցներ, մանարաններ, կոշկակարության, գորգագործության, կավեղենի արհեստանոցներ: Ծրագրված էր Երևանում բանալ կավագործական վարժարան, իսկ Յուայում՝ մեծ կավագործարան, Սարիղամիշում և Դիլիջանում հիմնվեցին սղոցարաններ, կահագործարան, փայտեղենի արհեստանոցներ: Սարիղամիշում պատրաստվում էին շենքերի փայտյա մասեր, փայտից քաշվում էր ալկոհոլ և այլն:

Աշխատանքի պաշտպանության նախարարությունը մշակեց աշխատանքի հիմնական օրենք, անցկացրեց 8 ժամվա աշխատանքի օրը, մտցրեց շրջանային տեսչություններ, աշխատանքի պայմանները բարեկարգելու նպատակով, ձեռնարկեց արհեստակցական միությունների համագումարի կազմակերպում ևայլն:

Պետական վերահսկողություն. Պետական ելևմուտքի վրա իրական հակակշիռ ունենալու համար խորհրդարանը հաստատեց պետական վերահսկողության վարչություն: Պետական վերահսկիչը ընտրվում էր խորհրդարանի կողմից, սովորաբար, չեզոք կամ կառավարության հակառակորդ կուսակցության մարդկանցից: Պետական վերահսկիչը քննում էր պետական հիմնարկությունների և գործակալների հաշիվներն ու դրամական գործառնությունները և ինքը հաշվետու էր խորհրդարանին: Դրամական հատկացումները անցնում էին պետական վերահսկողության ձեռքից, առանց որի ստորագրության վարկերը անվավեր էին և չէին կարող բաց թողնվել  պետական գանձարանից: