Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին

1307

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավել վիրավորների պատճառ է դարձել:

Նախագահը խստորեն դատապարտել է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: «Ընդունեք խնդրեմ իմ ցավակցությունը տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

Այս տարի Սարգսյանը մեկ անգամ ևս՝ հուլիսին, ցավակցական գիր էր հղել Էրդողանին՝ Շանլըուրֆա նահանգի Սուրուչ ավանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում ասվում էր. «Ձերդ Գերազանցություն. ցավով տեղեկացա հուլիսի 20-ին Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի Սուրուչ քաղաքում տեղի ունեցած և մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած պայթյունի մասին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: Ընդունեք, խնդրեմ, ցավակցություններս տեղի ունեցածի կապակցությամբ: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»: