Նեժի Նաաման. ԵՍ ՀԱ՛Յ ԵՄ…

980

«Ազգը» իր էջերում, ճանաչված բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ-ում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի եւ հետազոտող-լրագրող Թաթուլ Հակոբյանի գրիչով երկու անգամ ներկայացրել է լիբանանցի գրող, թարգմանիչ, հրատարակիչ, Անվճար մշակույթի «Նեժի Նաաման» հաստատության հիմնադիր Նեժի Նաամանին ու նրա ծավալած գործունեությունը: Նրա «Դար Նաաման» հրատարակչությունից առ այսօր լույս են տեսել ավելի քան 20 գրքեր եւ գրքույկներ` հայկական թեմաներով, որոնց կեսից ավելին` Հայոց ցեղասպանության մասին: Տքնաջան աշխատանքով նրա կազմած ու այս տարի հրատարակած «Հարյուրեւ… ցեղասպանությունը շարունակվում է» արաբերեն ժողովածուն բացառիկ ընդունելություն է գտել լիբանանյան եւ արաբական շրջանակներում: Նեժի Նաամանը տասնօրյա այցելությամբ Հայաստանում է: Բարի գալուստ եւ հաճելի կեցություն մաղթելով իր իսկ սիրած բնորոշումով` այս «խենթին», ընթերցողին թարգմանաբար ներկայացնում ենք Հայաստանին նվիրված նրա տաք ու անկեղծ բանաստեղծությունը:

Երբ անթիվ դարձան մեղքերս բազում`

Ուխտի գնացի Սուրբ Էջմիածին,

Հայոց աշխարհի խոտ ու ծաղիկից եփված մյուռոնով

Օծվեցի մեկեն,

Մեղքերս անցան ակնթարթորեն…

Երբ անցան ջահել օրերս անդարձ,

Երբ ճերմակ մի քող իջավ մազերիս

Գեղարդավանքի սառնորակ ջրից խմեցի մի կում

Ու վեր հառնեցի…

Ասես ինձ թվաց,

Թե շատ բաներ եմ նվաճել կյանքում,

Մեկեն խենթացա,

Ուզեցի հպվել Սուրբ Լուսավորիչ Գրիգորի Աջին`

Վանքում Խոր Վիրապ,

Ուզեցի դառնալ արարող թանաք`

Մեծն Մաշտոցի փետուրե գրչին

Եվ գրաբարով սաղմոսներ երկնել,

Տաղ ու շարական…

Ուզեցի դառնալ զորավոր մի թուր

Հզոր բռունցքում մեծն Վարդանի

Եվ մարտիրոսվել սրբազան դաշտում Ավարայր կոչվող`

Դառնալ նահատակ:

Ախ, երանի թե ավելի խորը ես թափանցեի

Հայաստան երկրի ընդերքը քարե,

Ընդերքը լույսի եւ արհեստների,

Հույսի, սրբության ու խիզախության…

Մտքով շրջեի շարունակաբար,

Մինչ կհպվեին ոտքերս Հայոց հինավուրց հողին…

Երակներովս անբացատրելի մի թրթիռ անցավ`

Ու ես հասկացա` այսօր Երեւան ու Ստեփանակերտ,

Վաղը կլինեն հայոց հինավուրց ուրիշ քաղաքներ`

Ոստաններ գրի, գրականության ու արվեստների,

Որոնց լուսաշող դափնեպսակը վեհ Արարատն է`

Անմեռ խորհուրդը անաղարտության ու հպարտության,

Հավատի, հույսի, նահատակության`

Աշխարհում դեսպան մի ժողովրդի`

Մորթված, մարտիրոս…

Ու ես հասկացա, որ կարիքը չունեմ ոչ մի անցագրի,

Որով ինձ պիտի հայազգի կոչեմ,

Ես քրիստոնյա եմ,

Իմ Եկեղեցին պահպանում է ինձ իր տաքուկ գրկում,

Եվ իմ` նվաստիս խիղճը մարդկային ստիպում է ինձ

Պաշտպանը լինել Հայոց սուրբ դատի,

Եվ դրա համար նահատակաց հետ գոչում եմ անվերջ

Ես հա՛յ եմ, հա՛յ եմ` զավակն այս ազգի:

Տողացիից թարգմանությունը` ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ