Տավուշի մարզի այսօրվա տարածքը հիմնականում համապատասխանում է պատմական Ուտիքին: Այն մաս է կազմել Արտաշեսյան, Արշակունյաց և Բագրատունյաց (Լոռվա թագավորություն) Հայաստանի: Վրաստանի Թբիլիսի (Թիֆլիս) կենտրոնը գրեթե միշտ եղել է ամենակարևոր քաղաքը տավուշցիների համար առաջին հերթին մոտիկության պատճառով: Երբ Բագրատունյաց Հայաստանը անկում ապրեց, Տավուշը Զաքարյան Հայաստանի կազմում ավելի մոտեցավ Թիֆլիսին: Պատմության հարյուրամյակների ընթացքում Հայաստանի այս հատվածը չի կրել թուրքական լուծը: 1555 և 1639 թվականների թուրք-պարսկական բաժանումների արդյունքում Տավուշի այսօրվա տարածքը անցել է Սեֆյան Իրանի տիրապետության տակ:
Տավուշը, որ 19-րդ դարի սկզբում Ելիզավետպոլի նահանգի կազմում էր, ռուս-պարսկական պատերազմի արդյունքում անցավ Ռուսական կայսրության տիրապետության տակ: 1828-1840 թթ. Ռոմանովների կայսրության կազմում ստեղծվեց Հայկական մարզը: 19-րդ դարի սկզբից Ռուսական կայսրության մաս կազմող Անդրկովկասը բազմաթիվ անգամ ենթարկվել է վարչական վերաբաժանումների: Տավուշի մարզի այսօրվա տարածքը մինչև 1868 թվականը մաս էր կազմում Վրաց-իմերեթական, ապա Թիֆլիսի նահանգի, իսկ մինչև 1918 թվականը՝ Ելիզավետպոլի նահանգի: Եվ քանի որ Ադրբեջանը 1918-ին ձևավորվեց Բաքվի և մասամբ Ելիզավետպոլի նահանգների տարածքների վրա, մուսավաթական ղեկավարությունը պահանջում էր նաև Տավուշի շրջանը: 1920-1921 թթ., երբ Հայաստանը խորհրդայնացվեց, այս շրջանի հայկական գյուղերը մաս կազմեցին Խորհրդային Հայաստանի, իսկ ադրբեջանական գյուղերը՝ Խորհրդային Ադրբեջանի:
Հայերն ու մուսուլմանները (թաթարները, որոնք հետագայում՝ 1939թ. ԽՍՀՄ մարդահամարից հետո, անվանվեցին ադրբեջանցիներ) միմյանց հետ ինչպես համակեցության, այնպես էլ բախումների և պատերազմների անցյալ ունեն: 1905-1906 թթ. հայ-թաթարական բախումները չեն շրջանցել նաև այսօրվա Տավուշի շրջանը: Հայերն ու մուսուլմանները, որոնց տավուշցիները միշտ կոչել են թուրքեր, պատերազմել են նաև 1918-1920 թթ., երբ կարճ ժամանակով գոյատևեցին Հայաստանի Առաջին Հանրապետությունն ու Մուսավաթական Ադրբեջանը:
Հենց որ փլուզվեց ԽՍՀՄ-ը, հայերն ու ադրբեջանցիները կրկին ներքաշվեցին պատերազմի մեջ Արցախում և Հայաստան-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով: Ավելին, դեռ չէր բռնկվել Արցախյան շարժումը, երբ 1984-ի աշնանը խոշոր միջադեպ գրանցվեց հայ-ադրբեջանական սահմանի Դովեղ-Քեմեռլի հատվածում: Խորհրդային մամուլը շրջանցեց այդ բախումները. ազգամիջյան խնդիրների մասին գրելը տաբու էր:
Դովեղին պատկանող շուրջ 1800 հեկտար անտառը իրականում օգտագործում էին ադրբեջանցիները: Դովեղի անտառների աղբյուրներից ջուր տանելու նպատակով ադրբեջանցիները ջրատար էին կառուցել։ Դա այնպիսի լարվածություն էր առաջ բերել, որ Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը Մոսկվայում հանդիպել էր Ադրբեջանի առաջնորդ Քյամրան Բաղիրովի հետ և պայմանավորվել, որ ջրատարի հարցը տեղում ուսումնասիրվի: Հայկական և ադրբեջանական կողմերից պատասխանատուներ էին նշականվել երկու հանրապետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալները:
Հարցը կարգավորելու նպատակով Վլադիմիր Մովսիսյանը և նրա ադրբեջանցի գործընկերը հանդիպում են Իջևանում, ապա Նոյեմբերյանով հասնում Դովեղի անտառներ: Նրանց ուղեկցում էին նաև տեղական պաշտոնյաները: Ադրբեջանցիները հարձակվեցին հայերի վրա՝ մարմնական վնասվածքներ հասցնելով Մովսիսյանին ու նրան ուղեկցող մյուս հայերին: Նրանց տեղափոխեցին Քեմեռլի և փորձեցին ստիպեցել թուղթ ստորագրել տալ, որով կհրաժարվեին անտառներից: Իրադրության հանդարտեցումից հետո Մովսիսյանին և նրան ուղեկցող մյուս հայերին թույլ տվեցին հեռանալ: Այդ ընթացքում Դովեղում և ամբողջ Նոյեմբերյանում լուր տարածվեց, որ «թուրքերը Մովսիսյանին ու մյուս հայերին սպանում են»: Գյուղացիները վերցրեցին իրենց որսորդական զենքերը և շարժվեցին դեպի Քեմեռլի: Արյունալի թվացող բախումը կանխվեց:
Այս միջադեպի արձագանքը հասավ մինչև Մոսկվա: Խորհրդային Միության առաջնորդներից Եգոր Լիգաչովը Մովսիսյանին հրավիրեց Մոսկվա` մանրամասների մասին տեղեկանալու նպատակով:
Դովեղում արձանագրված միջադեպից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվում է վարչական սահմանների հստակեցում՝ Նոյեմբերյանից մինչև Մեղրի: Ընդունվում է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Հաստատվում է, որ Դովեղի անտառները, արոտավայրեր Սիսիանում, Բերդի շրջանի Թաղիլար գյուղի տարածքը, 7-րդ դարի Ոսկեպարի եկեղեցին և այլ տարածքներ, ընդհանուր առմամբ` գրեթե 15 հազար հեկտար, պատկանում են Խորհրդային Հայաստանին:
Այսպիսով, նախքան 1988-ի Արցախյան շարժումը, հայ-ադրբեջանական թշնամություն կար Նոյեմբերյան-Ղազախ հատվածում: Ավելին, Արցախյան պատերազմը դեռ չէր սկսվել, երբ 1990-ի գարնանն ու ամռանը տասնյակ զոհերով ու վիրավորներով հայ-ադրբեջանական բախումներ արձանագրվեցին Նոյեմբերյան-Ղազախ հատվածում: Հայերը նվաճեցին Ղազախի շրջանի յոթ ադրբեջանական գյուղեր (Յուխարը Ասկիպարա, Աշաղը Ասկիպարա, Բարխուդարլի, Սոֆուլու, Բաղանիս-Այրում, Խեյրիմլի, Գըզըլհաջիլի), որոնք սեպի նման խրվել էին Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների մեջ:
Խորհրդային տարիներին հանրապետությունների քարտեզը այնպես էր գծվել, որ մեկը մյուսում, կղզյակների ձևով, ունեին տարածքներ: Այսպես, Ղազախի շրջանը Նոյեմբերյանի և Իջևանի շրջաններում ուներ երեք այդպիսի կղզյակներ, որտեղ և գտնվում էին այդ գյուղերից մի քանիսը: Ավելին, Երևան-Թբիլիսի մայրուղու Իջևան-Նոյեմբերյան հատվածի մի մասն անցնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքով կամ նրան մոտ տեղանքով:
Այսօր արդեն ճանապարհն անցնում է վարչականորեն Հայաստանին պատկանող տարածքներով, ճիշտ է, որոշ հատվածներում այնպիսի տեղանքով, որը հակառակորդը կարող է գնդակոծել: Մինչև 2000-ական թվականների կեսերը ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի տրամադրած միջոցներով կառուցվեց մոտ 8 կիլոմետրանոց նոր ճանապարհ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս հատվածում: Նախկին ավելի կարճ՝ Կիրանց-Ոսկեպար-Բաղանիս երեք կիլոմետրանոց հատվածն անցնում էր Խորհրդային Ադրբեջանի տարածքով:
Լուսանկարներ
Դովեղ գյուղը
Զաքարյանների իշխանությունը 13-րդ դարում և 14-րդ դարի սկզբին
Տավուշի մարզի տարածքը Վրաց-իմերեթական, ապա Թիֆլիսի նահանգի կազմում
Վլադիմիր Մովսիսյանը
Դովեղ գյուղը՝ նկարված անտառների կողմից
Լիգաչովը և Գորբաչովը
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Տեսարան Նոյեմբերյանից
Քըրք Քրքորյանը
Նախորդ հատվածը կարդալ՝ https://www.aniarc.am/2015/09/05/kazakh-agstafa-tovush-regions/
Այս տարվա փետրվարին Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը պատրաստել է 50 էջանոց համապարփակ զեկույց Տավուշի մարզի մասին, որը կարող եք կարդալ այս հասցեում՝ https://www.aniarc.am/2015/02/11/special-report-tavush-armenian-border-ani/