«Ազդակ». Հայկական ուսումնասիրությունների կենտրոն

937

Սփյուռքի պատմությունը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հոլովույթը, համայնքների, ավանդական կուսակցությունների, կրոնական հարանվանությունների անցյալն ուսումնասիրելու հարցում կարևորագույն աղբյուրի, անգամ սկզբնաղբյուրի դեր են կատարելու մոլորակի տարբեր անկյուններում հրատարակված հայկական պարբերականները: Հետևաբար, սփյուռքյան մամուլի պահպանությունը և ուսումնասիրողներին հասու դարձնելը կարևոր է: Ինչպե՞ս փրկել Հալեպի «Գանձասարը», Պոլսի «Ժամանակն» ու «Մարմարան», Թբիլիսիի «Վրաստանը», Թեհրանի «Ալիքը», Լոս Անջելեսի «Ասպարեզը», Բոստոնի «Հայրենիքը» և մեր մյուս պարբերականները, որոնցից մի քանիսն ունեն ավելի քան հարյուր տարվա տպագրության պատմություն:

Բեյրութի «Ազդակ» օրաթերթը, որ այդ պարբերականների շարքում ունի իր ուրույն տեղը և անընդմեջ լույս է տեսնում 1927 թվականից, գտել է հարատևության, միաժամանակ` ուսումնասիրողին հասու լինելու ճանապարհը: Թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանին հանդիպեցինք Լիբանանի մայրաքաղաքի արվարձան Պուրճ Համուտում գտնվող խմբագրատանը:

«Որևէ գիտաշխատողի համար մամուլը անշրջանցելի աղբյուր է,- ասում է նա և շարունակում. Հայկական թեմաները ուսումնասիրող անհատ մարդիկ «Ազդակի» անհրաժեշտությունը զգում էին: Մեզ տալիս էին հարցեր, ցանկություն էին հայտնում մեր արխիվը թերթատել: Նկատեցի, որ հին համարները թերթատելը պետք է արգելել, քանի որ թուղթը ուղղակի փչանում էր: Փոխարենը, մտածեցի թերթի գրեթե 90-ամյա արխիվը ամբողջությամբ թվայնացնելու հնարավորության մասին»:

Գանտահարյանն իր մտադրության մասին տեղյակ է պահում գիրը և գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը գնահատող լիբանանահայ բարերարներին: Նրանցից Սարգիս Պուտագյանը պատրաստակամություն է հայտնում խմբագրատան շենքում Մամուլի ուսումնասիրության կենտրոն հիմնադրել: «Երբ այդ ծրագրի անհրաժեշտությունը ներկայացրի Պուտագյանին, նա շատ արագ համաձայնվեց: Նա նախ կրկին հիմնովին վերանորոգեց խմբագրատունը, ապա սենյակներից մեկը վերածվեց Մամուլի ուսումնասիրության կենտրոնի, որը կրում է նրա ողջ հորեղբոր` Ժիրայր Պուտագյանի անունը: Թերթի հիմնադրման 80-ամյակի նախօրեին Պուտագյանը, ի հիշատակ իր հոր` հայ առաքելական եկեղեցու նվիրյալներից Մինաս Պուտագյանի, վերանորոգել էր խմբագրատունը»,- իր հարմարավետ աշխատասենյակում պատմում է Գանտահարյանը:

Մամուլի ուսումնասիրության կենտրոնի լիարժեք աշխատանքի համար նախ պետք էր «Ազդակի» գրեթե 90-ամյա արխիվը թվայնացնել: Այդ աշխատանքները արդեն մոտեցել են ավարտին: Զուգահեռաբար, կենտրոնում թվայնացվել են նաև Բաղդադում լույս տեսած «Գոյամարտ» պարբերականը և ամերիկահայ անգլիատառ The Armenian Review հանդեսը: Առաջիկայում կսկսվի հայկական մամուլի կարևորագույն պարբերականներից «Հայրենիք» ամսագրի թվայնացումը:

«Ազդակը», «Գոյամարտը», The Armenian Review-ն, ինչպես նաև Մամուլի ուսումնասիրության կենտրոնում հետագայում թվայնացվելիք պարբերականները հասու կլինեն և կենտրոնում` «Ազդակի» խմբագրատանը, և համացանցի վրա: «Մենք թվայնացված տարբերակները դեռևս չենք հրապարակայնացրել, մտածում ենք` կամ պիտի վաճառենք, կամ կոդավորված ձևով տեղադրենք համացանցում: Անշուշտ, ուսումնասիրողները կարող են գալ և աշխատել այստեղ` Մամուլի ուսումնասիրության կենտրոնում: Մի քանի ամսից աշխատանքները կավարտենք և հավանաբար փետրվարին կկազմակերպենք շնորհանդես: Նախատեսում ենք հրավիրել հայկական տարբեր արխիվային կենտրոնների պատասխանատուների, որպեսզի համահայկական հնչեղություն տանք և արժևորենք արված գործը: Հայ մամուլի պատմության մեջ սա կարևոր երևույթ է լինելու»,- ասում է Գանտահարյանը:

Թերթի գլխավոր խմբագիրն ասում է, որ Մամուլի ուսումնասիրության կենտրոնում հնարավորություն ունեն թվայնացնել ոչ միայն տարբեր երկրներում պահպանված մամուլի հավաքածուները, այլև ընտանեկան արխիվներ, ձեռագրեր, հնատիպ այլ հրատարակություններ, լուսանկարներ: Այս ճանապարհով «Ազդակը» փորձելու է եկամուտ ապահովել և շարունակել թերթի անխափան ընթացքը:

Ընդհանրապես, «Ազդակը» ոչ միայն խմբագրատուն է, այլ հաստատություն ու հայագիտական կենտրոն: «Ազդակն» ունի իր սեփական տպարանը, որտեղ տպագրվում են թերթի ամենօրյա համարներն ու տարեկան բացառիկ հատորները, որոնցից մեկը նվիրված է լինում տարվա կարևորագույն իրադարձությունների ամփոփմանը, երկրորդը` Ապրիլ 24-ին:

Թերթի հիմնադրման 85-ամյակի առիթով մեկ այլ բարերարի` Գաբրիել Չեմբերջյանի նվիրատվությամբ, խմբագրատանը կից կառուցվեց «Փյունիկ» ընդարձակ սրահը, որտեղ կազմակերպվում են գիտաժողովներ, կոնֆերանսներ, սեմինարներ, մամուլի լսարաններ, ցուցահանդեսներ և տեղական ու համահայկական նշանակությամբ այլ միջոցառումներ: Այսպես, «Ազդակը» օրաթերթից բացի, դարձել է հաստատություն և հայագիտական կենտրոն, որտեղ հրավիրվում և դասախոսություններ են կարդում լրագրողներ, պատմաբաններ, հայագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ Սփյուռքի տարբեր վայրերից, Հայաստանից և Արցախից:

Թաթուլ Հակոբյան

Լիբանան