Հուլիսի 18-19-ին Լիբանանում մասնակցությամբ և առաջնորդությամբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի կկայանա մյուռոնօրհնության արարողություն, իսկ Բիքֆայայում տեղի կունենա Նահատակների հրապարակի բացումը: Ջբեյլում նախատեսվում է Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի բացումը:
Անթիլիասում հայ եկեղեցականները Արամ Վեհափառի մասնակցությամբ նախապատրաստվում են մյուռոնօրհնությանը:
Սրբալույս մյուռոնի օրհնությունը Հայ առաքելական եկեղեցու մեծաշուք տոնակատարություններից է: Մյուռոնօրհնությունը վերապահված է միայն կաթողիկոսներին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության՝ Անթիլիասում հաստատվելուց հետո, առաջին անգամ մյուռոն օրհնվել է 1936 թվականի մարտ 29-ին Բաբկեն աթոռակից կաթողիկոսի ձեռամբ:
Ըստ ԱԶԴԱԿ թերթի (14 ապրիլ, 1965), Անթիլիասում երկրորդ անգամ մյուռոնօրհնության արարողություն կատարվել է 1948 թվականի մայիս 16-ին Գարեգին Ա. կաթողիկոսի ձեռամբ:
Մյուռոնօրհնության երրորդ արարողությունը տեղի է ունեցել 1957 թվականի հոկտեմբերի 13-ին Զարեհ Ա. կաթողիկոսի ձեռամբ
Չորրորդ անգամ մյուռոնօրհնության արարողություն տեղի է ունեցել Խորեն Ա. կաթողիկոսի ձեռամբ 1965 թվականի մայիսի 30-ին:
Բիքֆայայում Նահատակների հրապարակի, իսկ Ջբեյլում Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի կառուցման աշխատանքներին առատաձեռն նվիրատվությամբ մասնակցել է Ալեքքո Պէզիկեանը Շվեյցարիայից:
Լուսանկարները՝ Մարգար Թումաեանի
Վերջին լուսանկարը՝ Թաթուլ Հակոբյանի



















