Ադոլֆ Հիտլերի Mein Kampf-ը՝ հայերենով. գինը 30 հազար դրամ

6617

Երեւանի գրախանութներում օրերս հայտնվել է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» («Mein Kampf») գիրքը, գրում է “Հայկական ժամանակ” օրաթերթը հուլիսի 2-ի համարում:

Առաջին անգամ է, որ Հիտլերի այս գրվածքը թարգմանվում է հայերեն եւ գրքի տեսքով հայտնվում գրախանութներում՝ ազատ վաճառքում:

Գինը բավական թանկ է՝ մոտ 30 հազար դրամ: Սակայն հաշվի առնելով տպագրության որակը, փոքր շուկան եւ վաճառքի ակնկալվող համեստ ծավալները՝ նման գինը տնտեսապես արդարացված է:

Պետք է նկատել, որ սա այնքան էլ սովորական իրադարձություն չէ: «Mein Kampf»-ը թարգմանվել է աշխարհի շատ ու շատ լեզուներով, ունեցել բազմաթիվ հրատարակումներ եւ համարվում է ամենաշատ վաճառվող գրքերից մեկը աշխարհում:

Դրա հետ մեկտեղ՝ շատ ու շատ երկրներում այդ գրքի վաճառքը պարբերաբար արգելվում է՝ ֆաշիստական գաղափարների քարոզչությունը կանխելու նկատառումներով: Բայց որեւէ գիրք արգելելը, մանավանդ ժողովրդավարական երկրներում, այնքան էլ հեշտ չէ: Սովորաբար՝ նման նախաձեռնությամբ հանդես են գալիս տեղական հրեական կազմակերպությունները, որոնք բավական երկար ժամանակ պայքարելով՝ հասնում են դատական կարգով գրքի վաճառքը արգելելու որոշման: Սակայն այդ ընթացքում գիրքը վաճառվում է հսկայական տպաքանակներով:

Թերեւս, «արգելված պտուղը քաղցր է» հոգեբանությունն է «Mein Kampf»-ը դարձնում պահանջված ստեղծագործություն: Տասնամյակների փորձը ցույց տվեց, որ «Mein Kampf»-ը այնքան էլ մեծ դեր չի խաղում ֆաշիզմի գաղափարների տարածման տեսակետից: Մանավանդ՝ վերջին երկու տասնամյակում համացանցի աննկարագրելի ընդլայնման պայմաններում, երբ Հիտլերի հեղինակած ստեղծագործությունները տարբեր լեզուներով գտնելը ամենեւին էլ դժվար չէ, ֆաշիզմի գրավչությունը աշխարհում, ըստ էության, չաճեց:

Փոխարենը՝ թափ հավաքեցին այնպիսի կործանարար ու ոչ պակաս արյունարբու «գաղափարախոսություններ», որոնք իրենց հիմքում դնում են ամենեւին էլ չարգելված, նույնիսկ՝ քարոզվող գրականություն, առաջին հերթին՝ կրոնական: Ինչպիսի՞ պահանջարկ եւ ճակատագիր կունենա «Mein Kampf»-ը Հայաստանում՝ առայժմ դժվար է ասել: Բացառված չէ, որ հետագայում դրա վաճառքը մեզ մոտ եւս արգելվի: Բայց հայ ընթերցողի համար այն այլեւս «արգելված պտուղ չէ», եւ դժվար չէ համոզվել, որ դրանում ոչ մի «քաղցր» բան չկա: