Ալեքքօ Եւ Անի Պեզիքեանները` Հայ Քոյրերի, Հայ Աղջիկների, Հայ Կարիքաւորների, Հայ Մարդու Կողքին

2012

Երեւանում Բացուեց «Անի Պեզիքեան» Երիտասարդական Կենտրոնը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

aros-017

Խմբավար Ռոբերտ Մլքէեանը ժպիտը դէմքին` ստացած վարդերի փունջը դրեց սեղանին եւ բեմ հրաւիրեց քոյր Արուսեակին:

– Եթէ Հայաստանում քոյր Արուսեակի նման տասը մարդ լինէր, մենք կ՛ապրէինք այլ Հայաստանում,- դիմելով հանդիսատեսին յայտարարեց խմբավարը, ապա վարդերի փունջը մեկնեց նրան:

Քոյր Արուսեակը «Տիրամայր Հայաստանի» «Պօղոսեան» կրթահամալիրի պատասխանատուն է: Գիւմրիում գտնուող այս կրթահամալիրում սովորում են ծնողազուրկ, լքուած, անապահով ընտանիքների երեխաներ:

Քոյր Արուսեակը վարդերը բաժանեց «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի աղջիկներին, որոնց արհեստավարժ կատարումը ոգեւորել ու անակնկալի էր բերել հանդիսատեսին: Այս երգչախմբի աղջիկները ծնողազուրկ եւ կամ անապահով ընտանիքների զաւակներ են: Այս աղջիկների մայրը քոյր Արուսեակն է: Այս երգչախմբին ու այս աղջիկներին ոտքի են կանգնեցրել Ալեքքօ եւ Անի Պեզիքեան ամուսինները:

Երգչախումբը տասը տարեկան է: Այս ընթացքում համերգներ է ունեցել Հայաստանի տարբեր բեմերում, շրջագայել Ֆրանսայում, Զուիցերիայում, Պելճիքայում, Լիբանանում եւ Իտալիայում: Վատիկանում մասնակցել է Հռոմի պապի ապրիլի 12-ին մատուցած սուրբ պատարագին` Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին նուիրուած միջոցառումների շրջանակներում:

aros-035Յունիսի 13-ի երեկոյեան Կոմիտասի անուան սենեկային երաժշտութեան տանը կայացած «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի համերգը (գեղարուեստական ղեկավար եւ խմբավար` Ռոբերտ Մլքէեան)` ի պատիւ բարերարներ Ալեքքօ եւ Անի Պեզիքեանների էր:

Համերգի ծրագրում հնչեցին` Կոմիտաս, Սայաթ Նովա, Պրամս, Շուպերթ եւ այլ նշանաւորների կատարումներ: Չընդմիջուող ծափահարութիւններով եւ «պրաւօ»-ներով համերգն աւարտուեց Ռոբերտ Ամիրխանեանի «Երազ իմ երկիր հայրենի» անմահ կատարումով:

Ալեքքօ եւ Անի Պեզիքեանների բարեսիրական գործունէութիւնը տասնամեակներ ի վեր տարածւում է Հայաստանում եւ սփիւռքում: Նրանք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան խոշոր նուիրատուներից են: Սպիտակի երկրաշարժն ու հայ մարդու նկատմամբ հոգատարութեան ներքին մղումը նրանց բերեց Հայաստան: Ապա Հայաստանը անկախացաւ, եւ Պեզիքեանները իրենց բարեգործութիւնը շարունակեցին արդէն անկախ հայրենիքում: Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ Պեզիքեան ամուսինները ստացել են կաթոլիկ կրթութիւն եւ ի երախտագիտութիւն` նրանց բարեգործութիւնը Հայաստանում ուղղւում է նաեւ հայ կաթոլիկ հաստատութիւններին:

aros-024

Յունիսի 13-ին Երեւանի Թիֆլիսեան խճուղի 19 հասցէում տեղի ունեցաւ «Անի Պեզիքեան» երիտասարդական նորակառոյց կենտրոնի բացումը, որի շինարարութիւնը եւ կահաւորումը առատաձեռն նուիրատուութեամբ հոգացել են Պեզիքեան ամուսինները: Այս նախաձեռնութեան մտայղացումը Անարատ յղութեան հայ քոյրերի միաբանութեանն է եւ առաջին հերթին` քոյր Արուսեակինը:

Այս կենտրոնը, որպէս կացարան, ծառայելու է Գիւմրիի «Պօղոսեան» կրթահամալիրի սաներին, ովքեր սովորում են մայրաքաղաքի տարբեր համալսարաններում, ինչպէս նաեւ` Գիւմրիի կարիքաւոր ընտանիքների աղջիկներին, ովքեր ընդունուել են տարբեր համալսարաններ, եւ որոնց ծնողները ի վիճակի չեն հոգալու նրանց կեցութեան ծախսերը:

Բարերար Ալեքքօ Պեզիքեանը բացման արարողութեան իր հակիրճ խօսքում ասաց, որ կենտրոնն իր բոլոր յարմարութիւնները եւ հնարաւորութիւնները կը ծառայեցնի օրինակելի քրիստոնեայ եւ ազգային դաստիարակութեամբ հայ օրիորդներ եւ ապագայ մայրեր դաստիարակելու համար: «Այս կենտրոնում պէտք է բնակուեն այն ուսանողները, որոնք նիւթական դժուարութիւնների մէջ են, նրանք, ովքեր ծնողազուրկ են եւ հասել են համալսարան յաճախելու տարիքին», ասաց նա:

Այս կենտրոնը կացարան եւ տանիք է դառնալու այն ուսանողների համար, որոնք կը ցուցաբերեն գերազանց առաջադիմութիւն:

«Մենք անցեալից ունենք Սպիտակի երկրաշարժի ծնողազուրկ երեխաների փորձառութիւնը: 350 երեխաներից մենք զատել էինք 42-ին, որպէսզի նրանք յաճախեն համալսարան: Բաւական դժուարութիւններով մենք հոգացինք նրանց համալսարանի ծախսերը` բնակարան, սնունդ: Այն ժամանակուանից գաղափար յղացաւ, որ պէտք է ունենաք կենտրոն, որը օճախ կը դառնայ մարզերից Երեւանում ուսանող անապահով, ծնողազուրկ աղջիկների համար: Այս ծրագիրը նախատեսել ենք 40 աղջիկների համար: Յուսամ, որ մի օր էլ նրանք ծառայեն ուրիշների յաջողութեան համար», ասաց Ալեքքօ Պեզիքեանը` յաւելելով, որ իրենց համար չկայ որեւէ խտրականութիւն հայ ազգի տարբեր յարանուանութիւնների պատկանող հայորդիների միջեւ:

Բացման արարողութեանը մասնակցելու էին եկել` Հայաստանում Միացեալ Նահանգների եւ Լիբանանի դեսպաններ Ռիչարտ Միլսն ու Ժան Մաքարոնը, Իտալիոյ դեսպանը` Ճովաննի Ռիչուլլին, Հայաստանի սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, Հռոմի պապ Ֆրանչիսկոս Առաջինի, Հայ Կաթողիկէ եկեղեցիների կաթողիկոս-պատրիարք Ներսէս-Պետրոս ԺԹ-ի պատուիրակները, Հայաստանի Կաթողիկէ եկեղեցու առաջնորդ Ռաֆայէլ արք. Մինասեանը, Հայ Առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցիների հոգեւոր հայրեր, կրօնական, հասարակական, մշակութային գործիչներ, սփիւռքահայ բազմաթիւ հիւրեր:

Բացման խօսք ասաց քոյր Արուսեակը: Կարմիր ժապաւէնը կտրելու պատիւը տրուեց տէր եւ տիկին Ալեքքօ եւ Անի Պեզիքեաններին ու նրանց Անի թոռնուհուն, Ռաֆայէլ արք. Մինասեանին եւ Մարեկ արք. Սոլչինսկուն: Ապա կատարուեց խորանի օծում: Շնորհակալութեան խօսք ասաց Ալեքքօ Պեզիքեանը:

Ներկայումս կենտրոնում ապրում է հինգ սան, որոնց միանալու են եւս 17 աղջիկներ: Կենտրոնի նպատակը ոչ միայն ծնողազուրկ եւ անապահով ընտանիքների աղջիկներին կացարանով ապահովելն է, այլեւ` նրանց սովորեցնել կեանքի հմտութիւններ, որպէսզի նրանք դառնան ինքնաբաւ քաղաքացիներ, ասում է քոյր Արուսեակը:

Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը գնահատանքի խօսք ուղղելով Պեզիքեան ընտանիքին` ասաց, որ այս նախաձեռնութիւնը իրական հայրենասիրութեան, բարեգործութեան եւ հոգեւոր միասնականութեան հրաշալի օրինակ է:

Պեզիքեանների թոռնուհին` փոքրիկն Անին, խոստացաւ հետեւել իր մեծ հօր, մեծ մօր եւ իր ծնողների առած քայլերին եւ հետագայում, երբ մեծանայ, անել նոյնը, ինչը արել է իր ընտանիքը:

«Անի Պեզիքեան» երիտասարդական կենտրոնի հիմնադրումը սփիւռք-հայրենիք կապի փայլուն օրինակ է», ասաց նախարար Յակոբեանը:

«Անի Պեզիքեան» երիտասարդական կենտրոնի բացման արարողութեան ընթացքում Ալեքքօ Պեզիքեանը ներկաներին հրաւիրեց Լիբանան, որտեղ գալիք յուլիսի 18-19 տեղի կ՛ունենայ Հայոց ցեղասպանութեան որբերի թանգարանի, իսկ Պիքֆայայում`  Նահատակների հրապարակի բացումը:

«Այդ օրերին կը կայանան նաեւ միւռոնօրհնէք եւ զանազան այլ ծրագրեր: Հպարտութեամբ կարող եմ ասել, որ այդ ծրագրերին մենք բերել ենք մեր մասնակցութիւնը», ասաց Ալեքքօ Պեզիքեանը:

ԱԶԴԱԿ, 19 Յունիս, 2015թ., http://www.aztagdaily.com/archives/245489