Ահմեթ Սևեր. Շատերը դեմ էին, բայց Գյուլը մեկնեց Երևան

1172

Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին գիրք հրատարակած Ահմեթ Սևերը, որը նախկինում եղել է նրա գլխավոր խորհրդականը, CNN-ի թուրքական ծառայության հեռուստաեթերում նշել է, որ Գյուլի համոզմամբ հայկական, քրդական և կիպրական հարցերն ամենից կարևորն ու օրակարգայինն էին Թուրքիայի համար: Գյուլը կարծել է, որ այդ չլուծված հարցերը աստիճանաբար դեպի քայքայման են տանում, իսկ ահա դրանց լուծումը վստահաբար ազատ ճանապարհ կբացի Թուրքիայի համար:

Սևերը պատմել է, որ  նախկին նախագահը համարում էր, թե «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Հայաստան կատարած այցի շնորհիվ կարող է հեռանկար ստեղծվել երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման համար:

«Շատերը դեմ արտահայտվեցին նրա մեկնելուն, փորձեցին հետ պահել այդ քայլից: Արտաքին քաղաքական գերատեսչությունը չէր ցանկանում, որ Գյուլը Հայաստան մեկնի: Մտահոգություններ կային թե անվտանգության և թե Ադրբեջանի հետ հարաբերություններին վնաս հասցնելու առումով: Բայց նա ասաց՝ ես կգնամ»:

Սևերը պատմել է նաև, որ այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլի խորհրդականներից մեկին ասել է, որ զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ  Իլքեր Բաշբուղն էլ է դեմ Գյուլի Հայաստան մեկնելուն:

«Բայց նույնիսկ մենակ մնալով՝  Գյուլը մեկնեց: Եվ դա բացեց դեպի արձանագրություններ տանող ճանապարհը»,- ընդգծել է Գյուլի նախկին խորհրդականը:

Հիշեցնենք, Ահմեթ Սևերը  հեղինակել է «12 տարի Աբդուլահ Գյուլի հետ» գիրք, որչտեղ ներկայացվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում եղած վեճերը, խմորումները, անհամաձայնությունները:  Հայտնի է, որ գիրքն ընթերցել և հավանության է արժանացրել անձամբ ինքը՝ Աբդուլլահ Գյուլը:

Աղբյուր`  Ermenihaber.am