Զօրավար Անդրանիկ. երևանյան կանգառ

1508

Չնայած Զորավար Անդրանիկը Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության շուրջ 1000 օրերին (1918 մայիս-1920 դեկտեմբեր/1921 ապրիլ) մեկ տարի շրջեց Հայաստանում, սակայն այդպես էլ չմտավ մայրաքաղաք Երևան:

Այս մասին հիշեցրեց լրագրող, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը՝ ներկայացնելով “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” գիրք-օրագրությունը:

Շնորհանդես-դասախոսությունը կայացավ այսօր, հունիսի 10-ին, ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում: Եղիշե Քաջունու այս օրագրությունը, որը առաջին անգամ տպագրվել է 1921-ին Բոստոնում, նոր հրատարակության է պատրաստել ԱՆԻ կենտրոնը: Գրքի տպագրության ծախսերը հոգացել է ՏԱՇԻՐ բարեգործական հիմնադրամը, հատորը լույս է տեսել ԼՈՒՍԱԿՆ տպարանից:

“Զօրավար Անդրանիկ” վերահրատարակված հատորի առաջին շնորհանդեսը երկու օր առաջ՝ հունիսի 8-ին, կազմակերպվել էր Գյումրիում: Հենց այս քաղաքում 1918-ի գարնանը կազմավորվեց Հայկական առանձին հարվածող զորամասը, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկը: Զորամասը, որ կազմված էր շուրջ 1.500 արևմտահայերից, իր առաջին զորահանդեսը անցկացրեց Գյումրիում, որը այն ժամանակ կոչվում էր Ալեքսանդրապոլ:

Գրքի խմբագիր և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց օրագրությունը և այն ճանապարհը, որ մեկ տարվա ընթացքում անցավ զորավարը իր շուրջ 1500 զինվորների և ավելի քան 20 հազար արևմտահայ գաղթականության հետ:

Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։ Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։

Հակոբյանը ներկաներին պատմեց, որ զորավարը անընդունելի էր համարում 1918-ի հունիսի 4-ին կնքված հայ-թուրքական պայմանագիրը, որով Հայաստանը հռչակվում էր ընդամենը 10 հազար քառակուսի կիլոմետրի վրա: Անդրանիկը համարում էր, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծվել է թուրքի ձեռքով: Մինչդեռ Անդրանիկի կռիվը հենց թուրքի դեմ էր: Այդ պատճառով, 1918-ի հունիսին նա որոշեց հասնել Բաղդադ և միանալ բրիտանացիներին՝ այն ժամանակվա Հայաստանի և հայ ժողովրդի դաշնակիցներին:

Անցնելով Արաքսը, նա հանդիպեց թուրքական զորքերին, կռվի բռնվեց, տվեց մի քանի տասնյակ զոհ և ստիպված հետ անցավ Արաքսի ձախ ափը: Նա զորքի և գաղթականության հետ տեղավորվեց Նախիջևանի հայկական գյուղերում: Այդ ժամանակ Արցախից պատվիրակություն եկավ և զորավարին խնդրեց արշավել դեպի Շուշի: Այսպես, Անդրանիկը շարժվեց դեպի Գորիս, ճեղքեց քուրդ-մահմեդական արգելը շարժվում էր դեպի Շուշի, երբ բրիտանացիների հորդորներին ականջալուր, դադարեցրեց հաղթական ընթացքը:

Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն Եղիշե Քաջունու այս օրագրությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը: Զորավարը իր զինվորների և շուրջ 20.000 արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քաջարան-Կապան-Գորիս-Բերձոր (Աբդալլար)-Գորիս-Սիսիան-Արարարտ (Դավալու)-Մասիս-Էջմիածին ճանապարհը։

Անդրանիկը և իր զորքը կարևոր դեր կատարեցին Զանգեզուրը Հայաստանի մաս պահելու գործում։ Բրիտանացիները, ովքեր մինչև 1919-ի վերջերը իշխում էին Անդրկովկասում, որոշել էին Զանգեզուր-Արցախը կցել Ադրբեջանին, փոխարենը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը առաջարկում էին Նախիջևանն ու Կարսը, ասաց Հակոբյանը։

Այս գրքի վերահրատարակությունը նվեր է զորավարի 150-ամյակին: Հայաստանում 2015-ը անվանվել է Անդրանիկի տարի։ 150 տարի առաջ՝ 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին Գարահիսարում ծնվել է զորավարը: