Ուրֆա. 100-Ամեայ Տարելիցին` Աքսորի Ճանապարհին

4300

Ուրֆայում «մուսուլմանացուած հայերից» լսում եմ իրենց պատմութիւնները: Մէկը մեքենայում աշխատանքի գնալիս ամէն օր հայերէն երգեր է լսում: Սակայն այն պահին, երբ մտնում է իր աշխատավայրի վարչական սահմանները, երգը թուրքերէն է դառնում: Ասում է` «Ստիպուած եմ». «Պաշտօնեայ եմ, եթէ հասկանան, որ հայ եմ, ի՞նչ եմ անելու»: Նրա աղջիկը 2 հատ Էմ. Փի.3 նուագարկիչ ունի: Մէկի մէջ հայերէն երգեր են, որոնք տանն է լսում, իսկ միւսի մէջ` թուրքերէն երգեր, որոնք դպրոց գնալիս է լսում…

Գալիս եմ այն վայրը, որն Այնթապից յետոյ այս ճանապարհորդութեան ընթացքում գուցէ ինձ ամենաշատն է ճնշում: Աքսորի ճանապարհին ընկած Տէր Զօրին նախորդող վերջին կանգառում եմ` Ուրֆայում:

Վաղ առաւօտեան ճանապարհ եմ ընկնում դէպի առաջին կանգառս: Կամուրջ գիւղն է, որի անունով կոչւում է նաեւ IMC հեռուստակայանի իմ ծրագիրը… Թուրքերէն անուանումը Կերմուշ է, ներկայում յիշատակւում է նաեւ որպէս Տաղէթեղի:

Ուրֆայից 10 քմ հեռաւորութեան վրայ գտնուող այս գիւղը ժամանակին Մետաքսի ճանապարհի կարեւոր առեւտրական կենտրոններից է եղել: Հայերի հեռանալուց յետոյ արաբներով բնակեցուած այս գիւղում այժմ եկեղեցուց եւ երկու հին տնից բացի` ոչինչ չկայ…

Գիւղը TOKI-ի (Հանրային շինութիւնների կառավարման վարչութիւն) կառուցած նոր շէնքերի կողքին է: TOKI-ի «գերեզման» տները պարտադրուել են գիւղից քաղաք մտնելու համար: Միակ խոչընդոտն էլ յուշարձանների խորհրդի կողմից պահպանութեան տարածք յայտարարուած այս եկեղեցին է:

«Ռեսմի Կազեթէ»-ի 2001 թ. հոկտեմբերի 23-ի 28093 համարում հրատարակուած որոշման համաձայն, այս գիւղը մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան պահպանութեան տակ է: Հին գրառումներում այս վայրը որպէս քաղաք է յիշատակւում: 19-րդ դարի վերջում Կամուրջ գիւղում 400 տուն հայ է ապրել: Գիւղի միջով հոսում է 3 գետ, որոնք յիշատակւում են Դշխուհի ջուր, Թագուհի ջուր եւ Սուրբ Գէորգի ջուր անուններով: Գիւղի Սուրբ Աստուածածին (1881) եւ Սուրբ Թադէոս եկեղեցիներից երկրորդը գործել է նաեւ որպէս մենաստան: Գիւղում եղել է նաեւ մէկ դպրոց, որն ունեցել է 115-120 աշակերտ:

Գիւղի շրջակայքում նաեւ մէկ այլ մենաստան եւ մատուռի աւերակներ կան: Ըստ պատմութիւնների, գիւղը հիմնել է Արշամի որդի Աբգար թագաւորը, ինչը բաւականին տրամաբանական է, քանի որ Պալըքլը լճի յետեւում գտնուող հսկայական ամրոցը նոյնպէս հայոց Աբգար թագաւորի կողմից է կառուցուել:

Նախարարութեան Պահպանութիւնը Հաւասարազօր Է Եկեղեցու Ախոռի Վերածուելուն

Գիւղում այժմ միակ կանգուն եկեղեցին Սուրբ Աստուածածինն է: Ներս մտնելու համար թփուտների միջով անցնելիս գանձեր որոնողների փորած հսկայական փոսն եմ ընկնում:

Իսկ երբ ներս եմ մտնում, անտանելի մէզի հոտը քթիս է խփում:

Ուրֆայի կիզիչ արեւից պաշտպանելու համար ներսում կապուած աւանակներն անհանգստանում են իմ ներկայութիւնից: Ճանճերը` նոյնպէս…

Իսկ ես մտադիր եմ նկարել հսկայ եկեղեցու (գուցէ նաեւ մենաստանի) ներսը…

Գիւղացիներից մի քանիսը Սիրիայից եկած արաբ ընտանիքներ են: Ասում են` քաղաքից հեռու` հէնց այստեղ են թաքնւում: Հին հայկական տները, նախքան նրանց գալը, վաղուց փորուած են եղել:

Իսկ եկեղեցուց քիչ առաջ գտնուող մէկ այլ կրօնական կառոյցն այժմ օգտագործւում է որպէս GSI-ի (Grand Sport Injection) պահեստ: Մեր վարորդն անգամ ասում է`«Անխիղճնե՜ր»: Սակայն նրա մտադրութիւնն իրականում Սիրիայից եկածներին մեղադրելն է:

Ցեղասպանութեան երթուղով որքան մօտենում ենք Տէր Զօրին, այնքան սաստկանում են ցաւերը:

Իսկ ես լռում եմ…

«Հայ Լինելու Համար Քրիստոնեայ Լինելը Պարտադի՞ր Է»

Կենտրոն վերադառնալիս` իմ յետեւից են գալիս եղբայրներս ատըյամանցի ընկերոջս` Սատըք Պաքըրճըօղլուի հետ, ով ասել էր` «Անպայման հանդիպիր»:

Նորից թէյախմութիւն, յետոյ` սուրճ… Մի խանութից միւսն եմ վազվզում:

Մարդիկ, որոնց հետ ծանօթացնելիս ասում էին`  «Սա էլ է ձեր բարեկամներից», ինձ իրենց հայ պապերի, տատերի պատմածն էին պատմում: Ջարդերի պատմութիւններ… Խեղդւում եմ յիշողութիւնների ու ապրումների մէջ:

Ամբողջ օրն առաջին եւ երկրորդ սերունդներից լսում եմ նախադասութիւնների կրկնութիւններ, որ չեմ ցանկանում փոխանցել ու խեղդել նաեւ ձեզ: Լսում եմ 40-98 տարեկան «մուսուլմանացուած հայերից», որոնց անունները ձեզ չեմ հաղորդելու: Սակայն այս անգամ շատ տարբեր է, շատ աւելի ցաւոտ…

Մենք` Թուրքիայում բնակուող հայերս, սփիւռքին միշտ հետեւեալն ենք ասել` «Դուք գնացիք, մենք մնացինք»: Մնալով` հիմա ականատես եմ լինում մուսուլման հանդիսացողների այսօրուայ, այո՛, այսօրուայ, այժմեայ, այս պահի ապրումներին…

«Արտասահմանից լրագրողներ են գալիս: Հարցնում են` «Նորից քրիստոնեայ կը դառնա՞ք»: Ինչպէ՞ս լինեմ: Ես այս կրօնով եմ մեծացել: Սակայն հայ եմ: Դուք գալիս էք, մեզ հետ խօսում գնում էք, յետոյ մենք այստեղ միայնակ ենք մնում», ասում է նրանցից մէկը:

Իրաւացի է…

Ա. Ք.-ն ամէն օր մեքենայով աշխատանքի գնալիս հայերէն երգ է լսում, սակայն այն պահին, երբ մտնում է աշխատավայրի վարչական սահմանները, երգը թուրքերէն է դառնում:

Ստիպուած է փոխել:

Ասում է. «Ես պաշտօնեայ եմ, եթէ հասկանան, որ հայ եմ, ի՞նչ եմ անելու»:

Երկար լռութիւն…

Նրա գլխաշորով կինը, ղուրանի դասընթացների գնացող աղջիկը եւ տղան գիտեն եւ ընդունում են այս իրականութիւնը:

Ըմբռնումով են մօտենում:

Նրա աղջիկը 2 հատ Էմ. Փի. 3 նուագարկիչ ունի: Մէկի մէջ հայերէն երգեր են, որոնք տանն է լսում, իսկ միւսի մէջ` թուրքերէն երգեր, որոնք դպրոց գնալիս է լսում…

Մօտ ազգականներից բացի` իրենց ինքնութեան մասին ոչ ոք չգիտի:

«Նամազ Անելիս` Նաեւ 1915 Թ. Մահացածների Համար Եմ Աղօթում»

Միասին երկար ժամանակ ենք անցկացնում մի ընկերոջս հետ, որի անունը չեմ տայ: Իւրաքանչիւր լսածս պատմութիւնն իմ վրայ նոյնպէս պատասխանատուութիւն է դնում: Փախչել եմ ուզում, սակայն չեմ էլ կարողանում փախչել: Այսքան կենդանի ականատեսներից Ցեղասպանութեան այսչափ յուշեր լսելն ինձ շատ է ճնշում:

Ուրֆայի ամենայայտնի մզկիթներից մէկում` Ֆըրֆըրլը մզկիթում շրջելիս ինձ պատմում է, որ այս վայրը` հին անուանմամբ Ֆըրֆըրլը եկեղեցին, մօտակայքում կոտորուածների եւ 1915թ. Տախաքհանէի բնակիչների դիակները նետելու տեղ է եղել:

Յաջորդ օրը մէկ անգամ եւս միայնակ զբօսնում եմ Ուրֆայի այն պատմական վայրերով, որտեղ շրջել էի ընկերներիս հետ: Որպէսզի կարողանամ խօսել արհեստաւորի հետ: Երբ միայնակ Տապաքհանէի մեծ աղբիւրի մօտ եմ գալիս, իմ ներկայութիւնից բաւականին դժգոհ մէկն ասում է` «Այստեղից ամիսներ շարունակ արիւն է հոսել»:

Մուսուլման հայ ընկերոջս պատմածներն աչքիս առաջ` շրջում եմ եկեղեցում. «Ամէն ամիս աշխատավայրի աշխատակիցների հետ ուրբաթօրեայ նամազին եմ գնում: Ամէն նամազ անելիս աղօթում եմ մեզ փրկածների համար: Միաժամանակ` նաեւ կոտորուած մեր նախնիների համար»:

Կողքիս գտնուողները չեն հասկանում, որ ուզում եմ, որքան հնարաւոր է, շուտ դուրս գալ Ֆըրֆըրլը եկեղեցուց: Սակայն Ա. Ք.-ն հասկանում է` «Եկէք` գնանք»…

Փափոր Փողոց-Թափոր Փողոց

Ամէն փողոցում, ամէն անկիւնում հայի հետք է: Հայոց Աբգար թագաւորի կառուցած ամրոցի ստուերում` Ուրֆայի յայտնի Պալըքլըկէօլի եւ դրա դիմաց 50 տարի առաջուայ եկեղեցու թաղամասի փողոցներում եմ:

Սուրբ Գէորգ եկեղեցին հիմա Սալահէտտին Էյուպի մզկիթ է, Մարիամ Աստուածածին եկեղեցի հիմա Հալիլ՛ուր Ռահման մզկիթ է… Իսկ ասորական եկեղեցին մշակութային կենտրոն է դարձել: Թուրքական արուեստի, երաժշտութեան փորձերին ենք ականատես լինում: Մեզ թոյլ են տալիս լսել առաջին երգը: Մակամները պատարագների նման գեղեցիկ են…

Զառիվերը, որը Պալըքլը լճի դիմաց է, եւ որտեղ գտնւում է Մարիամ Աստուածածին եկեղեցին, հնում հայկական գերեզմանոց է եղել: Յետոյ պողոտայ անցկացնելու համար գերեզմանոցը վերացուել է, իսկ եկեղեցում որոշ ժամանակ գոլորշիով ելեկտրականութիւն ստանալու սարքաւորումներ են տեղադրուել: Սա էլ պատճառ է դարձել, որ շէնքը խոնաւութիւնից ներսից ու դրսից աւերուի: Հետագայում վերանորոգուած շէնքն այժմ որպէս մզկիթ է ծառայում: Այն վայրը, որտեղ գտնւում են թաղամասի բնակիչների գերեզմանները, յիշատակւում է որպէս «փափոր»: Այն հոգեւորականների տների փողոցի միւս կողմում է: Հայ հոգեւորականները ցանկացել են, որ պատարագից յետոյ այն պահակախումբ ունեցող ժողովրդի եւ հոգեւորականի տուն դառնայ: Սրան էլ «Թափոր» են կոչում: Յայտնի չէ` արդեօք ձայնային առնմանութիւ՞ն է, թէ՞ ոչ, սակայն «փափոր» փողոց դեռ կայ:

Շարժւում ենք եկեղեցուց վերեւ գտնուող մէկ ուրիշ եկեղեցի: Հայկական թաղամասի հին տները վերանորոգուել են, շահագործման յանձնուել որպէս խանութ-հիւրանոցներ: Դրանցից մէկը` Էլչի հիւրանոցը, պատկանում է Ռասթկելտի ընտանիքին: Կառավարիչը մեզ թոյլ է տալիս շրջել այնտեղ: Քանի որ ժամանակ չունէի, յետոյ թէյի շուրջ երկար զրուցելու խոստում տալով` հեռանում եմ: Երբ մի պահ մտածում եմ «իրենց հետ խօսել հայկական աղբիւրներում Ուրֆայում յայտնի Ռասթկելտեան ընտանիքի մասին», «ընկերներիցս» մէկն ինձ այնպէս է նայում, կարծես ասում է` «Կարիք չկայ»:

Հայերը Ուրֆայի Քաղաքային Թանգարանում

Մեր վերջին կանգառը քաղաքային թանգարանն է: Ուրֆայի այս նորակառոյց թանգարանում, ինչպէս եւ քաղաքում է, հայերի գոյութիւնը չի թաքցւում: Մի երկրում, որտեղ «Անիի» աւերակները «Անը» են կոչւում, բոլորովին տարօրինակ չէ, որ թանգարանում մէկ բառ անգամ չի ասւում եկեղեցիների եւ հայ Աբգար թագաւորի մասին: Թանգարանում նշւում է հայերի աւանդը քաղաքի ճարտարապետութեան մէջ եւ ընկերային կեանքում: Բացի այդ, շեշտւում է, որ Ուրֆայում հրատարակուող թերթերին հայերԷն յաւելուածներ են տրուել: Թանգարանը կառուցուած է քաղաքի Պէյ Քափըսըում` Մահմուտօղլու աշտարակում: Իսկ աշտարակի գագաթին հայերէն գրութիւն կայ:

Այս քաղաքում հայկական կառոյցները ստիպուած չեն թաքնուել:

Մզկիթների դռներին բաւականին պարզորոշ գրուած է, որ հին եկեղեցիներ են եղել:

Սակայն մարդիկ դեռ ստիպուած են թաքցնել իրենց ազգային ինքնութիւնը…

ԱՐԻՍ ՆԱԼՃԸ, «Ռատիքալ», թարգմանեց` ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ, «Ակունք»

ԱԶԴԱԿ, 22 մայիս, 2015, http://www.aztagdaily.com/archives/241417

Նկարում՝  Ուրֆայում մզկիթի վերածված հայկական եկեղեցի