Հիշի՛ր, Տեր, այս ազգի տառապանքը և օրհնի՛ր Հայաստանը. Հռոմի պապ, 2001

2754

Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության, առաջին հերթին` կաթոլիկ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2001թ. սեպտեմբերին` Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապի Հայաստան այցելության օրերին: Սեպտեմբերի 26-ի առավոտյան, մինչ Հռոմի պապը Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ և երկու եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ կայցելեր Ծիծեռնակաբերդի բարձունք` հարգանքի տուրք մատուցելու 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հուշահամալիրում էր շանսոնյե Շառլ Ազնավուրը: Երբ Հռոմի պապն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը մոտեցան անմար կրակին, աշխարհահռչակ հայազգի երգիչը հանպատրաստից կատարած “Ավե Մարիա” երգով ցնցեց ներկաներին:

Հուշակոթողի մոտ հավաքված բազմության մեջ լսվեցին ողբի ձայներ, երբ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 81-ամյա պապը, դանդաղ, աստիճաններով իջնելով` կարմիր վարդ դրեց անմար կրակի մոտ` աղոթք հղեց առ Աստված` անմեղ զոհերի հոգիների հանգստության համար, ապա Գարեգին Բ-ի հետ ձեռք-ձեռքի վեր բարձրացավ: Հռոմի պապի և Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ կայացավ հոգեհանգստյան արարողություն:

“Ով դատավոր ողջերի և մեռյալների, լսիր ողբը, որ բարձրանում է այս վայրից` Մեծ եղեռնի վիհերից, կոչը մեռյալների, անմեղ արյան աղաղակը, որ աղերսում է Աբելի արյան պես: Ինչպես Ռաքելը, որ լալիս է իր որդիների համար, որովհետև  այլևս չկան, լսիր, ով Տեր, Հռոմի եպիսկոպոսի ձայնը, որ արձագանքում է իր նախորդներից մեկի` Բենեդիկտոս 15-րդի աղաչանքին, որը 1915-ին ձայն բարձրացրեց ի պաշտպանություն ծանրորեն վշտահար ու բնաջնջման շեմին հասած հայ ժողովրդի: Նայիր այս երկրի ժողովրդին, որ այսքան երկար ժամանակից ի վեր իր վստահությունը քո վրա դրեց, որ անցավ մեծ տանջանքների միջով և քո հանդեպ հավատարմության մեջ երբեք չթերացավ: Ննջեցյալների համար հայցում ենք հանգիստ` խաղաղության մեջ, որ անվախճան է: Տեր, ողորմեա, Քրիստոս, ողորմեա, Տեր, ողորմեա”,- աղոթեց սրբազան քահանայապետը:

Անգլերենով կարդացած աղոթքում պապը ՙՄեծ Եղեռն՚-ը արտասանեց հայերեն` խուսափելով “ցեղասպանություն” բառի անգլերեն համարժեքը օգտագործելուց: 2000թ. նոյեմբերին Վատիկանում Հովհաննես Պողոս Բ պապի և Գարեգին Բ  Ամենայն Հայոց կաթողիկոսի ստորագրած համատեղ հայտարարության մեջ օգտագործվել էր “ցեղասպանություն” բառը, ինչի դեմ Թուրքիան բողոքել էր:

Հովհաննես Պողոս Բ պապը դիտեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցանմուշները: Նա թանգարանին նվիրեց Հռոմի պապ Բենեդիկտոս 15-րդի նկարը և այն նամակի բնօրինակը, որ վերջինս 1915թ. սեպտեմբերին գրել էր Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ Ե-ին: Նամակում գրված է, որ Հռոմի պապը լուր է ստացել, որ  Արևմտյան Հայաստանի գյուղերի ու քաղաքների ամբողջ բնակչությանը պարտադրվում է թողնել իրենց տները` աներևակայելի տանջանքներով ու չարչարանքներով ուղարկելու հեռավոր արգելափակման վայրերը, որտեղ նրանք ենթարկվելու են բարոյական և ամենասոսկալի նյութական թշվառության ու տանջանքների: Մուհամեդ 5-րդից պապը խնդրել է գթալ հայ ժողովրդին և միջամտել նրանց համար:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում պապի անունից տնկվեց եղևնի, որի ցուցատախտակին գրված է. “Հիշի՛ր, Տեր, այս ազգի որդիների տառապանքը և օրհնի՛ր Հայաստանը”:

Հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից