Իրական ՀՀԿ-ն և նրա իրական պատմությունը

3024

Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քաղաքական գործունեության մի շարք առանցքային դրվագներ բացակայում են այս կազմակերպության պաշտոնական կայքում դրված տեղեկատվությունից (Կուսակցության պատմությունը, http://www.hhk.am/hy/history/):

Յուրաքանչյուր կուսակցություն և կազմակերպություն փորձում է վերաշարադրել պատմությունը իրեն ձեռնտու լույսի տակ և սերունդներին ներկայանալ հնարավորինս մաքուր և անաղարտ: Դրանից չի խուսափել նաև ՀՀԿ-ն՝ իր գործունեության 25 տարիները ներկայացնելով բացառապես դրական գույներով, իրեն վերագրելով շատ ավելի մեծ դերակատարություն ու փառք, քան իրականում ունեցել է այս կուսակցությունը, հատկապես մինչև 1998-ի իշխանափոխությունը, երբ կուսակցությունը ուներ մի քանի հարյուր անդամ և համագործակցում էր ՀՀՇ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

ՀՀԿ-ն իր անցած պատմությունը վերաշարադրելիս, գիտակցաբար կամ թյուրիմացաբար, բաց է թողել մի շարք կարևորագույն իրադարձություններ:

Իր պաշտոնական կայքում ՀՀԿ-ն չի հիշատակել հետևյալ կարևորագույն փաստերը՝

Առաջին՝ ՀՀԿ-ն չի հիշատակել, որ մասնակցել է Հայաստանում կայացած առաջին՝ 1991-ի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով՝ ի դեմ Աշոտ Նավասարդյանի: Այդ ընտրություններին մասնակցել է վեց թեկնածու: Առաջին փուլով հաղթել է ՀՀՇ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ քվեների ավելի քան 83 տոկոսով: Աշոտ Նավասարդյանը զբաղեցրել է վերջին՝ վեցերորդ տեղը, ստանալով քվեների 0.16 տոկոսը:

Անշուշտ, ՀՀԿ-ն պարտավորված չէ իր պատմության մեջ գրել, որ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններում հաղթել է Տեր-Պետրոսյանը: Սակայն անհասկանալի է, թե ինչու չի գրվել, որ կուսակցությունը իր առաջնորդի թեկնածությամբ մասնակցել է նորանկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրություններին:

Երկրորդ, ՀՀԿ-ն պաշտոնական պատմություն բաժնում չի հիշատակել, որ Հայաստանի նախագահական երկրորդ ընտրություններում, որոնք կայացել են 1996-ի սեպտեմբերին, աջակցել և պաշտպանել է այն ժամանակ գործող նախագահ Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Այդ մասին հիշատակված է կուսակցության համագումարներին վերաբերող փաստաթղթերի բաժնում միայն:

ՀՀԿ-ն փորձում է իր պատմությունից ջնջել 1990-1998 թվականների այն պահերը, երբ համագործակցում էր ՀՀՇ-ի հետ, սատարում Տեր-Պետրոսյանին: Ավելորդ չէ հիշեցնել, որ նույն այդ տարիներին ՀՀԿ-ի այսօրվա նախագահը՝ Սերժ Սարգսյանը, եղել է ՀՀՇ անդամ (ավելի վաղ նա եղել է կոմունիստ, և այդ մասին գրված է Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ, սակայն ջնջված է, որ Սարգսյանը եղել է ՀՀՇ-ական) կամ լիովին սատարել ու աջակցել է Տեր-Պետրոսյանին:

Ի դեպ, ՀՀԿ-ն Հայաստանում գործող միակ կուսակցությունն է, որը իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում՝ 25 տարիների ընթացքում, երբեք չի եղել ընդդիմություն: ՀՀԿ-ն միշտ եղել է իշխանություն կամ իշխանության մաս:

1994-ին, երբ Տեր-Պետրոսյանը կասեցրեց ՀՅԴ-ն, Հանրապետականը այն ուժերից էր, որ հատուկ հայտարարությամբ պաշտպանեց Տեր-Պետրոսյանի այդ որոշումը:

Լուսանկարում. ձախից աջ՝ Աշոտ Նավասարդյան, Գագիկ Մինասյան, Անդրանիկ Մարգարյան