Աշոտ Նավասարդյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին

5470

Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պաշտոնական կայքում՝ կազմակերպության պատմության հատվածում  (http://www.hhk.am/hy/history/) միտումնավոր կամ անուշադրության պատճառով բացակայում է 1996 թվականը: ՀՀԿ-ն, որ մեկ տարի առաջ՝ 1995-ին,  ՀՀՇ-ի շնորհիվ մուտք էր գործել խորհրդարան Հանրապետություն դաշինքի կազմում, 1996-ի նախագահական աղմկահարույց ընտրություններում պաշտպանել է Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանը (մահացել է 1997-ին) մի հարցազրույցում բացատրել է, թե ինչու է կուսակցությունը աջակցում Լևոն Տեր-Պետրոսյանին:

– Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում, ասպարեզում եղած թեկնածուների մեջ (Վազգեն Մանուկյան, Սերգեյ Բադալյան, Աշոտ Մանուչարյան-Թ. Հ.) լավագույնը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այն խնդիրները, որոնք դրված են ՀՀԿ-ի առջև, իրենց մի մասով արդեն իսկ իրականացվել են ներկայիս նախագահի կողմից: Իր գործունեության անցած շրջանում նրա կողմից իրականացվել են մեր կուսակցության ծրագրերին համապատասխան մի շարք այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են մեր բնօրրանը հանդիսացող տարածքների մի մասի հայկականացումը, մեր անկախության հռչակումը, պետականության ամրապնդումը և բանակի ստեղծումը… Լևոն Տեր-Պետրոսյանին առաջադրելը մեզ համար առանձնապես կարևոր էր, որովհետև հանրապետության քաղաքական խճանկարում` ազգային իղձերի իրականացման առումով, ամենաառողջն ու ամենասթափը նա է:

                                 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, թիվ 176, 6 սեպտեմբեր, 1996թ.

 Հ. Գ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը ունեցել է չորս նախագահ (երեքը այսօր չկան)՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան և բոլորն էլ, հատկապես Սերժ Սարգսյանը, տարբեր ժամանակներում եղել են Տեր-Պետրոսյանի քաղաքականության ջատագովը: