Գուցե դո՞ւք գնաք Պոլիս

1403

Հայաստանը, Հայաստանի նախագահը և Հայոց ցեղասպանության հարցը համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կիզակետում կհայտնվեն, եթե 2015 թվականի ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանը մի քանի ժամով մեկնի Պոլիս, որտեղ այդ օրը, վեցերորդ անգամ, Հայդարփաշա կայարանում և Թաքսիմ հրապարակում մի քանի հարյուր, գուցե մի քանի հազար շարքային քաղաքացի` հայեր, թուրքեր, քրդեր, ոգեկոչելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքում ամենից ազդեցիկ, արդարացված և հաշվարկված քայլը կլինի Սերժ Սարգսյանի Պոլիս մեկնելը:

Ով էլ որ ընտրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում այս տարվա օգոստոսին կայանալիք ընտրություններում, Երևան չի գա: Եթե Սերժ Սարգսյանին և նրա վատ խորհրդատուներին թվում է, թե Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելը հանճարեղ քայլ է, նրանք չարաչար սխալվում են:

Նախ, որևէ երկրի նախագահի կամ պաշտոնյայի պետք չէ հրավիրել Երևան, որպեսզի նա մասնակցի 100-րդ տարելից ոգեկոչման արարողություններին: Դա համահայկական տոն չէ: Դա համահայկական սուգ է: Իսկ սուգին չեն հրավիրում: Այո, տեղեկացնում են օրը, ժամը, վայրը, բայց չեն հրավիրում: Մանավանդ Թուրքիայի նախագահին: Ու մանավանդ Երևան: Ու մանավանդ՝ առերեսվելու:

Ամենախորհրդանշական վայրը Հայդարփաշա կայարանն է , որտեղից 1915թ. ապրիլին Այաշի, Չանքըրըի ու այլ սպանդանոցների ճամփորդության ուղարկվեց արևմտահայ մտավորականությունը: Առանց «Շարմ»-ի ու PR-ի, առանց ամպագոռգոռ հայտարարությունների, պետք է վեր կենալ ու գնալ Պոլիս: Կանգնել այնտեղ հավաքված հայերի, թուրքերի ու քրդերի շարքերում, մի ձեռքին պահել Վարուժանի նկարը, մյուս ձեռքում` մի մոմ:

Թուրքիայի նախագահին հրավիրելը պարապ գործ է:

Այնուամենայնիվ, եթե ուզում եք (ո՞վ չի ուզում), որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները բռնեն Ծիծեռնակաբերդի բարձունքի դժվար ճամփան, մի փունջ ծաղիկ դնեն ու գլուխ խոնարհեն մեկուկես միլիոն նահատակների հիշատակին, ապա դա կարելի է մեկ այլ օր էլ առաջարկել:

2008-ի սեպտեմբերի 6-ին Աբդուլլահ Գյուլը Երևանում էր: Միասին ֆուտբոլ էիք դիտում: Ծիծեռնակաբերդի բարձունքն էլ հեռու չէր: Առաջարկե՞լ եք միասին գնալ: Եթե այո, ապա ի՞նչ պատասխան եք ստացել Ձեր «խիզախ» թուրք պաշտոնակցից (չակերտներում նշված բառը Դուք եք օգտագործել):

2009-ի ապրիլին նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանն էր Երևանում: Հայաստանի թիվ մեկ դիվանագետը առաջարկե՞ց իր թուրք գործընկերոջը բարձրանալ Ծիծեռնակաբերդ: 2013-ի դեկտեմբերին արտգործնախարար Ահմեդ Դովութօղլուն էր Երևանում: Գուցե նրա՞ն առաջարկվեր:

Ու հիմա, երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ամենացածր կետի վրա են, ցավոք հայ և թուրք դիվանագետներն ու պաշտոնյաներն անգամ միմյանց հասցեին դիվանագիտական կոռեկտ բառապաշար չեն օգտագործում, Թուրքիայի նախագահին հրավիրելը անկեղծ չի ընկալվելու՝ ո՛չ Թուրքիայում, ո՛չ միջազգայնորեն: Անգամ` Հայաստանում, չհաշված պաշտոնական քարոզչությունը և պաշտոնական թուրքագետներին:

Ճիշտը Ձեր Պոլիս մեկնելն է: Հայդարփաշա կայարան: 2015-ի ապրիլի 24-ին: Դա կլինի անսխալ քայլ: Նաև` արդարացված, խիզախ, հուզիչ:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը լույս է տեսել ՍիվիլՆեթի կայքում՝ 2014թ օգոստոսի 28-ին